Միասնական քննությունները մեկնարկել են. խուճապ և դժգոհություններ դեռևս չկան

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 2, 2010 15:28

Քննական եռուզեռն արդեն սկսված է. հունիսի 1-ին մեկնարկեցին միասնական, իսկ հունիսի 2-ին` ավարտական քննությունները:

Այս տարվա դիմորդներն արդեն հասցրել են քննություն հանձնել կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն առարկաներից:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը դպրոցների` օրենքով դեռևս երեխա համարվող շրջանավարտների մասնակցությամբ ՀՀ և ԼՂՀ 15 քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական քննությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ քննական կենտրոնները քիչ են, քանի որ այս առարկաներից քննություն հանձնողները սակավաթիվ են:

Կենսաբանությունից  քննություն է հանձնել  1763, ընդհանուր պատմությունից՝ 512, աշխարհագրությունից՝ 317 դիմորդ:

Քննական կենտրոններում, ներս հրավիրված մի քանի ծնողների  ներկայությամբ, թեստերը բացել են քննասենյակի առաջին շարքում նստած դիմորդները:

Քննական գրավորի համար դիմորդ-շրջանավարտներին հատկացվել է  3 ժամ: Քննություններից հետո թեստերի տարբերակները և ճիշտ պատասխանները տեղադրվել են ԳԹԿ կայքում, ուստի, քննությունից մի քանի ժամ հետո քննություն հանձնած դիմորդը գիտի իր գնահատականը: Իսկ պաշտոնական գնահատականները կհրապարակվեն հունիսի 5-ին:

Քննության մեկնարկից հետո քննասենյակից դուրս են հրավիրվում բոլոր դիտորդները, ծնողները: Քննության ողջ ընթացքին, ինչպես քննասենյակում, այնպես էլ միջանցքում,   հնարավոր է հետևել քննական կենտրոնում տեղադրված էկրաններով: Այստեղ խմբված ծնողներից յուրաքանչյուրը փորձում է գտնել իր երեխային, հասկանալ` կարողանո՞ւմ է արդյոք գրել առաջադրանքը, թե` ոչ:

Ծնողներից Մարիետա Խաչատրյանը Երևանի թիվ 20 դպրոցում ձևավորված քննական կենտրոնում  կենսաբանությունից քննություն հանձնող դստերը  այդպես էլ չկարողացավ էկրանի վրա գտնել: Սակայն տիկին Մարիետան քննական  իրավիճակն ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում. «Աղջկաս համար էլ  հանգիստ եմ, քննության մտնելուց վստահ էր»:

Քննասենյակում գտնվող թոռնուհուն սպասող մի տատիկ, սակայն, դժգոհ էր իրավիճակից. «Ամբողջ դպրոցում մի հատ բարձրախոս չկա՞ր, որ երեխաների անունը հայտարարեին ներս  կանչելու ժամանակ. անունները չէին լսվում: Էկրանի կադրերն էլ վատ են, երեխաների դեմքերը չեն երևում.  պատկերը լղոզված է»:

Էկրաններից երևացող ընդհանուր պլանի կադրերը բոլոր ծնողների քննարկման առարկան էին: Ոմանք նշում էին, որ  իրենց երեխան հատուկ աչքի զարնող գույնի շոր է հագել, որպեսզի էկրանի վրա հնարավոր լինի գտնել նրան: Իսկ իրենց երեխաներին տեսած ծնողներն էլ հապշտապ զանգում էին ու հարազատությանը տեղեկացնում, թե ինչպիսին է իրավիճակը:

ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, սակայն, նշում է, որ տեսախցիկները և մոնիտորները կոչված են տեսաձայնագրելու քննության ընթացքը և տիրող իրավիճակը, ինչպես նաև հնարավորություն տալու, որ դիտորդները և ծնողները հետևեն քննության ողջ ընթացքին. «Հնարավոր չէ ամեն երեխայի դեմքի արտահայտությունը տեսնել  էկրանին, որ ծնողները գոհ լինեն, բացի այդ, եթե տեսախցիկները շարժական լինեն, դա կշեղի երեխաներին»:

Այսօր  «Հայոց լեզու և գրականություն» առարկայից  քննություն կհանձնեն այս տարվա 17 665 դիմորդներից 11 162-ը, Իսկ հունիսի 8-ին 4099 դիմորդ քննություն կհանձնի «Ֆիզիկայից»:

Քննությունների հետ կապված խուճապ կամ դժգոհություններ դեռևս չկան. սովորաբար այն սկսվում է հայոց լեզվի և գրականության քննությունից հետո:

Դիտվել է 1991 անգամ:
Print Friendly

Leave a Reply