Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԺ նախագահ Ռոբերտա Անաստասեի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 3, 2010 19:52

Ս. թ. հունիսի 3-ին Ռումինիայի ԱԺ նախագահ տիկին Ռոբերտա Անաստասեն (Roberta Anastase) ընդունեց Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին:

Ծավալված զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian), երկկողմ հարաբերությունների ընդարձակման առումով երկուստեք կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այդ կապակցությամբ, բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը զուգահեռ, անհրաժեշտ համարվեց բարեկամական խմբերի փոխշփումների ակտիվացումը եւ համագործակցության օրակարգի կազմումը, որը զուտ օրենսդրական ոլորտից դուրս կարող է ընդգրկել նաեւ տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում զանազան ծրագրերի նախաձեռնումը եւ խրախուսումը: Միջխորհրդարանական փոխշփումների ու համագործակցության կարեւոր շրջանակ համարվեց եվրոպական եւ միջազգային ֆորումները, ինպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատման եւ ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող ծրագրերի մեջ խորհրդարանականների առավել ներգրավումը:

Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց ռումինահայ փոքրամասնության հարուստ անցյալն ու արդի շրջանում կարեւոր առաքելությունը երկու երկրների կապերի ամրապնդման գործում: Շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` Ռումինիայի ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց ամենայն կերպ աջակցելու այն բոլոր ծրագրերին, որոնք կոչված են էլ ավելի խորացնելու Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող բարեկամական դարավոր կապերը:

Տեղեկանք: Մասնագիտությամբ սոցիոլոգ եւ քաղաքագետ 34-ամյա տիկին Ռոբերտա Անաստասեն Ռումինիայի խորհրդարանի առաջին կին նախագահն է: Քաղաքականության մեջ ներգրավվել է 15 տարեկանից: Ներկայումս իշխող Ժողովրդավարական-ազատական կուսակցության (PDL) ղեկավար կազմի մեջ միջազգային հարաբերությունների գծով գործադիր քարտուղարն է: 2005-2008թթ. եղել է դիտորդ, այնուհետեւ Եվրապառլամենտի անդամ, այդ ընթացքում հատուկ հետաքրքրություն է դրսեւորել արտաքին ու շրջանային հարցերի նկատմամբ, նշանակվել Սեւծովյան համագործակցության հարցով զեկուցող:

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply