Շարունակվում է պետական գերատեսչությունների համագործակցությունը ԵՄ խորհրդատվական խմբի հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2010 23:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար։ Հյուրն ընդգծել է, որ ԵՄ խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջև Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին։
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն ներկայացրել է համագործակցության ընթացքը` անդրադառնալով արձանագրված արդյունքներին և հետագա քայլերին։
Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել արտաքին պետական պարտքի կառավարման, առևտրի տեխնիկական խոչընդոտների հաղթահարման և մաքսային ոլորտի խնդիրներին։ Խոսվել է Ազգային Ժողովի հետ ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Կարևորվել է նաև հաղորդակցության ոլորտում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
ՀՀ պետական գերատեսչություններին կից գործող ԵՄ խորհրդատվական խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով համապատասխան պետական մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքների մասին և ներկայացրել ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ։

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply