Վերահրատարակվել է Հայկական կինոյի կատալոգը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | June 8, 2010 15:33
ՀՀ մշակույթի նախարարության, <<Մեկ ազգ, Մեկ մշակույթ>> հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը ստանձնել և վերահրատարակել է 10-ը տարի առաջ լույս տեսած հայկական կինոյին նվիրված առաջին կատալոգի նորացված, առավել հարստացված տարբերակը /առաջինն ընդգրկում էր 1924-1998 թթ. Հայաստանում ժապավենով նկարահանված ֆիլմերը, ինչը լինելով այն ժամանակ միակը նախկին Խորհրդային Միության երկրների կինոպատմության մեջ, արժանացել է Ռուսասատանի կինոգիլդիայի <<Սպիտակ փիղ>> մրցանակին/։
Վերահրատարակված կատալոգում ճշտվել են ֆիլմերի արտադրության տարեթվերը, տևողությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև ընդգրկվել են մինչև օրս նկարահանված տեսաժապավենով ֆիլմերը։ Նոր հրատարակության մեջ ներառվել է նաև առանձին հավելված, որն ընդգրկում է 2009-ին արտադրված խաղարկային ֆիլմերը։ Ֆիլմերի հեղինակների անվանացանկում, ի տարբերություն նախորդ հրատարակության, այժմ անվանատառերի փոխարեն նշվում են անուններն ամբողջությամբ, որքան որ հնարավորություն են տվել արխիվային ուսումնասիրությունները։ Այս կերպ փորձ է արվել մոռացությունից փրկել հայ կինոարվեստում իրենց ներդրումը բերած բոլոր այդ անունները։
Կատալոգի համար աղբյուր են ծառայել դեռևս 60-ականների սկզբին Դանիել Դզնունու կողմից հավաքված ֆիլմոգրաֆիան, ֆիլմերի մոնտաժային ամփոփագրերն ու տիտրերը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան արխիվային նյութերը, նաև Գրականության և արվեստի թանգարանում պահվող վավերագրերը և այլն։
Երկլեզու կատալոգի (հայերեն, անգլերեն) առաջին հրատարակությունն իրականացվել էր Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: Այս անգամ հանձինս ՀՀ մշակույթի նախարարության` աջակցություն ստանալով պետության կողմից, նորացված կատալոգի աշխատանքներն իրականացվել են ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի տնօրինության և աշխատակազմի կողմից: Կատալոգի գլխավոր խմբագիրներն են Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, աշխատանքներին մասնակցել են նաև կինոգետներ Զավեն Բոյաջյանն ու Վալերի Գասպարյանը, Անահիտ Արփենը (Թադևոսյան), Տաթևիկ Մանուկյանը, թարգմանիչ Ռուզան Ամիրաղյանը:






Facebook
Tweet This
Email This Post
