Մարինե Պետրոսյան. «հայկական հկ-ները հայ հասարակությունում լեգիտիմ չեն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 8, 2010 19:08

Ձախից աջ` Ստեփան Դանիելյան, Գագիկ Հարությունյան, Մարինե Պետրոսյան, Թաթուլ Հակոբյան

Այսօր` «Սիվլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հասարակական կազմակերպություններ. ձեռքբերումներ և ձախողումներ» թեմայով  քննարկման առանցքը 20-ամյա Հայաստանում գործող  հկ-ների գործունեության արդյունավետությունն ու քաղաքացիական հասարակության ձևավորման վրա նրանց ազդեցությունն էր:

Սիվիլթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը բանախոսներին առաջարկեց պարզաբանել, թե ինչու՞ հկ-ները այդքան էլ մոտ կանգնած չեն հասարակությանը, ինչու՞ իշխանությունները հկ-ներին չեն դիտարկում որպես ռեսուրս, որի հետ կարելի է աշխատել և ինչու՞ են մարդիկ միմյանց նկատմամբ այդքան անտարբեր, երբ դրսում մեկին կարող են ծեծել, իսկ ականատեսը շատ հանգիստ կարող է քայլել իր ճանապարհով:

Քննարկման բանախոս, «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասաց, որ  մի քանի տարի առաջ կատարել են հկ-ների գործունեության ուսումնասիրություն ու հանգել այն եզրակացության, որի իմաստը կարելի է ամփոփել մի անգլիական ասացվածքով. «ամեն ինչ կարելի է անել, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դա անում»:

«Մենք եկանք այն եզրակացության, որ Հայաստանում` հասարակության շրջանում ժողովրդականություն վայելում են միայն էկոլոգիական հկ-ները»,- ասաց նա:

Քննարկման մյուս բանախոս, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հկ նախագահ Ստեփան Դանիելյանն ասաց, որ հկ-ների դերը հասարակությունում մեծապես պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքական կուրսով: «Իսկ իշխանությունները վարում են հակահասարակական քաղաքականություն,- ասաց նա,- նրանք սպասարկում են իրենք իրենց: Իսկ այն հկ-երին, որոնք պատրաստ են ծառայելու ժողովրդի շա հերին, իշխանությունները դիտարկում են որպես թշնամի»:

Դանիելյանը շեշտեց, որ իշխանությունները ստեղծում են հկ-ներ, որպեսզի ազդեցություն ունենան ընդհանուր դաշտի վրա: «ՀԿ-ները կարող են դեր ունենալ երկրի զարգացման մեջ, եթե իշխանությունները նպաստում են դրան,-ասաց նա,- իսկ մեր երկրում  դրամաշնորհների 80%-ը ստանում են պետության կողմից ստեղծված հկ-ները: Իսկ իշխանություններն իրենց օրակարգում հասարակությանը ճնշելուց բացի, ուրիշ հարց չունեն»:

Ստեփան Դանիելյանի խոսքով Հայաստանում գրանցված հկ-ների թիվը ստույգ հայտնի չէ, սակայն այն կլինի 1000-ի կարգի:

Քննարկման երրորդ բանախոս, գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանն ասաց, որ հկ-ի շահառուն ֆորմալ առումով հասարակությունն է: «Սակայն հկ-ն լեգիտիմ չէ,- ասաց հրապարակախոսը,- նա իր լեգիտիմության մի մասը ստանում է Հայաստանի իշխանություններից, որոնք հասարակության առաջ հաշվետու չեն, իսկ մյուս մասն էլ դրսից: Եթե կա իքս հկ, որը զբաղվում է մամուլի ազատության հիմնախնդիրներով, նրա նպատակը չէ, որ այդ հարցը լուծվի: Նրա նպատակն է հարցի արծարծումը, որպեսզի թեման շարունակվի»:

Գրողը ավելի հստակեցրեց, որ հկ-ն ոչ թե լուծում է հասարակության առջև ծառացած խնդիրը, այլ թեմա է փնտրում` դրա վրա կազմակերպության գործունեությունը կառուցելու վրա, ուրիշ խոսքով` սկզբից փողը, հետո գործը: «Սակայն պետք է լինի առաջնահերթության հարցը,- ասաց Պետրոսյանը,- իմ կարծիքով փողը չպետք է լինի առաջնահերթը, որովհետև փողը մաքուր չէ, այլ պետք է լինի հասարակությանը հուզող խնդրի լուծումը, որի հիման վրա պետք է դիմել դրամաշնորհներ ստանալու համար»:

Մարինե Պետրոսյանն ասաց, որ լեգիտիմ, այսինքն հասարակության առջև լեգիտիմ հկ-ի սաղմեր է տեսնում Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման  կամ օտար լեզուներով դասավանդվող դպրոցների բացման դեմ ծավալված քաղաքացիական նախաձեռնությունների մեջ, որովհետև այդ խմբի անդամները միանգամայն անկեղծ ու անաահախնդիր նպատակներով արծարծում էին հասակությանը հուզող կոնկրետ խնդիրներ:

Մարինե Պետրոսյանը որևէ հկ-ի անդամ չի և չի եղել. «այդ դեպքում ես կկորցնեմ իմ ազատությունը, որն ինձ համար ամենաթանկն է»:

Սիվիլթաս հիմնադրամը Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ ստեղծել է Civil.am կայքը, որի նպատակն է ստեղծել Հայաստանում գրանցված հկ-ների շտեմարան: Կայքում  արդեն գրանցվել են 100-ից ավել ակտիվ հասարակական կազմակերպություններ

Դիտվել է 3416 անգամ:
Print Friendly

Leave a Reply