ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | հունիսի 4, 2010 23:57
Հունիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկարիչների միությունում մասնակցեց Երվանդ Քոչարի 110-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ցուցահանդեսում ներկայացված են 120-ից ավելի աշխատանքներ` քանդակ, գրաֆիկա, գեղանկար, տարածական նկարչություն եւ այլն:
Նշենք, որ Քոչարը համարվում է տարածական նկարչության հիմնադիրը: Այս տարի լրանում է Ե. Քոչարի կերտած Երեւանի խորհրդանիշը դարձած Սասունցի Դավթի արձանի, «Մելանխոլիա» աշխատանքի ստեղծման 50-ամյակը, ինչպես նաեւ Ե. Քոչարի թանգարանի հիմնադրման 25-ամյակը:
Հունիսի 4-ին բացված ցուցահանդեսում, բացի թանգարանի նյութերից, ներկայացված են աշխատանքներ նաեւ մասնավոր հավաքածուներից:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Արտակ Դավթյանի եւ Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց ցուցահանդեսում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին:
1923 – 1936 թթ. Փարիզում ստեղծած իր արվեստով Քոչարը դասվել է այն մեծերի շարքին, որոնցով պայմանավորվել է եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…»:
Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, Կիրիկոյի եւ մյուսների հետ:
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Էքստազ», «Պատերազմի արհավիրք» կտավները, «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված գրաֆիկական շարքը, «Զվարթնոցի արծիվ», «Մելանխոլիա», «Կիբեռնետիկայի մուսա», «Վարդան Մամիկոնյան», «Սասունցի Դավիթ» եւ այլ աշխատանքներ:
Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հունիսի 20-ը:





Facebook
Tweet This