Տիգրան Սարգսյան. «2009 թ. ընդունվեցին ոչ ստանդարտ որոշումներ»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 4, 2010 15:41

Հունիսի 7-ին մեկնարկելիք գարնանային նստաշրջանի վերջին հերթական քառօրյա նիստերում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Մայիսի 22-29-ը ԱԺի մշտական հանձնաժողովներում, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվեցին հաշվետվության նախնական քննարկումներ, որոնց արդյունքները հանձնաժողովները կամփոփեն այսօր:

2009 թ. բյուջեի կատարողականը որոշ առանձնահատկություններ ունի. կառավարությունը ստիպված էր ընդունել ոչ ստանդարտ որոշումներ, որոնք թելադրված էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ինչպես ԱԺ-ի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում ընդգծեց

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,  2009-ը Հայաստանի տնտեսական և ֆինանսական համակարգերի կայունության ստուգման ժամանակահատված էր: «Մակրոտնտեսական կայունության ապահովման համար կառավարության 2009 թ. գրեթե բոլոր նախաձեռնությունները, նվազող հարկային եկամուտների պարագայում, ունեցել են հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ուղղվածություն` նպատակ հետապնդելով հակազդել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններին և պահպանել տնտեսության գործարար ակտիվությունը»,-ասաց վարչապետը:

Ըստ Տ.Սարգսյանի, պայմանավորված նշված քաղաքականության իրականացմամբ, 2009 թ. բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ում կազմեց 7,4 տոկոս: «Սա վերջին 10 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն էր, ինչը նշանակում է, որ մենք որդեգրել ենք քաղաքականություն, որը ենթադրում է, որ պետությունը չպետք է կրճատի իր ծախսերը, և արդյունքում մենք ներգրավեցինք ֆինանսական միջոցներ` մեծացնելով մեր արտաքին պարտքը և դրա հաշվին կատարեցինք պետության կողմից ստանձնած բոլոր սոցիալական պարտավորությունները: Այս պայմաններում մեզ հաջողվեց ավելացնել կենսաթոշակները 16%-ով, իսկ միջին աշխատավարձերը` 11%-ով»,- ընդգծեց նա:

Տ.Սարգսյանը հայտնեց, որ հակաճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կառավարությանը հաջողվեց, դոնորների հետ աշխատանքների արդյունքում, ներգրավել վարկային միջոցներ: Ըստ այդմ, Համաշխարհային բանկը տրամադրել է շուրջ 760 մլն ԱՄՆ դոլար, որից 2009 թ. ստացվել է մոտ 350 մլն ԱՄՆ դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամից` 500 մլն ԱՄՆ դոլար, Ասիական զարգացման բանկից` 80 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիության հետ շարունակական բանակցությունների շնորհիվ հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց 100 մլն եվրոյի բյուջետային աջակցության վերաբերյալ: Հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորելու նպատակով ևս 500 մլն ԱՄՆ դոլար ներգրավվեց ՌԴ-ից: «Այսպիսով, 2009 թ. արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%` 2008 թ. 13,2%-ի դիմաց, որն ի դեպ, ծառայեց որպես «բարձիկ» կառավարության կողմից հակացիկլիկ քաղաքականության իրականացման համար»,-ասաց վարչապետը:

Ակնհայտ է, որ մեկ տարում ՀՀ արտաքին պարտքի գրեթե կրկնապատկման փաստը չի կարող միանշանակ ընդունվել պատգամավորների կողմից կամ անտեսվել, չնայած կառավարության պնդումներին, թե, այդուհանդերձ, երկիրը շարունակում է դասվել նվազ արտաքին պարտք ունեցող երկրների շարքը:  Արտաքին պարտքի մեծությունը մտահոգիչ է ոչ միայն այն մարելու, այլև` դրա սպասարկման ծախսերի ավելանալու առումով: 2009 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,966 մլրդ ԱՄՆ դոլար, և, ըստ Վերահսկիչ պալատի եզրակացության, եթե անգամ նոր վարկեր չներգրավվեն, ապա 2013 թ. արտաքին պարտքը կկազմի 4 մլրդ 89 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, եթե 2009 թ. կառավարության անմիջական արտաքին պարտքի մարման և սպասարկման, այսինքն`տոկոսների վճարման համար պետբյուջեից ծախսվել է 45 մլն ԱՄՆ դոլար, ապա 2013 թ. նույն նպատակի համար անհրաժեշտ կլինի 278 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2014 թ.` 284 մլն ԱՄՆ դոլար, ինչը բավականին լուրջ ֆինանսական բեռ է:

ԱԺ-ի հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն, պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ, վերջին 15 տարիներին տնտեսության անընդմեջ միջինը 8,8% բարձր տեմպերով վերելքից հետո 2009 թ. գրանցվեց 14,4% տնտեսական անկում: 2009 թ. համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 3 165,5 մլրդ դրամ: 2008 թ. համեմատ անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, տեղի է ունեցել արտաքին առևտրաշրջանառության նվազում և կազմել 4 մլրդ ԱՄՆ դոլար` 2008 թ. համեմատ կրճատվելով 27%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման և ներմուծման ծավալների կրճատում. արտահանումը նվազել է  34%-ով` կազմելով 697,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 25,3%-ով և կազմել շուրջ 3,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Պետական բյուջեի փաստացի եկամուտները 25,5%-ով կամ 235,9 մլրդ դրամով զիջել են ծրագրային ցուցանիշին և կազմել շուրջ 690 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 21,8%-ը` 2008 թ. 21,5%-ի դիմաց: Հարկային եկամուտները, ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները, կազմել են ՀՆԱ-ի 19,8%-ը` 2008 թ.  19,9%-ի դիմաց: Ծախսերի կատարողականը կազմել է 93,6% կամ 929,1 մլրդ դրամ: Ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2008 թ.  նկատմամբ դրսևորել է աճի միտումներ` 7,2 %-ի չափով, և կազմել 29,4%: Պետական բյուջեն կատարվել է  239,1 մլրդ դրամ պակասուրդով՝ ճշտված ծրագրով նախատեսված շուրջ 66,6 մլրդ դրամի փոխարեն:  Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 7,55%` բյուջեում կանխատեսված 1%-ի և 2008 թ. 0,67%-ի դիմաց:

2009-ի տարեվերջին միջին գնաճը կազմել է  3,4%, ինչը  հիմնականում որոշ ներմուծվող սպառողական ապրանքների համաշխարհային գների աճի հետևանք է: Գործազրկության պաշտոնական մակարդա­կը 2008 թ. նկատմամբ աճել է 0,6 տոկոսային կետով և կազմել 6,9% (84,5 հազ. մարդ):

2009 թ. ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազ­մել է 363,28 դրամ` 2008-ի  305,97 դրամի դիմաց:

ԱԺ-ի լիագումար նիստերում կառավարության հաշվետվությունը քննարկվելուց հետո այն պետք է հաստատվի խորհրդարանի քվեարկությամբ ընդունվելիք որոշմամբ: Հաստատվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում, ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի համաձայն, կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Դրանից հետո` 24 ժամվա ընթացքում, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի` 44 պատգամավորի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ-ի որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված: Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ գալիք քառօրյայում խորհրդարանը կհաստատի կառավարության հաշվետվությունը, մանավանդ որ նախկինում չհաստատելու նախադեպեր չեն եղել, նույնիսկ` շատ ավելի մեծաթիվ ընդդիմության պարագայում:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 2179 անգամ:
Print Friendly

Leave a Reply