«Լեզուն գույք չէ, որ տանք պարտքի դիմաց»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 3, 2010 16:44

Հունիսի 2-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդրանիկ համաժողովը: Որոշվեց, որ ՀՀ կառավարության` օտարալեզու դպրոցներ բացելու նախագիծն անընդունելի է, քանի որ այն մեծագույն հարված է Հայաստանի անկախությանն ու հայոց ինքնությանը:

Նախաձեռնության անդամների հայտարարություն-ուղերձում նշվում է, որ կառավարությունը պետք է անհապաղ հետ վերցնի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը, իսկ Ազգային ժողովը ոչ մի դեպքում չպետք է ընդգրկի այն նիստերի օրակարգում: «Համարում ենք, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել կրթության որակը բարելավելու ուղղությամբ, ներառյալ` օտար լեզուների դասավանդումը: Պատրաստ ենք դիմել օրենքով սահմանված ցանկացած միջոցի` տապալելու  ազգադավ ու անհեթեթ նախագիծը»,- նշված է  հայտարարության մեջ:

Հունիսի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «ԼԵզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Եթե այն չարժանանա հանձնաժողովի հավանությանը, ապա ԱԺ-ն պետք է քվեարկի` թողնե՞լ այն օրակարգում, թե` ոչ: Եվ եթե պատգամավորները նույնպես դեմ լինեն, ապա այն դուրս կգա շրջանառությունից: Իսկ եթե հանձնաժողովում օրինագիծը դրական եզրակացություն ստանա, ապա կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, առաջին ընթերցումից հետո կտեղափոխվի աշնանային նստաշրջան և մինչև երկրորդ ընթերցումը կլրամշակվի:

Համաժողովին ներկա քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային ոլորտի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտեցին օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ` պահանջելով, որ նախագիծն ընդհանրապես չքննարկվի Ազգային ժողովում:

Համաժողովի սկզբում կազմակերպիչները նշեցին, որ համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սակայն նախարարությունը, ճշտելով, որ նախարարը համաժողովի ընթացքում խոսքի իրավունք չի ունենալու, մերժել է հրավերը` հաղորդագրություն տարածելով, թե` նախաձեռնող խումբն այլակարծություն չի հանդուրժում: Նախաձեռնեղ խումբը համարում է, որ արդեն տևական ժամանակ Հայաստանի հեռուստաալիքներով հնչել է կրթության նախարարի միակողմանի կարծիքը, հիմա ժամանակն է, որ նա լսի հանրության կարծիքը:

Համաժողովում ելույթ ունեցան արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ նախագահ Գարեգին Չուքասզյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, լրագրող Վահան Իշխանյանը և այլք:

Համաժողովի առաջին բանախոսը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանն իր ելույթում պաշտպանեց նախաձեռնող խմբի` Աշոտյանին խոսքի իրավունք չտալու գաղափարը. «Ես պատրաստ եմ վիճել մածունի սև ու սպիտակ լինելու վերաբերյալ և անգամ ապացուցել, որ մածունը սև է,- ասաց Հովհաննիսյանը,- սակայն այս հարցի շուրջ բանավիճել պարզապես չի կարելի»: Հովհաննիսյանը նաև չի ընդունում օրինագծի հեղինակների այն միտքը, թե օտարալեզու դպրոցները կազմելու են ընդամենը մեկ տոկոս. «Այդպիսի բան գոյություն չունի. օրենքը կամ լինում է, կամ չի լինում,- ասաց նա,- սա նշանակում է, որ նախարարը չգիտի մեր օրենքները: Սա ուղղակի ծաղրուծանակ է, և այդպիսի մարդը կառավարության մեջ լինելու իրավունք չունի»: Հովհաննիսյանը կարծում է, որ այդ օրինագծի հեղինակներն ուզում են մեր լեզուն դարձնել կենցաղային լեզու և «ուղարկել ուղիղ խոհանոց», մինչդեռ հայոց լեզուն գիտության լեզու է:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանն էլ համոզված է, որ օտարալեզու դպրոցների վերաբացման դեպքում գալու է մի պահ, երբ բոլորն ուզելու են իրենց երեխաներին այդ դպրոցներ ուղարկել. «Հենց այդ պահը գա, մենք կկորցնենք մեր հայկականությունը և դրա հետ միասին խաչ կքաշենք մեր անկախության վրա»,- շեշտում է նա:

Լավրենտի Հովհաննիսյանի կարծիքով, սա արտաքին ուժերի պարտադրանք է, սակայն նաև կարծում է, որ «ամեն պարտադրանք չէ, որ պետք է կատարվի»: Հովհաննիսյանը զգուշացնում է. «Լեզուն գույք չէ, որ տանք պարտքի դիմաց»:

Կարինե Դանիելյանն էլ կարծիք հայտնեց, որ դա միայն օտարալեզու դպրոց չէ, այլ օտար ծրագրերով դպրոց: Դանիելյանն, իր անձնական օրինակը բերելով (սովորել է Պուշկինի անվան ռուսական դպրոցում), ասաց, որ միշտ էլ իր համադպրոցականների  մեջ զգացել է այն տրամադրվածությունը, որ ռուսական դպրոցն էլիտար է, իսկ հայկականը` երկրորդական: «Եթե դրանք լինելու են էլիտար դպրոցներ, ապա ձևավորվելու է էլիտար սերունդ` կտրված ազգային արմատներից: Իսկ այդ սերունդը, վաղը գալով իշխանության, իր հետևից է տանելու ողջ հասարակությունը»,-ասաց նա:

Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ այդ դպրոցներն ավարտածների բացարձակ մեծամասնությունը կմեկնի արտերկիր, ուստի նա օրենքի նածագիծն անվանում է` պատրաստի ուղեգրեր արտասահմանի համար:

ԿԳ նախարարության նախաձեռնությունը «օտարի դեմ իգանալու անզուսպ ցանկություն» է համարում  Գարեգին Չուքասզյանը. «ՄԵնք գործ ունենք դավաճանի հետ,-ասաց նա,- և նրանք, ովքեր կմիանան դավաճանին, նույնպես դավաճաններ են»:

Իսկ Ռուբեն Հախվերդյանի կարծիքով, այս ամենը գալիս է իշխանությունների անգրագիտությունից. «Մենք պետք է մեզանից նեղանանք, որ այսպիսի ղեկավարներ ունենք»,-նշեց նա:

«Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» տեսակետի հետ համաձայն չէ Ավետիք Իշխանյանը, քանի որ կարծում է, որ ժողովուրդը շատ դեպքերում հետևում է իր վերնախավին. «Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանն ունենա կրթության այսպիսի նախարար: Եթե մենք այս ամենի դեմը չառնենք, մեր սերունդները վաղը մեզ կմեղադրեն»: Իշխանյանը համոզված է, որ իշխող կուսակցության մեջ, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր դեմ են այս նախագծին:

Պատմական գիտ. թեկնածու, սփյուռքահայ Գևորգ Յազըճյանն էլ զարմացած է, որ կառավարության մեջ էլ են իրար խաբում. «Սփյուռքի նախարարի հետ հանդիպման էի,- ասաց նա,- և նախարարը հայտնեց, որ դեմ է այս նախագծին, մինչդեռ Աշոտյանն ասում է, թե կառավարությունում նախագծին դեմ մարդիկ չկան: Ո՞վ է ստխախոսը` չգիտեմ»:

Լրագրող Վահան Իշխանյանը չի ընդունում այն, որ վարչապետն իր պահուստային ֆոնդից ֆինանսավորում է ռուսալեզու «Что, где, когда» հաղորդումը. «Օտար լեզվով ինտելեկտուալ հաղորդում ֆինանսավորելով` ուզում են ասել` տեսեք, միայն ռուսերենով կարելի է խելոք լինել»,- ասաց նա` նկատելով, որ հաղորդման նախաձեռնողներից մեկն էլ  Արմեն Աշոտյանն է: Լրագրողը հայ ժողովրդի ապագային հավատացողներին հորդորում է երկու բան` բարձրացնել կրթության որակը և իրականացնել համաշխարհային գրականության  ու տեխնոլոգիաների լեզուն թարգմանելու ազգային ծրագիր:

Համաժողովի ընթացքում, բացի երևույթի քննադատությունից, եղան նաև գործնական առաջարկություններ: Հարություն ՄԵսրոպյանն, օրինակ, առաջարկում է ստեղծել ալտերնատիվ կառավարություն, որն իր վրա կվերցնի այն գործառույթները, որոնք ի վիճակի չէ կատարելու տվյալ պետական կառույցը: Նա առաջարկում է այդ շարժումը տանել երկու ուղղությամբ` պրոֆեսիոնալների (մասնագետներ) և աջակցող խմբի գործունեությամբ:

Չուքասզյանն էլ, հիշեցնելով, որ հայ դպրոցի խնդիրները միայն հայերինը չեն, այլ համաշխարհային են` կապված էլեկտրոնային համակարգի ստեղծման հետ, առաջարկում է այդ խնդիրները լուծել ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելով, այլ, օրինակ, բոլոր աշակերտներին ձեռքի համակարգիչներ տրամադրելով. «Ուրուգվայը, որն ունի նույն խնդիրները, ինչ Հայաստանը, տասնութ ամսում կարողացավ այդ հարցը լուծել: Էռնեկյանն առաջարկել է այդ ծրագիրն իրականացնել նաև Հայաստանում, սակայն, չգիտես ինչու, դա չի արվում»,-ասաց նա:

Արմեն Այվազյանն առաջարկում է լեզվի պահպանման մեկ այլ կառուցվածքային լուծում. «Քանի որ Լեզվի պետական տեսչությունը չի կատարում իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, հայտարարում ենք Լեզվի ժողովրդական տեսչության ստեղծման մասին, որն իր ձեռքը կվերցնի և կիրականացնի տեսչության գործառույթները»: Այվազյանը հայտնեց, որ կստեղծվի առանձին հզոր կայք, որտեղ կկուտակվի Հայաստանում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն: Յուրաքանչյուրը կարող է աջակցել այս ժողովրդական կառույցի գործունեությանը` իր տեսած խախտումներն արձանագրելով և կայքում զետեղելով:

Բոլոր բանախոսները համակարծիք էին, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ ստեղծելու փոխարեն պետք է դպրոցներում խորացնել օտար լեզուների ուսուցումը, զարկ տալ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` նախ և առաջ հայերեն թարգմանելով համակարգչային ծրագրերի լեզուները:

Լեփ-լեցուն դահլիճում ելույթներն ուղեկցվում էին բուռն ծափահարություններով ու մեկնաբանություններով: Հավաքվածները ցավով էին նշում, որ նման առիթի համար են համախմբվել, միաժամանակ ուրախ էին, որ այդ համախմբումը վերաիմաստավորում է հայ ժողովրդի պայքարն ու անցած դժվարին ճանապարհը: Նրանք անթաքույց հպարտություն էին զգում, որ կրկին հասարակության սերուցքը միավորվել է և զինվել մինչև վերջ պայքարելու հաստատակամությամբ:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներից մեկի խոսքով, նախաձեռնությանն արդեն միացել է 2300 մարդ:

Նշենք, որ նախագծին դեմ են արտահայտվել նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի գրողների միությունը, Հանրային խորհուրդը, ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտներ, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը,
Հայ ավետարանական եկեղեցիների խորհուրդը, ոչ պաշտոնական տվյալներով` նաև Հայ առաքելական եկեղեցին, Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հասարակական-քաղաքական կառույցներ ու գործիչներ:

Դիտվել է 3255 անգամ:
Print Friendly

Leave a Reply