Հ Հ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությունը Ազգային ժողովի հունիսի 8-ի նիստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2010 20:39

2 շաբաթ առաջ այցելել եմ մանկատների 12 աղջիկ շրջանավարտներով բնակեցված Քանաքեռի ՙԾիածան՚ տուն եւ Աբովյանում 2009 թվականի հուլիսին շահագործման հանձնված, ավելի շատ ավերակ հիշեցնող նորակառույց, որի 18 բնակարանները տրված են տարբեր տարիների տարբեր մանկատների 18 շրջանավարտների:

Քանաքեռի տան տանիքը վնասված է, որի հետեւանքով որոշ սենյակների պատեր անտանելի թաց են, շարքից դուրս է եկել տաք ջրի համակարգը, բաղնիքը:

Անկողինները քրջերի կույտեր են հիշեցնում, տարիներով սպիտակեղեն չեն ստացել: Աղջիկներից մեկը գրանցում չունենալու պատճառով` հաշմանդամության թոշակ չի ստանում, ոչ մեկը գրանցված չեն եւ չեն օգտվում իրենց սահմանադրական իրավունքներից:

Աղջիկներից 4-ն են աշխատում, այն էլ ապօրինի, նրանց հետ աշխատանքային պայմանագիր չեն կնքում: Ապրում են կիսասոված պայմաններում:

Ասացին, որ Աբովյանի տան կառուցողների նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց իրենց ընտանիքների կողմից լքված, քանդված տարածք ստացած այս երիտասարդներին ի±նչ օգուտ դրանից: Նրանց հետագա ճակատագրով զբաղվելու նպատակով` բյուջեով նախատեսված միջոցները տնօրինում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը:

2009 թվականի պետական բյուջեում, ինչպես տեղեկացրել է համապատասխան վարչության պետ Լալա Ղազարյանը, ՙՊետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին՚ ծրագրով նրանց կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ հոգեբանական ծառայություններ մատուցելու համար նախատեսված է եղել 37.5 մլն. դրամ:

Ըստ նույն տեղեկանքի` 2003-2006 թվականներին վերոնշյալ ծրագիրն իրականացրել է ՙԺողովրդավարական ֆորում՚ հ/կ-ն, իսկ 2006-ից` ՀՕՄ-ը: Տեղեկանքին կից աղյուսակից հայտնի է դառնում, որ 37.5 մլն. դրամի 7մլնը խնայվել է երիտասարդների առողջության, մասնագիտական կողմնորոշման, սոցիալական պայմանները բարելավելու հաշվին:

Իսկ ՙԾրագրի իրականացման ապահովման համակարգման աշխատանքների ծախսեր՚ բաղադրիչը կատարվել է 100 տոկոսով,որը, ինչպես տեսաք, ամբողջ գումարի 53տոկոսն է:

Ակնհայտ է, որ մանկատների շրջանավարտների համար բյուջեով նախատեսված գումարները տարիներ շարունակ ամբողջությամբ չեն ծախսվում նրանց նվազագույն կարիքների ապահովման վրա, եւ այն զզվելի պաշտոնյաները, ովքեր, մարդկային խիղճը կորցրած, այդ երեխաների դրամներով են հարստանում, չեն պատժվում օրենքով:

Այսպիսի փաստերը 2009 թվականի տարեկան բյուջեի հաշվետվության մեջ բազմաթիվ են: Ոլորտները ստանձնած քաղաքական ուժերը պետք է բացատրություն տան, թե ինչ է արվում այդ ուղղությամբ:

Իսկ Կառավարությունը պարտավոր է արմատական քայլեր կատարել սոցիալական պետության կերտման եւ սոցիալական արդարության արմատավորման ուղղությամբ, որը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության պահանջն է:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply