Բացահայտվել է մի քանի միլիարդ դրամների հասնող մաքսանենգության դեպք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2010 20:21

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից երկու տարի շարունակ՝ 2007-2008թթ-ին, կատարված առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 12 անձի: Ինչպես  տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, դեռեւս 2008թ. հունիսի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` 2007-2008թթ. ընթացքում «Միկ-Մակ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:

Հիշյալ քրեական գործին հետագայում միացվել է եւս երկու քրեական գործ՝ հարուցված «Հովհան Սաք» ՍՊ ընկերության կողմից 2007թ. ընթացքում հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու եւ Հ.Ն.-ի կազմակերպմամբ «Ռազլույս» եւ «Տիտա Լամինատ Ֆլոր» ՍՊ ընկերությունների տնօրենի կողմից ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու, կեղծ ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքերի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված քրեական գործը 2010թ. ապրիլի 7-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ընդունվել վարույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ երկու տարի շարունակ միեւնույն ընկերությունների անվամբ ձեւակերպվել է, թե Հայաստան է ներկրվել պոլիէթիլենային հումք, շինարարական մեխ, ինքնակպչուն ժապավեն եւ ցածր մաքսային արժեքով հարկվող կամ ընդհանրապես չհարկվող նույնատեսակ այլ ապրանքներ:

Մինչդեռ՝ նախաքննությամբ ապացուցվել է, որ դրանց անվան տակ, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պահանջով փաստացի ներկրվել է մի քանի միլիարդ դրամի հասնող տարբեր տեսակի կենցաղային ապրանք, էլեկտրատեխնիկա, շինանյութ եւ այլն: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության երեք աշխատակցի 2010թ. հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար: Ընդհանուր առմամբ, քրեական գործով արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել 12 անձի, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ կազմակերպված խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply