Ընտրվել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2010 20:15
Հունիսի 4-6-ը տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 15-րդ գերագույն ժողովը: Կատարվել է Գերագույն մարմնի ընտրություն, ներկայացվել է իշխանության մաս կազմած տարիներին կուսակցության կատարած աշխատանքը` մատնանշելով ձեռքբերումները, թերությունները, հստակեցվել են առաջիկա անելիքները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԳՄ-ի անդամ Արա Նռանյանը նշեց, որ Արմեն Ռուստամյանը ընտրվել է ԳՄ քաղաքական ներկայացուցիչ:
ԳՄ-ի նոր կազմում անդամներ են ընտրվել Արմեն Ռուստամյանը, Արսեն Համբարձումյանը, Թաթուլ Հարությունյանը, Հայրապետ Բաբայանը, ՍերԺ Թադեւոսյանը, Միքայել Մանուկյանը, Սպարտակ Սեյրանյանը, Սիմոն Սիմոնյանը, Արա Նռանյանը: Ա. Ռուստամյանի խոսքով, քննարկելով նախորդ տարիների կուսակցության գործունեությունը, արձանագրվել է, որ արդյունավետ աշխատանք է կատարվել` չնայած որոշ բացթողումներին: ՀՅԴ-ն գտնում է, որ իշխանության մեջ լինելով` ներկայացել է որպես այլընտրանքային քաղաքական ուժ եւ առանցքային դերակատարություն է ունեցել մի շարք հարցերում: «Բավարար կշիռ եւ ներկայաություն չունենալով իշխանության մեջ` շատ հարցերում կուսակցությանը չի հաջողվել իր նախաձեռնությունները հասցնել ցանկալի արդյունքների: Մենք ամբողջական իշխանություն չենք եղել, այլ իշխանության մաս:
Այդ պարագայում ունեցած հնարավարությունները, լծակները քիչ են եղել»,-ասաց Ա. Ռուստամյանը: ՀՅԴ-ն գտնում է, որ Հայաստանում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան: Զգալի անելիքներ կան սոցիալական արդարության հաստատման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում: Ա. Ռուստամյանի խոսքով, կուսակցությունն առաջիկա տարիների համար որդեգրել է վճռական եւ հետեւողական քաղաքականություն:
«Մենք նոր իշխանության ձեւավորման ժողովրդավարական ճանապարհին ենք կողմնակից»,-ասաց Ա. Ռուստամյանը: Նա նկատեց, որ երկրի ընտրական համակարգում պետք է փոփոխություններ կատարել եւ ամեն հնարավոր միջոցները ձեռնարկել մարդկանց քաղաքական գիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ` հասկացնելով, որ յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը կարեւոր է: Ա. Ռուստամյանը նշեց, որ իրենք պատրաստվում են հերթական ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, սակայն եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա իրենք պատրաստ են նաեւ դրան:






Facebook
Tweet This
Email This Post
