Հանդիպումներ ԵԱՀԿ կենտրոնակայանում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 7, 2010 11:57

Հունիսի 4-ին Վիեննայում` ԵԱՀԿ կենտրոնակայանում, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին ներկայացրեց 2010-2011թթ. Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագիրը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կաիրատ Աբդրախմանովը: Ողջունելով հյուրերին, նա մասնավորապես նշեց, որ ԵԱՀԿ կողմից բարձր են գնահատվում այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկած քայլերը եւ հույս հայտնեց, որ Հայաստանում ծրագրի հաջող իրագործումը օրինակ կարող է ծառայել ԵԱՀԿ այլ երկրների համար: Ելույթ ունեցավ նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Արթուր Օսիկյանը մանրամասն ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագիրը, նշելով, որ այն կազմելու ընթացքում հիմք է ծառայել նաեւ ԵՄ որոշ անդամ երկրների փորձը: Բարեփոխումների նպատակն է հստակ մեխանիզմների եւ չափորոշիչների օգնությամբ բարձրացնել ՀՀ ոստիկանության արդյունավետությունը եւ ամրապնդել ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը:

Արթուր Օսիկյանը վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունները հետեւողականորեն իրագործելու են ներկայացված բարեփոխումների ծրագիրը եւ այդ ասպարեզում սերտորեն համագործակցելու են բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում եւ ԵԱՀԿ-ի հետ: Նա նշեց նաեւ, որ այս բնագավառում բարձր է գնահատում նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի դերը: Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը այլ հարցերի հետ մեկտեղ նշեց, որ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը գտնվում է ՀՀ Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում:

Նույն օրը ԵԱՀԿ քարտուղարությունում տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի հետ: Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվեց 2011թթ. Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, քննարկվեցին ԵԱՀԿ ներգրավվածության եւ աջակցության հնարավորությունները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ողջունելով այս բնագավառում առկա ձեռքբերումները` վստահեցրեց, որ ԵԱՀԿ-ն, ինչպես եւ նախկինում, հետեւողականորեն աջակցելու է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերին:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply