Սահմանվել է Սևանա լճի ջրառի չափաքանակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | June 3, 2010 16:09

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը որոշել է  ոռոգման նպատակով Սևանա լճից 2010թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 144,5 մլն խորանարդ մետր։

ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել իր 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Ակնկալվում է, որ նոր որոշման կիրառմամբ կկանոնակարգվեն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցների կանխարգելման տնտեսական լծակները և, իբրև արդյունք, կկանխվեն համանման նոր դեպքերը։ Վարչապետն այս որոշումը գնահատել է անօրինական շինարարության դեմ մղվող պայքարի համատեքստում։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների նախագծահետազոտական աշխատանքների համար ՀՀ տրանստորտի և կապի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է 45 մլն 807  հազար դրամ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարի երկրի ճանապարհներին տեղի են ունեցել աննախադեպ քանակով բնական վթարներ, վատացել է ճանապարհների վիճակը։ Դրությունը շտկելու առաջին անհրաժեշտության ծախսը հասնում է մեկ միլիարդ 300 մլն դրամի։
Գործադիրը լրացրել և փոփոխել է իր նախկին որոշումներից ևս մեկը, որով սահմանվել են տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման հիմնական պահանջները։ Մասնավորապես, ներմուծվել է նոր դրույթ, ըստ որի գովազդ կարող է տեղադրվել տրանսպորտային միջոցների տանիքի վրա։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և առողջապահության բնագավառում իրականացվող արդիականացման ծրագրով երկրի մի շարք բուժհաստատությունների վերազինման նպատակով առողջապահության նախարարությանը հատկացրել 255 մլն 800 հազար  դրամ։

Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքն ավարտին հասցնելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 20 մլն  դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, 2 մլն դրամ` մշակույթի նախարարությանը երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամին որպես նվիրատվություն տրամադրելու համար։

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամկետին մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի, Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկների մոտ, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում` ՀՀ ոստիկանության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ բազմաթիվ բողոքներ, այդ թվում` զբոսաշրջիկներից, ստացվում են Հանրապետության հրապարակում ավտոմեքենաների ազդանշանների կիրառմամբ անցկացվող միջոցառումների, մասնավորապես` հարսանյաց հանդեսների վերաբերյալ։ Անհրաժեշտ է դիմել երեւանցիներին, որպեսզի հրաժարվեն այդ ավանդույթից։

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply