Միր Հոսեյն Մուսավին և Լևոն Տեր-Պետրոսյանը. ընդհանրություններ և տարբերություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2009 12:04

levonterpetrosyanԱրված համեմատություններն ամենևին էլ չեն վերաբերում Իրանի ու Հայաստանի քաղաքական համակարգի ինստիտուտներին, էլիտայի ապօրինություններին, կառավարման համակարգին ու վարչաձևին, որոնք անհամեմատ տարբեր են: Վերլուծության են ենթարկվում ընդամենը ընտրական գործընթացի փուլերը, այլ ոչ դրանց ուղեկցող համատարած ընտրակեղծիքները, որոնք մեծապես բնորոշ են երկու երկրներին:

Եվ այսպես. դերակատարները երկուսն են, Հայաստանում` Լևոն
Տեր-Պետրոսյանը, Իրանում` Միր Հոսեյն Մուսավին:

1-Տեր-Պետրոսյանը դե ֆակտո անհետացել էր հայաստանյան քաղաքական կյանքից վերջին տասը տարիներին, Մուսավին` Իրանում` քսան տարի: Երկուսն էլ ունեն պատմա-բանասիրական կրթություն, եղել են իշխանությունում, մեկը` որպես նախագահ, մյուսը` որպես նախկին արտգործնախարար ու վարչապետ: Մուսավին 1978-ին ուսանողական վիզայով մեկնել էր ԱՄՆ` շահի տապալումը նախապատրաստելու համար: Տեր-Պետրոսյանն էլ մեկնել էր Մոսկվա մինչև համաժողովրդական շարժման սկիզբը:

2-Թե’ Հայաստանում, թե’ Իրանում գործող իշխանություններից ու քաղաքական ընտրանու վերարտադրումից դժգոհ զանգվածները մեծ էին, ապացույցը` Մուսավիի օգտին տրված 13 մլն քվեն, Տեր-Պետրոսյանի դեպքում` մոտ 400 հազար քվեն:

3-Որպես նախագահի թեկնածու` երկու գործիչներն էլ մինչև ընտրությունները հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվելու են, հնարավոր չէ արդար պայքար մղել գործող կոռումպացված ու կեղծարար ռեժիմների դեմ: Այդպիսով նրանք իրենց ընտրազանգվածի մեջ սերմանեցին ու հաստատեցին այն միտքը, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, ընտրազանգվածն էլ համակերպվեց այն մտքին, որ ընտրական գործընթացի ավարտից հետո պետք է մտնեն բուն խաղի մեջ` բոյկոտ, բոյկոտ մինչև վերջ:

4-Երկու գործիչներն էլ օգտագործեցին հասարակության պառակտման սեփական բանաձևը. Հայաստանում հասարակությունը բաժանվեց յուրայինների և թշնամիների, իսկ Իրանում` կարտոֆիլ բաժանողների` հանձին իշխանության, ու ազատ քաղաքացիների` հանձին ընդդիմության:

5- Թշնամական արտահայտությունները հանգեցրին նրան, որ երկու երկրներում էլ տեղի ունեցավ արյունահեղություն. Երևանում և Թեհրանում զոհվեցին անմեղ քաղաքացիներ, երկու թեկնածուներն էլ մեղադրեցին իշխանությանը (այն մասին, որ անզիջում պայքարը հղի էր արյունահեղությամբ, ընդդիմությունը կխոսի միայն իրենց թեկնածուների վերջնական տապալումից հետո):

6-Երկուսն էլ հայտարարեցին պայքարը չդադարող հանրահավաքներով շարունակելու մասին` ապավինելով երիտասարդության ուժին: Թեկնածուները կոչ արեցին 18-30 տարեկան երիտասարդներին ու ուսանողներին լքել համալսարանական լսարանները և դասերն անցկացնել հանրահավաքի հրապարակում: Միակ տարբերությունն այն է, որ իրանցի ուսանողներին բախտը ժպտաց, քանի որ Իրանում ընտրություններն անցկացվեցին ամռան ամիսներին:

7-Հանրահավաքների մասնակիցներին նաև հացիվ սնելու համար երկու ճամբարներում էլ գիշեր-ցերեկ բողոքավորներին ապահովեցին սննդով. երկու թեկնածուներն էլ, բնականաբար, իրենց կողքին ունեին ընտրարշավը հովանավորող օլիգարխներ:

8-Երկու գործիչներն էլ հանրահավաքների ճակատագրական պահին անհետացան բեմահարթակից ու սեփական ընտրազանգվածին մենակ թողեցին իրավապահ մարմինների դեմ:

9-Հայտարարված հեղափոխությունը երկու դեպքում էլ երանգ ուներ. Հայաստանում` պարի, Իրանում` կանաչ: Ի տարբերություն Մոսավիի` Տեր-Պետրոսյանը համեմատաբար ավելի շուտ էր փորձում տապալել իշխանությունը:

musafi10-«Հեղափոխական» պայքարի ամենավճռորոշ փուլում երկու դեպքում էլ խեղաթյուրվեց տեղեկատվությունը, և երկու թեկնածուների ընտրատեխնոլոգները դիմեցին ինֆորմացիոն զեղծարարության: Հայաստանում բողոքական զանգվածի համբերությունը սպառվեց, երբ մարտի 1-ի հանրահավաքում լուր տարածվեց, թե իբր իշխանությունները սպանել են մի անչափահասի, ում կոշիկն էլ մատնացույց անելով` կազմակերպիչներին հաջողվեց բորբոքել զանգվածի ցասումն ու թշնամանք սերմանել սեփական ժողովրդի մյուս հատվածի դեմ: Այդ կեղծ տեղեկություններն արագ տարածվեցին համացանցի միջոցով: Հայաստանում` «Յութուբ»-ի, իսկ Իրանում` «Թուիթեր» կայքի միջոցով: Ի դեպ, հատկանշական է, որ Իրանում ողջ ընտրական պրոցեսի ընթացքում մինչ այդ անհայտ «Թուիթեր»-ը հասավ մեծ հաջողությունների: Հակառակ Իրանի իշխանությունների կողմից իրականացված ինտերնետային սահմանափակումներին` Թեհրանում հավաքված զանգվածները շուրջօրյա sms հաղորդագրություններ էին ստանում նշված կայքից, որտեղ կոչ էր արվում տապալել Մահմուդ Ահմեդինեժադի ռեժիմը` «կանաչ հեղափոխությունը պետք է հաղթի», «ազատություն Իրանի ազատատենչ ժողովրդին»:

11-Հակառակ իշխանությունների կողմից իրականացվող` երկրի տարբեր շրջաններից հանրահավաքների կենտրոն տեղաշարժվելու սահմանափակումներին` հիմնական իրադարձությունները ծավալվում էին մայրաքաղաքներում: Մուսավին հրաժարվում է իր օգտին տված 13 մլն քվեներից ու լուրջ ընտրազանգվածի միջոցով լիբերալ-ժողովրդավարական շարժում ձևավորելուց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց Երևանի ավագանու ընտրություններում իր ղեկավարած դաշինքի ստացած մանդատներից: Ստացվում է` երկուսի համար էլ գլխավորն է` «ամեն ինչ կամ ոչինչ»:

12-Արտաքին քաղաքականության ոլորտում երկու դերակատարներն էլ ունեն հստակ ուղղվածություն: Չհաշված այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի գնահատականներն այնքան էլ չգոհացրին Տեր-Պետրոսյանին, այնուամենայնիվ, նա ներկայանում է որպես արևմտամետ: Մուսավիի դեպքում շեշտադրումները փոխվում են. նա հարուստ «հակաամերիկյան» անցյալ ունի. որպես նախկին հեղափոխական ու Իրանում իսլամական կարգերի հաստատման առաջամարտիկ` Մուսավիի հետ են կապվում իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում ամերիկյան 444 դիվանագետների ձերբակալությունը, Բեյրութում ամերիկյան կոմանդոսների սպանությունը, ԱՄՆ նախագահ Ռեյգանի ժամանակ հայտնի «Իրան-կոնտրա» օպերացիան և այլն: Հատկանշական է, որ այս ընտրություններում Արևմուտքում մոռացան Մուսավիի անցյալը և ողջունեցին նրա գործողություններն ու հայտարարությունները: Մուսավին դատապարտել էր իր հակառակորդ Ահմեդինեժադին, որ հայտարարել էր, թե Հոլոքոստը միֆ է, որից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել էր` «տեսնենք, թե Մուսավին ինչքանով կհամապատասխանեցնի խոսքն ու գործը»: Արևմուտքը Մուսավիին կարեկցելու բոլոր ազդանշանները տվեց դեռ նախընտրական շրջանում: Ամերիկյան մամուլը, անտեսելով սեփական երկրի ու ժողովրդի դեմ Մուսավիի թշնամական անցյալը, հերոսացրեց նրան ու իր առաջին էջերում հեղեղեց նրա ազատատենչական գաղափարները: Այդպես վարվեց նաև իսրայելական մամուլը: Արևմուտքը 2008-2009-ին նույնպիսի վերաբերմունք ցույց տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին` մարդու, ով այդ նույն մամուլի քննադատության թիրախն էր դարձել անցած դարի 90-ականների կեսին` խոսքի ազատությունը խեղդելու ու իշխանությունն ուզուրպացնելու համար:

Եթե Հայաստանում հեղափոխության ալիքը խամրել էր վաղուց, ապա Իրանում դա տեղի ունեցավ հունիսի 29-ին, երբ քվեաթերթիկների ռանդոմային վերահաշվարկի արդյունքում հաստատվեց, որ ընտրակեղծիքները մեծ ազդեցություն չեն ունեցել վերջնական արդյունքների վրա: Քվեների վերահաշվարկի ժամանակ «Մեծ ութնյակ»-ի երկրների ղեկավարների հանդիպմանն Օբաման, տարածաշրջանում խաղաղության մասին խոսելով, արձանագրեց «իրանական խաղ»-ի ավարտը: «Մեծ ութնյակ»-ի ղեկավարները քննարկում էին նաև Աֆղանստանի հարցը, ու Օբաման հասկացավ, որ այդ ու տարածաշրջանի խաղաղության հաստատման գործում Թեհրանի դերն էական է, ու առանց նրա` հնարավոր չէ հասնել հաջողությունների: Իրանն անհրաժեշտ է բոլորին` նաև Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում խաղաղության հասնելու համար, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է լեզու գտնել նրա հետ, այլ ոչ թե գնալ բացահայտ առճակատման:

Վաշինգտոնում հասկացան, որ Թեհրանում իշխանափոխություն կատարելն այնքան էլ հեշտ չէ: Ամերիկյան վարչակազմը չպետք է ժամանակ կորցնի ու իշխանափոխության խաղերի պատճառով հեռանա Իրանի հանդեպ իր քաղաքականության գլխավոր թիրախից` միջուկային ծրագրի սառեցումից:

Հայաստանի մասով Արևմուտքը` մասնավորապես Եվրոպան, հասկացավ, որ իշխանափոխության ալիքն անցավ պատմության գիրկը: Դրա վառ ապացույցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 16/77 բանաձևի ընդունումն էր, որը սատարեց Հայաստանում ժողովրդավարության կոնսոլիդացիային` միաժամանակ երկիրը պահելով սովորական մոնիթորինգի տակ: Այսպիսով, Եվրոպան ընդունեց, որ Հայաստանը կարող է զարգանալ ոչ միայն իշխանափոխությամբ, այլև էվոլուցիոն ճանապարհով` ի հակադրություն ԱՄՆ-ի, որ Հայաստանում իշխանափոխության մեջ շահեր էր փնտրում:

Դիտվել է 2713 անգամ:
Print Friendly

Leave a Reply