«Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի» երկրորդ ակցիան կմեկնարկի այս ուրբաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2010 10:25

«Հայկական ֆլեշմոբ դիվիզիան» նախաձեռնում է երկրորդ հավաքը, որը կկայանա հունիսի 11-ին Կասկադի այգում: «Հավաքվում ենք Ա. Թամանյանի արձանի շրջակայքում` ժամը 19:30-ին, ապա լուռ ու մունջ, եւ առանց միմյանց հետ խոսելու բացում ենք մեր հետ բերած գրքերն ու սկսում կարդալ: 15 րոպե ամենատարբեր դիրքերով եւ ամենատարբեր տեղերում նստած կամ կանգնած կարդալուց հետո նորից լուռ ու մունջ, առանց միմյանց հետ խոսելու ցրվում ենք ամենատարբեր ուղղություններով: Նպատակն է` ցույց տալ, որ հայերը ամենագրքասեր ազգն են աշխարհում»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասաց ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Սուքիասյանը հավելելով, որ իրենք ակնկալում են մոտ 500 մասնակցի ներկայություն:Նշենք, որ «Հայկական ֆլեշմոբ դիվիզիան» հիմնադրվել է 2010 թ.-ի փետրվարի 20-ին մի խումբ երիտասարդների կողմից:

Առաջին ակցիան տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 22-ին՝ նվիրված Մեծ Եղեռնի 95-ամյակին. նախաձեռնության մասնակիցները, անսպասելի հավաքվելով Շ. Ազնավուրի հրապարակում, ֆլեշմոբ են արել ու նույնքան անսպասելի էլ հեռացել: «Հայաստանում նմանատիպ ակցիա տեղի է ունեցել 2007 թ. մարտի 11-ին «Սկսել ա»-ի կողմից, որը, ըստ երեւույթին, ֆլեշմոբ չի եղել: Մոտ 10-15 հոգով հավաքվել են Ա. Խաչատրյանի արձանի դիմաց, եւ սկսել բարձրաձայն թերթ կարդալ»,-պատմեց Արմեն Սուքիասյանը: Հունիսի վերջում պատրաստ կլինի նաեւ դիվիզիայի էլեկտրոնային կայքը, իսկ մինչ այդ խումբը պլանավորում է եւս երեք ֆլեշմոբ իրականացնել: «Ֆլեշմոբ». Անգլերեն` flash-բռնկում, կայծակ, եւ mob-ամբոխ:

Հայերեն բառացի թարգմանությամբ՝ «կայծակնային ամբոխ» կամ` «կայծնամբոխ»: Ֆլեշմոբը նախորոք պլանավորված միջոցառում է, որի ընթացքում մարդկանց մի մեծ խումբ անսպասելի հայտնվում է որեւէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում նախորոք պայմանավորված աբսուրդ գործողություններ, ապա` արագ ցրվում, կարծեք ոչինչ էլ չի պատահել: Ֆլեշմոբը դուրս է կրոնից, քաղաքականությունից, տնտեսությունից:

Ի դեպ` կան հստակ կանոններ, որոնք չի կարելի խախտել ֆլեշմոբ կազմակերպելիս: Օրինակ` ոչ-մի մասնակից չի վարձատրվում, գործողությունը պետք է լինի հանկարծակի, մինչեւ ակցիան` մասնակիցները չեն հավաքվում գործողությունների վայրում, բոլորը պետք է հստակ կատարեն իրենց գործողությունները եւ ճիշտ ժամանակին, պետք է այնպիսի տպավորություն լինի, որ իրենք`մասնակիցները, նույնպիսի պատահական անցորդներ են, ինչպես բոլորը, սցենարը պետք է ունենա աբսուրդային բովանդակություն եւ այլն: Ըստ Վիկիպեդիա էլեկտրոնային կայքի` պատմության մեջ առաջին ֆլեշմոբերից է եղել «բարձերով կռիվը», որը, մեծ ընդունելություն գտնելով, հետագայում դարձել է առանձին «մշակույթ»: Նույնիսկ այսօր կան ակումբներ, որոնք նախատեսված են «բարձերով կռվի» համար, իսկ 2008 թ. մարտի 22-ին կայացել է «Բարձերով կռվելու օր» զանգվածային ակցիան:

Դիտվել է 1781 անգամ:
Print Friendly

Leave a Reply