Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ Հայաստանում կարող է սոցիալական ապստամբություն սկսվել
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 7, 2010 17:30
Առաջիկա երկու տարիներին ՀՅԴ-ն աշխատելու է, որ հայ հանրությունը հասկանա, որ ներկայիս իշխանությունները չեն կարող որևէ խնդիր լուծել և անհրաժեշտ է իրական իշխանափոխություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արա Նռանյանը: «Եթե հանրության 70 տոկոսը գիտակցի այս իրողությունը, այլևս ընտրակաշառքն էլ դերակատարություն չի ունենա»,- ասում է Նռանյանը:
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15-րդ գերագույն ժողովը, որի ժամանակ որոշվել է կուսակցության առաջիկա երկու տարվա ռազմավարությունը: Ժողովը եզրակացրել է, որ բավարար կշիռ չունենալով իշխանության մեջ՝ կուսակցությանը չի հաջողվել իր նախաձեռնությունները հասցնել բավարար արդյունքի: Գերագույն ժողովը Դաշնակցության գերակա խնդիր է հռչակել 4 հարց.
- Ազգային ուղեգծի վերականգնումը
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասում է, որ անկախության հռչակմամբ ազգային ուղեգիծը վերականգնվեց, սակայն հետագայում շեղում տեղի ունեցավ, ինչի հետևանքով Հայաստանն այսօր ազգային ուղեգծով չի առաջնորդվում:
- Սոցիալական արդարության հաստատում
- Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը
Ռուստամյանն ասում է, որ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում չկա պետական լուրջ մեխանիզմ. «Պետությունն այսօր իր քաղաքացու կողքին չէ, երկրում չկա արդարադատություն և քաղաքացիներն այն փնտրում են օտար երկրներում»:
- Երկրոմ նոր իշխանության ձևավորումը
Ըստ Ռուստամյանի՝ Հայաստանում իշխանափոխության համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ և պետք է ձևավորվի այնպիսի իշխանություն, որը կկարողանա իրականացնել սահմանադրական նորմերը:
Ռուստամյանն ասում է, որ երկրում լարված սոցիալական վիճակ է ստեղծվել և կարող է սոցիալական ապստամբություն բարձրանալ: «Լուրեր ենք ստանում, որ գյուղացիներն իրենց ունեցվածքը վաճառում են՝ այլ երկիր տեղափոխվելու համար»: Նրա խոսքով՝ տնտեսությունում առկա խտրական քաղաքականությունն էլ բերել է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների արտագաղթի, իսկ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն էլ ներդրումներ են կատարում դրսում: «Իրենք էլ գիտեն թե ինչ փտած համակարգ է և իրենց կապիտալը երաշխավորելու համար ներդրումները դրսում են անում»,- ասում է Ռուստամյանը:






Facebook
Tweet This
Email This Post
