Ավստրիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Պաշտոնական, Օրվա լուր | | June 8, 2010 20:14

Հունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլ (Mr. Michael Postl)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորելով դեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի արտգործնախարար Միքայել Շպինդելեգեռի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երեւան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն եւ տեղի է ունենալու գործարար համաժողով:

Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը եւ վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ:

Հանդիպման կադրերը հնարավոր է ձեռք բերել հետեւյալ ինտերնետային կայքից` http://mail.mfa.am/video/video.html:

Տեղեկանք. Մայքլ Փոսթլը ծնվել է 1966 թ. Վիեննայում: 1986-1991թթ. ուսանել է իրավագիտություն Վիեննայի համալսարանում, ստացել է իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճան: 1993թթ. Վիեննայի համալսարանում գիտական թեզ Եվրոպական, սահմանադրական և միջազգային իրավունքից, ստացել է դոկտորի գիտական աստիճան: 1994 թ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԱԳ դաշնային նախարարությունում եւ արտերկրում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2006-2009 թթ.եղել է Ավստրիայի դեսպանը Իրանում: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն եւ պարսկերեն լեզուներին:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply