Ծնողներն հույս ունեն, որ ֆիզիկայի թեստերը հայոց լեզվի պես բարդ չեն լինի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2010 12:36

Այսօր ՀՀ և ԼՂՀ  19 քննական կենտրոններում, որոնցից 1-ը ԼՂՀ-ում, 5-ը Երևանում,  ֆիզիկայից քննություն են հանձնում 4099 դիմորդ-շրջանավարտներ:

Քննության ընթացքին լրագրողները և ԳԹԿ անձնակազմն այսօր  հետևում էր Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի քննական կենտրոնում:

Քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանն ասում է, որ  220 դիմորդից քննության են  ներկայացել  214-ը, 6-ը բացակայում են:  Փալիկյանը նշեց, որ քննությունը սկսվելուց առաջ մի երեխայի մոտ ծածկաթերթիկ են հայտնաբերել՝ վերջինս բանաձևերը հաշվիչի հետևում է գրել և ներս մտցրել: Ծածկաթերթիկով հաշվիչը վերցրել են դիմորդի մոտից, սակայն քննասենյակից դուրս չեն հանել, քանի որ, ըստ Փալիկյանի՝ քննությունը դեռևս սկսված չի եղել և հեղինակն էլ  ծածկաթերթիկից օգտվել չի հասցրել:

դիմորդ-շրջանավարտներից հավաքած հեռախոսները քննասենյակում

Բազմաթիվ դիմորդների մոտ գտել և հավաքել են նաև բջջային հեռախոսներ՝ չնայած մինչ քննասենյակ մտնելը  բոլորին զգուշացվել է, որ առանց հեռախոսների ներս մտնեն:

Ծնողները քննության ընթացքին հետևում էին ինստիտուտի միջանցքում տեղադրված մեծ էկրանից: Այս անգամ ծնողներն այլևս հուսահատ փորձեր չէին անում՝ գտնելու իրենց երեխաներին: Ծնողներից Ջավահիրը, ում որդին դիմել է Ճարտարագիտական համալսարան և այսօր 1-ին քննությունն էր տալիս, ասում է, որ էկրանին երեխային գտնելը ոչինչ չի փոխի, ավելի կարևոր է, որ երեխան լավ գրի:  Նույն կարծիքին էր նաև տիկին Լիլիան, ում դուստրը քննություններին ինքնուրույն է պատրաստվել՝ մաթեմատիկոս մայրիկի օգնությամբ: «Հույս ունեմ, որ գոնե 15-16 կստանա»,- ասում է Լիլիան:

ծնողներն էկրանից հետևում են քննության ընթացքին

Իր դստերը սպասող տիկին Վարդուհին էլ նշում է, որ դուստրն անպայման բարձր գնահատական կստանա, եթե քննական թեստերը հայոց լեզվի պես բարդ և ոչ ծրագրային հարցեր չպարունակեն:

Մեկ այլ ծնող, ով ֆիզիկայի մանկավարժ է, դժգոհ նշում էր, որ իր երեխային մեծ դժվարությամբ է այսօր քննության բերել:  Նրա ապագա վիրաբույժ որդին երկու տարի կրկնուսույցների մոտ պարապելուց  հետո կենսաբանությունից 14 է ստացել, ինչը երեխայի մոտ հուսահատություն և հիասթափություն է առաջացրել:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply