Գիտաժողով՝ նվիրված իմամ Խոմեյնու մահվան 21-րդ տարելիցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2010 14:54

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում այսօր անցկացվեց «Իմամ Խոմեյնու գաղափարների եւ մտքերի ազդեցության քննարկումն Իրանում եւ աշխարհում» թեմայով մեկօրյա գիտաժողով` նվիրված Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնու մահվան 21-րդ տարելիցին: Ինչպես նշեց ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտաժողովը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել Խոմեյնու գործունեությունը, գաղափարախոսությունը, ունեցած ձեռքբերումները:

«Իմամ Խոմեյնին իսկական առաջնորդ էր եւ նրա գաղափարները շարունակում են ապրել: Շատ կարեւոր է նման միջոցառումների կազմակերպումը: Դրանցով մեկ ագամ եւս շեշտվում է հայերի եւ իրանցիների դարավոր բարեկամությունը, որը գնալով ավելի է ամրապնդվում եւ բազմակողմանի դառնում»,-ասաց Ռ. Մարտիրոսյանը: Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը նշեց, որ Խոմեյնին ոչ միայն կրոնական, մտավորական առաջնորդ էր, այլեւ մեծ մարդասեր: Նրա խոսքով, իմամ Խոմեյնու միտքը հաղթահարեց բոլոր դժվարությունները եւ նրա մահվանից տարիներ անց մարդիկ շարունակում են ոգեշչնվել, առաջնորդվել նրա գաղափարներով: Ըստ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի` անվիճելի է, որ իմամ Խոմեյնու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել մարդկության քաղաքակրթության վրա, որովհետեւ նա սովորական մահկանացու չէր: Նա մի անձնավորություն էր, ըստ ռեկտորի, ով կարողացավ իր գաղափարները, համոզմունքը, խոհերը դարձնել միլիոնավոր մարդկանց սեփականությունը:

«Դա ամեն մեկին տրված չէ: Նա այնպիսի անհատ է, որի նմանները հազվադեպ են ի հայտ գալիս: Նրանք դառնում են ժողովուրդների առաջնորդը` բնականաբար, մեծ ազդեցություն թողնելով մշակույթի, քաղաքականության եւ այլ բնագավառների վրա: Իմամ Խոմեյնու թողած ժառանգությունը մեծ է, եւ մարդկությունը դա չի մոռացել»,-ասաց Ա. Սիմոնյանը: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ Իրանի մշակույթն այսօր մեծ զարգացում է ապրում` գրանցելով լուրջ հաջողություններ բազմաթիվ ճյուղերում: «Իրանի նոր շունչ ստացած մշակութային բնագավառում այսօր հետաքրքիր արդյունքներ են գրանցվում: Ակտիվ գործունեութուն են իրականացնում նաեւ կանայք: Այսօր Իրանի գրողների միությունում մեծ թվով կին գրողներ կան»,-ասաց Լ. Անանյանը:

Իմամ Խոմեյնին ծնվել է 1281թվականին Խոմեյն քաղաքում: Ծնողները եղել են հոգեւորականներ: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում, իսկ 19 տարեկանում տեղափոխվել է Արաքի հոգեւոր ճեմարան, հետագայում տեղափոխվել է Ղոմի հոգեւոր կենտրոն: Նա կրոնի վերածննդի խոշոր վերափոխիչ էր: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութի կենտրոնը, ՀՀ ԳԱԱ-ն: Մասնակցեցին նաեւ Երեւանի պետական համալսարանի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություների ներկայացուցիչներ:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply