Բեռլինում բացվել է երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդես

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2010 20:00

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Բեռլինի «Սոլիտեր» պատկերասրահում տեղի ունեցավ «Մանկական երազներ» խորագրով երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսի բացումը, որին մասնակցեց եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է Բեռլինի «Ալբատրոս» հասարակական կազմակերպության աշխատակից Մարգարիտա Թադեւոսյանը` գերմանական «Ալբատրոս», «XXI-րդ հազարամյակն առանց պատերազմի», «Գեղեցիկ արվեստներին օժանդակող ընկերություն» հասարակական կազմակերպությունների օգնությամբ:

Գերմանիայում Հայաստանի դեսպանության առաջարկով Երեւանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնը ցուցահանդեսին ներկայացրեց իր սաների թվով 15 աշխատանքներ, որոնք արժանացան ներկաների բարձր գնահատանքին: Ի նշան երեխաների հետ համերաշխության, ցուցահանդեսին իրենց մի քանի աշխատանքներով մասնակցում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը, ինչպես նաեւ` հայտնի նկարիչներ Նորբերտ Բիսկին եւ Էլվիրա Բախը:

Ցուցահանդեսը, որի նպատակն է ընդարձակել արվեստի դերը որպես երկխոսության միջոց տարբեր ազգությունների, հավատների եւ սոցիալական ծագում ունեցող աճող սերնդի միջեւ, կշարունակվի մինչեւ հուլիսի վերջ` հյուրընկալվելով Գերմանիայի տարբեր քաղաքներում:

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply