Լեզվի մասին՚ և ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխությունների փաթեթը կըդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2010 19:34

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 4-ի նիստում, շուրջ 4 ժամ տեւած քննարկման արդյունքում, դրական եզրակացություն տվեց ՙԼեզվի մասին՚ եւ ՙՀանրակրթության մասին՚ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին կառավարության աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը նստաշրջանի և հունիսի 7-ից մեկնարկելիք քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելուն: Երկու որոշումներին ՙկողմ՚ քվեարկեցին հանձնաժողովի 4 հանրապետականները, ՙդեմ՚` ՀՅԴի, ՙԺառանգության՚ և ՙԲարգավաճ Հայաստան՚ի մեկական անդամները: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, օրենսդրական փաթեթի առաջին ընթերցումից հետո, մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն ընդլայնված լսումներ` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանում օտարալեզու կրթության կազմակերպումը թույլատրող նախագծերի լրամշակված փաթեթը: Նա հայտարարեց, որ հասարակական քննարկումների երկու ամիսների ընթացքում, ՙոչ միայն ՙվհուկների որս՚ է եղել, ինկվիզիցիաներ, միջնադարյան խրախճանքներ, եղել է նաև առողջ մտահոգություն, քննադատություն, կոնստրուկտիվ առաջարկներ, և, որսալով լրատվական դաշտից այդ ազնիվ մտահոգությունների և ինտելեկտուալ աշխատանքի բյուրեղները՚, կառավարությունը որոշել է սահմանել օրենսդրական որոշակի երաշխիքներ և սահմանափակումներ:

Ըստ այդմ, նախագծում ամրագրվել է, որ օտար լեզուներով կրթությունը կազմակերպող ուսումնական հաստատությունները կարող են գործել բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ եւ իրականացնել միջնակարգ կրթության երկրորդ (5-9-րդ դասարաններ) եւ երրորդ (10-12-րդ դասարաններ) աստիճանի հանրակրթական ծրագրեր: Ընդ որում, ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզու եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է` հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան:

Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները: Առաջարկվում է սահմանափակել նաեւ նշված ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը. ՀՀում դրանց թիվը 15-ն է, որից 8-ը` Երեւան քաղաքում, իսկ ՙնույն օտար լեզվով կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առավելագույն թիվը 5-ն է՚:

ՙՍա ոչ ռուսական, ոչ հակառուսական, ոչ անգլոսաքսոնյան, ոչ էլ հակաանգլոսաքսոնյան ծրագիր է՚,-հայտարարեց նախարարը` հակադարձելով ընդդիմախոսներին: Ըստ նրա, նախաձեռնությունը միտված է կրթական բազմազանության ապահովմանը, հատկապես, որ Հայաստանում կա նման պահանջարկ. հիմնականում օտարերկրյացիների համար գործող միջազգային դպրոցում սովորում են նաև հայաստանցիներ, սակայն այն արտոնագրված չէ, և այդ պատճառով շրջանավարտներին պետական նմուշի ավարտական վկայական չի տրվում: Բազմաթիվ են նաև արտասահմանյան հայտնի կրթական հաստատություններում կրթություն ստացող հայաստանցիները: Մասնավորապես, Թայլանդում, այս պահի դրությամբ, կրթություն է ստանում դպրոցահասակ 45 հայաստանցի:

Քննարկմանը մասնակցում էին ոչ միայն հանձնաժողովի անդամները, այլև` խմբակցությունների ղեկավար անդամները: Նրանցից շատերը մտահոգված էին կրթության ցածր որակի կապակցությամբ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշեց, որ այն ՙայլանդակ անկում է ապրել՚, իսկ բարձրագույն կրթության համակարգն ՙընդհանրապես գոմ է՚: Ի պատասխան պատգամավորի հարցին, թե արդյոք առաջարկվող փոփոխությամբ լուծվում է կրթական համակարգի բարելավման խնդիրը, Ա.Աշոտյանը հայտարարեց, որ միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագրերի ներմուծումը կառաջացնի նաև մրցակցություն ու կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

ՙԲարգավաճ Հայաստան՚ի տեսակետը միանշանակ էր. օտարալեզու կրթությունը կարող է իրականացվել ՙմիայն եւ բացառապես ավագ դպրոցում՚` 10-12-րդ դասարաններում: Նշվեց նաեւ, որ ԲՀԿի համար այլ տարբերակ ընդունելի չէ, եւ որ իրենց քվեարկությունը պայմանավորված կլինի առաջարկի ընդունմամբ: Միջնակարգ կրթության երկրորդ (5-9-րդ դասարաններ) աստիճանում օտարալեզու կրթությանը կտրականապես դեմ էր նաեւ ՙԺառանգություն՚ը: Սակայն, կուսակցության համար ՙամենախոցելին՚ օրենքի հիմնական դրույթում. ՙՀՀում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է՚ բացառություններ ամրագրելն էր: Հանձնաժողովի անդամ, ՙՕրինաց Երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քվեարկությանը ներկա չէր, սակայն դրան նախորդած քննարկման ժամանակ նա` որպես մանկավարժ, հայտնել էր իր դիրքորոշումը. ավագ դպրոցում` 3 տարում, հնարավոր չէ օտար լեզվով լիարժեք կրթել, ուստի պետք է սկսել միջին դպրոցից:

Կառավարության նախաձեռնությանը կտրականապես դեմ էր նիստին հրավիրված` 1993թ.-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված ՙԼեզվի մասին՚ օրենքի նախագծի հեղինակ, նախկին պատգամավոր Վալերի Միրզոյանը: Ըստ նրա, եթե գործող օրենքը պետք է փոփոխել, ապա միայն` ՙխստացման միտումով՚, իսկ կառավարության առաջարկները ՙուծացման ճանապարհ է՚:

Նշենք նաեւ, որ ՙՄենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը՚ նախաձեռնության ներկայացուցիչները դեռեւս առավոտվանից ԱԺի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կազմակերպել էին բողոքի ակցիա: Նրանք պարզել էին ՙՊահանջում ենք Արմեն Աշոտյանի հրաժարականը՚ եւ ՙԼեզուն գույք չէ պարտքի դիմաց՚ պաստառներ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1931 անգամ:
Print Friendly

Leave a Reply