Փորձել են դանակահարել ոստիկանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2010 14:10
Այսօր ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրից կրակոցների ձայներ են լսվում:
Նույն օրը, ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության սերժանտ Սերգեյ Մ.-ն զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրի դիմաց` Խանջյան փ., 33/ա, նկատել է մի քանի երիտասարդների, որոնք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հայհոյանքներ են տալիս միմյանց ու վիճաբանում:
Մոտենալով կարգազանցներին` ոստիկանը փորձել է կարգի հրավիրել նրանց, սակայն վերջիններս չեն ենթարկվել իր օրինական պահանջներին և բռնություն գործադրելով` վիճաբանել են իր հետ, տվել հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը դանակով մոտենալով` փորձել է հարվածել, սակայն ինքը պաշտպանվելու նպատակով գոտկատեղում գտնվող պատյանից հանել է իրեն ամրակցված «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակն ու նախազգուշական երկու անգամ կրակ արձակել օդ, որից հետո նրանք դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ:
Սերգեյ Մ.-ն զեկուցագրին կից ներկայացրել է նաև գաղտնի փականով ծալովի դանակ` 18 սմ ընդհանուր երկարությամբ, շեղբը` 8 սմ:
Ինչպես հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, նշանակվել է փորձաքննություն և կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
