Այսօր 11163 դիմորդ քննություն է հանձնում հայոց լեզվից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2010 12:23

Այսօր ՀՀ և ԼՂՀ 43 քննական կենտրոններում 11 163 դիմորդ-շրջանավարտ միասնական քննություն է հանձնում «Հայոց լեզու և գրականություն»  առարկայից:

Սա այս տարվա 2-րդ միասնական քննական օրն է՝ առաջինը հունիսի 1-ն էր:

Այսօր լրագրողները և ԳԹԿ տնօրենը քննության ընթացքին հետևում էին ԵՊՀ-ում ձևավորված քննական կենտրոնում, որտեղ քննություն է հանձնում 341 շրջանավարտ /17-ը քննության չէին ներկայացել/:

Առավոտյան ժամը 9-ին շրջանավարտներն արդեն վիճակահանությամբ պարզել են իրենց քննական սեղանը և այն զբաղեցրել: ԳԹԿ ներկայացուցիչը բացատրում է քննության կարգը, ձևաթուղթը լրացնելու ճիշտ եղանակը: ԳԹԿ ներկայացուցիչը զգուշացնում է բոլորին, որ բջջային հեռախոս գտնելու դեպքում շրջանավարտին անմիջապես դուրս կհանեն քննասենյակից, իսկ խոսելու և քննական կարգը խախտելու դեպքում 1 անգամ նախազգուշացումից հետո նոր դուրս կհանեն քննասենյակից: Եթե առկա է քննական կարգի խախտում, ինչը խոչընդոտում է առաջադրանքի լիարժեք կատարմանը, դիմորդները կարող են հենց նույն պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը բողոք-դիմում լրացնել:

Առաջացած հարցերին պատասխանելուց հետո բացվում են քննական թեստերը և քննությունը սկսված է. քննական 80 հարցերին պատասխանելու համար տրվում է 3 ժամ ժամանակ:

ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ չնայած քննասենյակ մուտք գործելուց առաջ բոլորին զգուշացվել է, որ բջջայիններով ներս մտնել չի կարելի, սակայն կազմակերպիչները մինչ քննության սկսվելը որոշ շրջանավարտների մոտից հեռախոսներ են գտել և վերցրել: Բացի այդ՝ հեռախոսի ազդանշանը խլացնող սարքեր են տեղադրված սանհանգույցներում, որտեղ և սովորաբոր դիմորդները փորձում են օգտվել հեռախոսից:

ԳԹԿ տնօրեն  Գուրգեն Խաչատրյանն ասում է, որ թեստերը կազմող մասնագետներին առաջադրանք է տրվել չշեղվել դպրոցական ուսումնական ծրագրից, այնպես որ թեստերում ծրագրից դուրս հարցեր չեն կարող լինել:

Քննություններին  հետևում էին նաև ծնողները՝ էկրաններից: Այստեղ ամեն ծնող փորձում էր գտնել իր երեխային՝ հաջողության դեպքում ուրախության արցունքներն աչքերին սկսում էին կռահումներ անել, թե ինչպիսին է երեխայի տրամադրությունը, գրում է, թե ոչ:

Կային նաև ծնողներ, ովքեր այդպես էլ չկարողացան գտնել իրենց երեխային, սակայն  նրանք չէին դժգոհում՝  կարևորելով  քննասենյակի տրամադրությանը հետևելու հնարավորությունը:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply