Քննարկվել են «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունները
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | June 3, 2010 17:14
«Անկախ նրանից, թե հունիսի 8- ին սկսվող դատական նիստում ինչ որոշում կկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանը, «Մարդուն օրգաններ (եւ) կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունները եւ ընդհանրապես այս ոլորտը կդառնա ոչ միայն Հանրային խորհրդի առողջապահական հարցերով կոլեգիայի փորձագիտական լուրջ ուսումնասիրության թեմա, այլեւ Հանրային Խորհրդում, նրա տարբեր հանձնաժողովներում՝ լայն քննարկման առարկա». կոլեգիայի ընդլայնված նիստում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայությամբ եւ բուռն քննարկումից հետո պայմանավորվեցին կոլեգիայի անդամները, Հանրային խորհրդի այլ ներկայացուցիչներ, ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկումները կլինեն ՍԴ որոշումից հետո:
Հարցը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված նամակով բարձրացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Պաշտպանը փետրվարին դիմել է ՀՀ ՍԴ՝ վիճարկելով օրենքի փոփոխությունների դրույթների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:
Առողջապահության ազգային ինստիտուտի շենքում հունիսի 4 ին կոլեգիայի ընդլայնված նիստում հնչած կարծիքները բավական իրարամերժ էին, առողջապահության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյանը ամփոփեց, որ միաձայնություն կար միայն մեկ խնդրում՝ որեւէ մեկը դեմ չարտահայտվեց օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման գաղափարին, եւ որ կա խնդիր՝ «2002թ. ընդունված օրենքը չի կարողացել համապասխան համակարգ ձեւավորել, 8 տարի անց փոխել ենք դրույթները, որ ձեւավորվի», սակայն այստեղ ոմանք լուրջ վտանգներ են տեսնում՝ կապված ամենատարբեր խնդիրների հետ:
Մեջբերումներ ելույթներից՝ հերթականության կարգով:
Արա Բաբլոյան. հիմնական զեկուցող , վիրաբույժ, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ.
« 2002 ից օրենքը գործել էր, եւ այդ 8 տարիների մեջ որեւէ մեկը չէր դիմել, թե համաձայն է, որ իր մահվանից հետո փոխպատվաստելու համար օգտագործվի իր որեւէ օրգանը կամ հյուսվածքը: Օրենքի այդ դրույթներով կենդանության օրոք որեւէ մեկի տված նման համաձայնության դեպքում միայն կարելի էր նրա օրգանի կամ հյուսվածքի փոխպատվաստում իրականցնել: Փոփոխված դրույթներով, ամեն մարդ իրավունք ունի հրաժարվելու, որ իր մահվանից հետո այլ մարդու փոխպատվաստվեն իր օրգանը կամ հյուսվածքը. հրաժարումը գրանցվում է հատուկ ռեեստրում: Բայց, եթե նա չի հրաժարվել, համարվում է, որ համաձայնությունը կա: Բայց դրված է երկրորդ անհրաժեշտությունը՝ հարազատների համաձայնությունը…
Որպես թերություն է նշվում, թե կեղծիքների ու հանցագոծությունների դաշտ է բացում: Եկեք ոչ թե ամեն ինչի մեջ կեղծիք կամ հանցագործություն տեսնենք, այլ դրանք բացառելու համակարգ մշակենք՝ փրկենք փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց կյանքը…Վերջին 20 տարիների ընթացքում բժշկական միտքն աշխատել, առաջ է գնացել, բայց մարդիկ շարունակում են մահանալ մեզ մոտ՝ դոնորական օրգանների կամ հյուսվածքների բացակայության պատճառով:
Արա Մինասյան, ՀԽ անդամ, «Ս.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն. «Ինչու՞ ենք օրենքի մասին այսքան ուշ իմանում, այն էլ՝ ընդունվելուց հետո: Անձամբ ես պատահաբար հեռուստատեսությամբ լսել եմ Արմեն Հարությունյանի մի խոսքից: Դուք միշտ բաց եք եղել, ինչու՞ այս անգամ այդպես փակ եղավ»:
Արա Բաբլոյան. «Մի քանի անգամ մասնագիտական լայն քննարկում են ունեցել փոփոխությունները»:
Արմեն Հարությունյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան. «Ճիշտն ասած, ես դիմել էի փորձագիտական եզրակացության համար, իսկ այստեղ քննարկում է, որի հրապարակումը կարող է ճնշում դիտվել Սահմանադրական Դատարանի նիստից առաջ: …Պրն Բաբլոյան, ձեր ամբողջ ելույթը կառուցված էր բժշկական տեսանկյունից, բայց չէ՞ որ այստեղ մարդու իրավունքի հարց կա, այն մարդու, որի օրգանները պետք է փոխպատվաստեն եւ որը կենդանության օրոք իր համաձայնությունը չի տվել: Ասում եք՝ հարազատների համաձայնությունը: Բայց այդ օրգանների տերը առաջին հերթին ինքն է: Այստեղ անորոշության վտանգ կա, իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համար անորոշությունը վտանգավոր հիմք է: … Այստեղ առանցքայինը այն մարդու իրավունքն է, որի օրգանը վերցնելու են: Բացի այդ, 2002 ի օրենքում, երբ կենդանության օրոք նա համաձայնությունը պիտի տված լիներ, ավելի քիչ կոռուպցիոն ռիսկեր կային:
… Զարգացած երկրների օրինակներ եք բերում: Բայց դժվար է պատկերացնել, որ ասենք, Անգլիայում օրենքն արգելի, բայց բժիշկները վերցնեն օրգանները: Մենք Անգլիա չենք: Գոնե հետսովետական երկրների օրինակներ բերեք… Հայաստանի պայմաններում սա շատ վտանգավոր է… Մենք չենք հակադրվում ձեր կոնցեպցիային, ասում ենք՝ նախօրոք այդ մարդուց համաձայնությունը ստացիր, կտա՝ կտա, չի տա՝ չի տա… Հայաստանի պայմաններում ասում եք՝ դուք բոլոր 3 միլիոնդ, պոտենցիալ դոնոր եք, եթե կենդանության օրոք չհրաժարվեք: Հարազատի համաձայնության մասին էլ այնպես է գրված, որ չստանան էլ, խնդիր չի լինի:
…Ուրեմն էս մարդիկ էլ բան ու գործ չունեն, ամեն օր գնան լցվեն հիվանդանոց, որ հրաժարվեն: Մարդը հիվանդանոց գնալիս լիքը դարդ ունի, չի ասում՝ էս գլխից ասեմ՝ եթե մահացա, օրգաններս չօգտագործեք: Այս փոփոխություններով, դու քո տանը նստած արդեն դոնոր ես: Գերմանիայի պես երկիրը հետ է վերցրել, վերադարձել է մեր հին օրենքին: Դանիան քննարկում է: Աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսներից է, ու Հայաստանը կսարքեն ուրիշների համար դոնորների երկիր: 5 հոգու փրկեցինք, 10 հոգու փրկեցինք, բայց երբ ամբողջ բնակչությանը դարձնում ենք պոտենցիալ դոնոր, շատ վտանգավոր բան է»:
Արա Բաբլոյան. «Ձեր ելույթից հետո ես ավելի շատ մտահոգվեցի: Դուք անջատում եք մարդու առողջության իրավունքը մյուս իրավունքներից: Մենք ձեզ հետ կոնցեպտուալ անհամաձայնություն ունենք դեռ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումից: Դուք մարդու առողջության իրավունքը դարձրիք բուժծառայություններից օգտվելու իրավունք… Խնդրում եմ հենց հիմա դադարեցնել այս քննարկումը, այո, չեմ ուզում, որ որպես ճնշում դիտվի Սահմանադրական Դատարանի վրա»:
Վազգեն Մանուկյան, ՀԽ նախագահ. «Մենք պայմանավորվել ենք, որ Հանրային Խորհրդում քննարկումները լինելու են միայն ու միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո՝ ինչպիսին էլ այն լինի: Սա կոլեգիայի նիստ է»:
Դերենիկ Դումանյան, հանձնաժողովի նախագահ. «Սա իրավական կամ քաղաքական քննարկում չէ, մասնագիտական, փորձագիտական է: Համենայնդեպս, կոլեգիայի որոշումն էլ գուցե հետաձգենք… »:
Էմիլ Գաբրիելյան, ՀԽ անդամ, ակադեմիկոս,դեղաբան. «Պետք է գտնել ոսկե միջինը՝ առողջության իրավունքի եւ մարդ դոնորի իրավունքի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին դրույթներից է՝ մարդն իրավունք ունի պահպանելու իր առողջությունը…
Այս օրենքի մյուս կողմն այն է լինելու, որ առանց բացառության բոլորը, ովքեր «չէ» չեն ասել, նրանք բոլորը «հա» են: Կողքի երկրներից գալու են… Իսկ հակառակ կողմը, եթե մենք մեր երկրում հարցը չլուծենք, փոխպատվաստման համար աչքներս տնկենք դրսի վրա, դա էլ ելք չէ, բոլորը չէ, որ միլիոններ կարող են գտնել: Եթե Բելգիայում, կամ մի այլ երկրում մարդը փրկվում է, Հայաստանում մահանում է դոնոր չլինելու պատճառով, դա էլ վատ է: … Արյան փոխներարկման քարոզչությունն ինչպես է արվում…Սոցիալ հոգեբանական, կրոնական ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով հանդերձ, պետք է հասկացնել, որ օրգանների դոնորությունը նույնպես հումանիստական մեծ քայլ է…
ԱՄՆ ում վարորդական իրավունքի հետ խնդիրներ ունեցա, փաստաթղթերը լրացնելիս դա էլ հարցրին՝ համաձայնությունս, օրգաններդ հետո կտա՞ս, թե՞ չէ:
Մի բան էլ. եթե խեղդած վիճակում պահենք այս ոլորտը, բժշկությունը չի զարգանա: Օրգաններից առաջին եւ միակ փոխպատվաստումը երիկամինն է մեր երկրում, շնորհիվ Արա Բաբլոյանի: Փայլուն տաղանդներ են աճում, մեր երկրում դուռ պիտի բացենք»:
Գրիգոր Բադիրյան, ՀԽ անդամ, իրավաբան. «Զուտ իրավական տեսակետից այստեղ անհավասարություն կա մարդկանց տարբեր խմբերի միջեւ: Իսկ եթե մարդն անտե՞ր է, հարազատ չունի՞, ի՞նչ է լինելու:
Մտավախություն ունեմ, որ անլեգալ էֆթանազիայի առջեւ էլ դուռ կբացվի, չնայած արգելված է Հայաստանում էֆթանազիան:
Բժիշկները, որոնք միշտ մեծ ճիգերով պայքարում են մահամերձի կյանքը փրկելու համար, գուցե ճիգերը նվազեցնե՞ն՝ մտածելով, որ ուրիշ մեկինը գոնե փրկելն ավելի հավանական կլինի…»:
Արա Մինասյան՞ «Մինչ օրենքի այս փոփոխությունը 2002 ինը կար, ինչու՞ չէր զարգանում բժշկության այդ ոլորտը: Որովհետեւ դրա համար ահռելի նյութատեխնիկական բազա է պետք, ֆինանսական ռեսուրսներ: Եղածն էլ շատ արագ է հնանում: Այս օրենքը կարող է գործել, եթե աբողջ բնակչությունը պաշտպանված լինի ապահովագրական ընկերությունների եւ պետության կողմից: Առողջապահական իրավական դաշտն էլ ստեղծված չէ, ամբողջ պրակտիկ բժշկությունը կըկնի հարվածի տակ: Առանց այդ էլ, երբ հիվանդի վիճակը վատանում է, բժշկին պատին են սեղմում, թե մի բան այն չարեցիր…»:
Վազգեն Մանուկյան. «Երեք հետեւություն կարող եմ անել՝ կամ հին օրենքը չգործեց, կամ մեր ժողովրդի մտածելակերպը դրան դեմ է, կամ էլ՝ ոչ մեկը չի փորձել նախորդ ութ տարիներին աշխատեցնել հին օրենքը: Եթե փորձ արվեր աշխատեցնելու, հասարակական կարծիք կձեւավորվեր, տեխնոլոգիաներ կմշակվեին, գուցե աշխատեր: Եվ բոլոր օրենքների հանդեպ այդ նույն ծայրահեղությունը կա մեզ մոտ՝ եթե չի աշխատել, նորացնել…»:
Արա Բաբլոյան. «Ասվեց, որ մեզ մոտ օրգանների փոխպատվաստման վիրահատությունները չեն ընդլայնվի եւ որ ընդհանրապես որոշ օրգանների վիրահատություններ չեն արվում…Ամոթ մեզ, որ լյարդ չենք վիրահատում…
Ասում եք, կգողանան մարդկանց, օրգանները կհանեն, կտանեն այլ երկրներ: Եթե տանելու են, այս օրենքը հո դրսում չի՞ աշխատելու… Ասում եք՝ ազնվորեն ասա, ինչու՞ եք արել այս փոփոխությունները: Ասում եմ, այո, ես գտնում եմ, որ երկրում պետք է դաշտը կարգավորվի:
Հարց չկա, մեռնեմ օրենքին, թող Սահմանադրական Դատարանը որոշի: Ինչ էլ որոշի՝ կենթարկվեմ: Ինչ էլ որոշի՝ պատրաստ եմ դրանից հետո հավաքվենք, մտավախությունները, բոլոր բացերը քննարկենք: Այո, 20 տարվա կյանքս նվիրել եմ ոչ թե ճողվածք կամ կույր աղիք վիրահատելով հանգիստ քնելուն… Հաջորդ շաբաթ 100 րդ երիկամը կպատվաստեմ: Բայց չեմ ուզում, որ մարդկանց կյանքը երիկամ պատվաստելով միայն փրկվի»:
Արմեն Հարությունյան. «Բայց դուք այդ վիրահատություններն արել եք հին օրենքի պայմաններում էլ…
Որպես իրավաբան, փոփոխություններն ինձ համար համոզիչ չեն: Նախորդ օրենքում մարդն ավելի պաշտպանված էր, իսկ մեր երկրների նման երկրներում մարդն ավելի ու ավելի լիարժեք պաշտպանվածության կարիքն ունի»:
Հանրային Խորհրդի տեղեկատվություն






Facebook
Tweet This
Email This Post
