«Սփյուռքում գերբնական ուժերով պահում ենք հայերենը, իսկ այստեղ մեր ջանքերը ջուրն են գցում»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 7, 2010 15:27

Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված «Մենք դեմ են օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները, բազմաթիվ մտավորականներ, քաղաքական –հասարակական գործիչներ իրենց բողքն էին արտահայոտւմ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանժնաժողովի հունիսի 4-ի նիստում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տալու վերաբերյալ:

«Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Պահանջում ենք Աշոտյանի հրաժարականը», «Կողմ ես` հեռացիր», «Ազգադավ նախագիծը հանել անդարձ» և այլ կարգախոսերով պաստառներով և «Կրթությունը` հայերեն», «Ամո’թ», «Հայ եղեք», «Կեցցե Նժդեհը, կորչեն Նժդեհ կոչեցյալները» և այլ վանկարկումներով` բողոքի ակցիայի մասնակիցները դիմավորեցին Ազգային ժողովի պատգամավորներին, որոնցից շատերն անթաքույց ցինիկ ժպիտով անցնան ակցիայի մասնակիցների կողքով և մտան Կառավարության շենք:

Սփյուռքահայ պատմաբան, լրագրող Գևորգ Յազիճյանը իր սփյուռքահայ ընկերների և ծանոթների խնդրանքով պատրաստել էր «Հոս Հայաստա՞ն է» խոսքերով մի պաստառ` իր և իր ընկերների հիասթափությունն ու զարմանքն արտահայտելու օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ հայկական իշխանությունների «պատրաստակամության» դեմ:

«Սփյուռքում հայերն ինչ միջոցի ասես, որ չեն դիմում, անգամ կաշառում են, որ օտար դպրոցներում հայ աշակերտների համար հայոց լեզու հայոց պատմություն, հայ գրականություն դասավանդվի, իսկ այստեղ մեր բոլոր ջանքերը ջուրն են ընկնում»,-ասում է Յազիճյանը:

Նույն վրդովմունքն արտահայտեց նաև ամերիկահայ քիմիկոս Արմինե Կոնդուկչյանը. «Սփյուռքում միլիոնավոր դոլարներ են ծախսում , գերբնական ուժերով պահում Հայերենը, իսկ մեր իշխանությունները դավաճանում են մեր ջանքերը»:

Յազիճյանը նաև իր հիասթափությունն է հայտնում Հանրապետական կուսակցության վերաբերյալ` մատնացույց  անելով կուսակցության շենքի վրա ծածանվող կուսակցության դրոշը` զայրանալով, որ դրա  կողքին չկա պետական դրոշը:

«Ներքին զրույցներից դատելով` շատ հանրապետականներ դեմ են նախագծին»,-ասում է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը` խոստանալով նրանց անունները նշել այն դեպքում, երբ վերջիններս քվեարկության ժամանակ նույն դիրքորոշումը չպահպանեն:

Հանրապետական կուսակցության շենքի դիմացի մայթին, որտեղից ակցիային էր հետևում ՀՀԿ-կան Կարեն Ավագյանը, «Անկախի»-ին իր կարծիքը հայտնեց.

«Սա մի խումբ մարդկանց անձնական կարծիք է, որոնց մտահոգությունները անձամբ ես չեմ կիսում: Բողոքողներից շատերն իրենց երեխաներին այսօր արտասահման են ուղարկում սովորելու: Նրանց հիմնավորումները ես հիմնավոր չեմ համարում և ես չգիտեմ որևէ մեկին, ով այս գաղափարին դեմ լինի, կան պարզապես առաջարկներ, թե ինչ ձևերով ճիշտ կլինի այդ գաղափարն իրականացնել,-ասաց Ավագյանը` համոզմունք հայտնելով, որ նախագիծը կյանքի կկոչվի»:

Պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ «Ամեն ինչ անելու ենք, որ օրինագիծն այս ձևով չընդունվի»: Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյնաը, նախքան կառավարության շենք մտնելը` մոտեցան ակցիայի մասնակիցներին, Ռուստամյանը շեշտեց, որ «Դեմ չենք օտար լեզվի ուսուցմանը, այլ դեմ ենք ենք օտար լեզվով ուսուցմանը»:

Նկարչուհի Զարուհի Մուրադյանն էլ այս ամենի մեջ ամենավտանգավոր պահը տեսնում է հայերի օտարամոլության մեջ և խորհուրդ տալիս բարեփոխումներ կատարել ոչ թե լեզուների ոլորտում, այլ պայքարել օտարամոլության և ստրկամտության դեմ.

«Նորից կստեղծվի 60-70-ականների պատկերը, երբ հայկական դպրոցներում 400-500 աշակերտ էր սովորում, իսկ ռուսականներում` 2000-3000 աշակերտ»,-ասաց նկարչուհին:

Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանի խոսքով. «Որքան իշխանությունները համառեն,  լարվածությունն անընդհատ խորանալու է, իսկ մենք անընդհատ հակադարձ քայլերի ենք դիմելու»:

Ի դեպ, այսօրվա նիստում չի քննարկվել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, փոխարենը այն քննարիվելու է առաջիկա քառօրյայի նիստերից մեկի ժամանակ: Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ բողքի ակցիաները շարունակվելու են քառօրյայի բոլոր նիստերի ժամանակ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը պահանջում է.

ա. Մերժելով նախագիծը` վերջնականապեսա հանել այն օրակարգից:

բ. Լեզվի և Հանրակրթության խնդիրների վերաբերյալ լսումներ անցկացնել հանրակրթության և մասնագիտական խմբերի մասնակցությամբ, ուր կքննարկվեն ոլորտի բազմաթիվ խնդիրները և բազմաթիվ դրական լուծումներ կառաջարկվեն:

գ. Վերանայել կրթության և գիտության նախարար պարոն Արմեմն Աշոտյանի` իր պաշտոնում մնալու նպատակահարմարությունը:

դ. Օրենսդրորեն արգելափակել Լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելը մոտակա 25 տարվա ժամկետով, որի ընթացքում կկայանա մրցունակ հայալեզու միջնակարգ կրթական համակարգը, և օտարալեզու դպրոցների հարցը հնարավոր կլինի վերաքննարկել առանց որևէ թվաքանակային սահմանափակումների:

ե. Պահանջում ենք, որ Ազգային Ժողովը հանձնարարի Կռավարությանը քննարկել Ռուբեն Վարդանյանի հետ Դիլիջան միջազգային դպրոցում գոյություն ունեցող միջազգային այն կրթական մոդելների կիրառման հնարավորությունները, որոնք հնարավորություն են ընձեռում կազմակերպել դասավանդումը ցանկացած լեզվով, այդ թվում նաև հայերեն:

Դիտվել է 1800 անգամ:
Print Friendly

Leave a Reply