«Հայ ժողովրդի պատմությունը»` իսպաներենով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 4, 2010 15:10

«Սիրար»  հրատարակչությունը Բարսելոնայում լույս է ընծայել Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» գրքի նոր` չորրորդ հրատարակությունը իսպաներենով: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1965թ. Բուենոս Այրեսում (Արգենտինա)`ցեղասպանության հիսունամյակի առթիվ:Հեղինակը` Աշոտ Արծրունին այն գրել է հայերեն լեզվով, իսկ նրա որդին` Ռուբենն այն թարգմանել է իսպաներեն:

Գիրքը վերահրատարակվել է 1971 եւ 1978թթ., իսկ պորտուգալերեն տարբերակը լույս է տեսել 1976թ.: Այս աշխատանքն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունն իր ծագումից մինչեւ մեր օրերը: Գրքի առանձնահատկությունն այն է, որ հայոց պատմությունը ներկայացվում է հարեւան ժողովուրդների եւ համաշխարհային իրադարձությունների համատեքստում: Հեղինակը 1919թ. ուսանել է Հայաստանի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում: Եղել է քաղաքական գործիչ, մանկավարժ, դասախոս եւ լրագրող:

Վերջին հրատարակությունը բնագրի արդիականացված տարբերակն Է, որը Ռուբեն Արծրունին կատարել է մանրակրկիտ կերպով` մի խումբ մասնագետների ուսումնասիրությունների համալրմամբ: Այսպիսով, տեղ են գտել նաեւ վերջին քառասուն տարվա պատմական իրադաձությունները` Ղարաբաղի ազատագրական պայքարը, 1991թ. անկախությունը, արտագաղթը, այլ հարցեր: Գրքի նախաբանները հեղինակել են լրագրողներ Օսվալդո Բայերը (Արգենտինա), Գեւորգ Յազըճյանը (Հայաստան) եւ Խոսե Անտոնիո Գուռիարանը (Իսպանիա): Այն ապրիլի 28-ին ներկայացվել է Բուենոս Այրեսի 36-րդ Գրքի միջազգային ցուցահանդեսի ,Հայաստանի Հանրապետությունե տաղավարում` Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Հայ կենտրոնի հովանավորությամբ:

Գրքի շնորհանդեսը, ինչպես հաղորդում է Արմենպրեսը,  տեղի Է ունեցել «Բորխես մշակութային կենտրոնի»  դահլիճում: Այն մայիսի 3-ին ներկայացվել է նաեւ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Ատենեո» մշակութային կենտրոնում: «Հայ ժողովրդի պատմությունը» առաջիկա օրերին կներկայացվի նաեւ Հայաստանում: Չորրորդ հրատարակության լրամշակման աշխատանքները Ռուբեն Արծրունին մեծ մասամբ կատարել է Հայաստանում` ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մասնագետների հետ համագործակցությամբ:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply