Քննարկել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության հեռանկարները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2010 15:26

Հունիսի 1-3-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը եգիպտական “ARTOC group” ներդրումային ընկերության հրավերով գտնվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում:

Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի, տեղեկատվական և հաղորդակցության նախարար Թարեք Մոհամադ Քամելի, միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլ Նագայի և Կահիրեի նահանգապետ Աբդ Ալ Ազիմ Ալ Վազիրի հետ:

Եգիպտոսի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ներսես Երիցյանը կարևորել է Հայաստան – Եգիպտոս տնտեսական համագործակցության ընդլայնումն ու խթանման անհրաժեշտությունը: Նա նաև նշել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, դեղագործության, բժշկության և այլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացման անհրաժեշտությունը:

Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆն ընդգծել է, որ հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կա և՛ ներուժ, և՛ պատրաստակամություն: Նա, մասնավորապես, առանձնացրել է համագործակցության հնարավորությունները հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, անդրադարձ է եղել նաև Երևանում` սեպտեմբեր ամսին նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող կազմակերպչական հարցերին:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply