Վերահսկիչ պալատը Մշակույթի նախարարությունում 204 մլն դրամի խախտում է հայտնաբերել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | June 30, 2009 17:07

ishkhan-zakaryanՀՀ Վերահսկիչ պալատը(ՎՊ) Մշակույթի նախարարությունում հայտնաբերել է մոտ 204 մլն դրամի խախտում, որից 61 միլիոն 499 հազար դրամը` պահուստային ֆոնդի հատկացրած գումարներից: Նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության ուսումնասիրությամբ հայտնաբերվել է 24 միլիոն դրամի խախտում, իսկ հուշարձանների պահպանության գծով՝ 118,5 միլիոն դրամի: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ այս գումարները պետք է վերադարձվեն բյուջե:

ՎՊ-ն, ուսումնասիրելով 2007-2008թթ. ՀՀ Մշակույթի նախարարության, Արմավիրի մարզի, ՀՀ Սահմանադրական դատարանի, դատախազության և Հանրային ծառայությունները կարգավորոր հանձնաժողովների` պետական բյուջից հատկացված միջոցների օգտագործման հաշվետվությունները, հայտնաբերել է մի շարք խախտումներ. այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Զաքարյանը:

Ըստ ՎՊ ուսումնասիրությունների` Մշակույթի նախարությունը դեռևս 2006թ.-ից «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար ֆինանսավորվել էր 14.9 մլն դրամով, բայց այն դեռ բեմադրված չէ, իսկ գումարը վերադարձված չէ բյուջե:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարինե Դուրգարյանն «Անկախ»-ին ասաց, որ «Վերահսկիչ պալատից որևէ փաստաթուղթ նախարարությունը դեռևս չի ստացել, հետևաբար չի կարող մեկնաբանություն տալ»:

Բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի մարզում հողի վաճառքի հետ կապված: «Մենք այստեղ արձանագրել ենք դեպքեր, երբ, օրինակ, 10 հեկտար հողը վաճառվել է 354 հազար դրամով, սակայն ուղիղ մեկ օր հետո այս հողը վերավաճառվել է 3 միլիոն 900 հազար դրամով,-ասում է Զաքարյանը,-Հաջորդ դեպքում 40 հեկտար հողը վաճառվել է 850 հազար դրամով եւ ընդամենը 26 օր հետո վերավաճառվել 21 միլիոն դրամով»:

Իսկ Փարաքար գյուղում կազինոների եւ կահույքի խանութների համար վաճառվել է հող` մեկ քմ-ը` 6,7 դրամով, մինչդեռ այդ տարածքի հողերը հետագայում վերավաճառվում են միլիոններով:

Արմավիրի Մարգարա գյուղում «Արաքս ավազան» եւ «Վինեկ» ՍՊԸ-ները, որոնց մեկ հեկտարը 25 հազար դրամով հող են վաճառել` գյուղմթերք արտադրելու համար, սկսել են արդյունահանել սեւ ավազ, այսինքն` գյուղմթերքի արտադրության անվան տակ կատարվել է հանքի վաճառք: Իսկ սեւ ավազի մեկ մեքենան (բեռնատար) արժե 25-30 հազար դրամ:

Արմավիրում չարաշահումներ են հայտնաբերվել նաև քաղաքաշինության ոլորտում: Ընդհանուր առմամբ, հատկացված 2.3 մլրդ դրամից ՎՊ-ն ստուգել է 906 մլն դրամի ծախսը և հայտանբերել 86 մլն դրամի խախտում:

Ամենաթեթև խախտումները հայտնաբերվել են ՀՀ Սահմանադրական դատարանում և դատախազությունում:

«Այս ոլորտներում գումարային առումով չկան թերություններ, այստեղ առկա են որոշակի ընթացակարգային խախտումներ»,-հայտարարեց Զաքարյանը` պարզաբանելով, որ իրենք վերահսկում են միայն պետբյուջեից հատկացված գումարները:

Դիտվել է 1820 անգամ:
Print Friendly

Leave a Reply