Հայոց լեզվից 20 է ստացել դիմորդների 0.01 տոկոսը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 8, 2010 13:06
Հայոց լեզու և գրականությունից առավելագույն 20 միավոր վաստակել են 11163 դիմորդներից ընդամենը երկուսը / 0.01 տոկոսը/, իսկ 19 են ստացել 65-ը: Դիմորդների մոտ 10 տոկոսն էլ անբավարար է ստացել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ հայոց լեզվի և գրականության թեստերի հեղինակների աշակերտները ևս շատ բարձր գնահատական չեն ստացել՝ ընդամենը 16-17, քանի որ հեղինակները պահել են թեստերի բովանդակության գաղտնիությունը:
Ըստ Խաչատրյանի՝ եղել է երկու աշխատանքային խումբ, որոնք զուգահեռաբար են աշխատել և չեն իմացել, թե վերջում ում կազմած թեստերը կլինեն քննական. դա իմացել է միայն ԳԹԿ տնօրինությունը:
Խաչատրյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչն է հայոց լեզվի ցածր գնահատականների պատճառը՝ թեստերի չափազանց բարդությունը, թե կրթական մակարդակի անկումը՝ նշելով, որ առաջիկայում բողոքարկման հանձնաժողովը կքննարկի և որոշակի եզրակացության կգա: Նա նաև չնշեց, թե ինչ սկզբունքով է ձևավորվում բողոքարկման հանձնաժողովը՝ նշելով, որ լրագրողները կարող են մասնագետների թեկնածություն առաջադրել, եթե լավ մասնագետների գիտեն:
Ըստ կարգի՝ քննության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո ձևավորված բողոքարկման հանձնաժողովը 3 օրվա ընթացքում քննարկում է ընդունված դիմում-բողոքները և տալիս եզրակացություն:
Թեստերի բարդությունն արդարացնելու համար Խաչատրյանը օրինակ է բերում ռուսական իրականությունից, որտեղ 3 կարգի բարդության խնդիրներ են ընդգրկված մաթեմատիկայի քննական գրավորում և ամենաբարդ խնդիրները կարողանում են լուծել միայն բացառիկ տաղանդավորները:
Այսօր ֆիզիկայի քննությանը իրենց երեխաներին սպասող մի քանի ծնողներ նշեցին, որ երեխաները մասնագիտություն ընտրելիս ձգտում են այնպիսին ընտրել, որ հայոց լեզվից միասնական քննություն չհանձնեն:
«Երեխաները խուսափում ու վախենում են մայրենիից: Այնպես են անում, որ երեխաներն օտար լեզուն ավելի շատ սիրեն ու ավելի լավ սովորեն»,- ասում է տիկին Անաստասիան, ում դուստրը հայոց լեզվից 8 է ստացել:
Անաստասիայի դուստրը դիմել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ: Պարապել է կրկնուսույցի մոտ, որը և աղջկան վստահեցրել է, որ առնվազն 16 կվաստակի հայոց լեզվից և գրականությունից:
«Կրկնուսույցն ասում է, որ աղջկաս գրած թեստի 80 հարցերից 20-ը ոչ ծրագրային, բարդ հարցեր են,- ասում է Անաստասիան՝ հավելելով, որ երկակի պատասխան ունեցող հարցերով և բարդ թեստերով հնարավոր չէ ստուգել մայրենիի իրական իմացությունը,- Մասնագետը ողջ կյանում այդ թեմաներն է ուսումնասիրում և գիտի ամեն մի մանրուք, մինչդեռ երեխան ուղեցույցի սահմաններից դուրս չգիտի, քանի որ մասնագետ չէ»:






Facebook
Tweet This
Email This Post
