ՀՀ Նախագահն առաջարկել է վերականգնել Նախագահի թեկնածուների անձեռնմխելիության իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2010 20:27

Հունիսի 7-ին Ազգային ժողովը քննարկեց ՀՀ Նախագահի առարկությամբ և առաջարկությամբ ԱԺ վերադարձված ՙՀայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքը:

ԱԺի կողմից ընթացիկ տարվա մայիսի 20-ին ընդունված օրենքով սահմանափակվում է Հանրապետության Նախագահի, ԱԺի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված, համայնքների ղեկավարների և ավագանու անդամների թեկնածուների, Կենտրոնական, Ընտրատարածքային և Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անձեռնմխելիության իրավունքը: ՀՀ Նախագահի առարկությունը վերաբերում է Նախագահի թեկնածուների անձեռնմխելիության իրավունքի վերացմանը, և նա առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այդ դրույթը:

Ինչպես հայտնեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Նախագահի առաջարկությանը, հիմք ընդունելով հետեւյալ դիրքորոշումը. Հանրապետության գործող Նախագահը միշտ կարող է մեկ անգամ ևս առաջադրել իր թեկնածությունը, ուստի երկրի համար նման կարեւոր ընտրությունների ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր թեկնածուները լինեն հավասար պայմաններում: Նշվեց նաև, որ, իհարկե, նույն հարցադրումը կարելի անել ԱԺի պատգամավորների հետ կապված, սակայն մեծամասնության կարծիքով, ավելի նպատակահարմար է հետագայում, սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, վերանայել գործող պատգամավորների անձեռնմխելիության հարցը:

ՙՀՅԴ՚ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը և ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ովքեր կառավարության նախաձեռնությանը մայիսին քվեարկել էին համապատասխանաբար ՙձեռնպահ՚ և ՙդեմ՚, առաջարկեցին նախընտրական շրջանում հավասար պայմաններ ապահովել նաև ԱԺի պատգամավորության թեկնածուների համար և վերացնել նրանց անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը: Ս.Սաֆարյանի համոզմամբ, նախընտրական շրջանում, ՙառավել ևս մեր տիպի երկրներում, որտեղ կան քաղբանտարկյալներ, թեկնածուները պետք է ապահովագրված լինեն իրենց տեսակետները հայտնելու և նախընտրական քարոզչությունն անխոչընդոտ իրականացնելու համար՚:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply