Գրանցվել է օձերի խայթոցի շուրջ 20 դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 3, 2010 14:33

Այս տարի հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի շուրջ 20 դեպք. այս մասին «Անկախ»-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մայիսի 31-ին օձի խայթոցի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել Երևանի բնակիչ 33-ամյա Կարեն Զարգարյանը: Ստանալով անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին հիվանդը դուրս է գրվել:

ՀՀ Արարատի մարզի Վեդու բնակիչ 36-ամյա Համլետ Օհանյանը հունիսի 1-ին օձի խայթոցի հետևանքով ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդը ստացել է երկու սրվակ հակագյուրզին և անհրաժեշտ առաջին բուժօգնություն:

Նույն օրը ՀՀ Տավուշի մարզի Դեբետավան գյուղի բնակիչ 53-ամյա Օֆելյա Վրդոպյանն օձի խայթոցի հետևանքով ընդունվել է Նոյեմբերյանի հիվանդանոց: Հիվանդը ստացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին:

Հունիսի 1-ին օձի խայթոցի ևս մի դեպք է արձանագրվել: Բյուրական գյուղի բնակիչ 56-ամյա Ազատ Սարգսյանն ընդունվել է Աշտարակի բժշկական կենտրոն, սակայն հակագյուրզին ներարկելու անհրաժեշտություն չի եղել:

ՀՀ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի բնակիչ 58-ամյա Մկրտիչ Մկրտչյանը օձի խայթոցի հետևանքով հունիսի 2-ին ընդունվել է Թալինի բժշկական կենտրոն: Հիվանդը ստացել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը:

Առողջապահության  նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2008 թվականին Հայաստանում օձի խայթոցի հետևանքով ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստացել 135 բնակիչ` որից 119-ը մեծահասակ, 8-ը 0-14 տարեկան երեխա, 8-ը դեռահաս: Բացի այդ, 35 մարդ նույն խնդրով դիմել են ամբուլատոր բուժհաստատություններ:

2009 թվականին օձի խայթոցի հետևանքով ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստացել 110 բնակիչ` որից 92-ը մեծահասակ, 9-ը 0-14 տարեկան երեխա, 9-ը դեռահաս: Նույն ժամանակահատվածում 21 հոգի դիմել են ամբուլատոր բուժհաստատություններ:
Հայաստանում հանդիպում է 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան:

Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական և հյուսիս-արևմտյան շրջաններում: Դրանք փոքր կամ միջին չափերի օձեր են, մարմնի երկարությունը 30-60 սմ է: Չնայած դրանք թունավոր են, խայթոցից մարդկանց մահացության դեպքեր հայտնի չեն: Դարևսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում: Արտաքին տեսքով և մարմնի չափերով շատ նման է տափաստանայինին: Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրու շրջան: Դրանք միջին չափի` 60-120 սմ երկարությամբ օձեր են, թունավոր ու վտանգավոր մարդու համար:

Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն թունավոր օձ է, որի կծելուց հաճախ լինում են մահացության դեպքեր:

Հայաստանում ապրող թունավոր օձերն ունեն այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չունեն ոչ թունավոր օձերը: Դրանց գլխի վերին մասը ծածկված է մանր, անկանոն դասավորված թեփուկներով, որոնք իրենց չափերով նման են մարմնի վրա գտնվող թեփուկներին: Պոչը, ի տարբերություն ոչ թունավոր օձերի պոչի, կտրուկ ընդհատվում է: Աչքերի բիբը ճեղքաձև է, իսկ ոչ թունավորներինը` կլոր: Գլուխն ակնհայտորեն առանձնացած է պարանոցից:

Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում է թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերք, որոնց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած մանր հետքեր: Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են երկայնական դասավորված կետիկներ:

Տեսակի առումով առավել վտանգավոր են գյուրզաները` հատկապես ամռանը: Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղից և խորությունից: Առավել վտանգավոր են պարանոցի ու գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում: Լուրջ են նաև իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում:

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում անհրաժեշտ է սեղմել կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից: Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելն անհրաժեշտ է դադարեցնել, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս: Անհրաժեշտ է նաև հանգստացնել տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը: Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում: Այդ ընթացքում տուժածին պետք է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն: Կտրականապես արգելվում է արտածծել թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել օրգանիզմ: Կծած տեղի շրջանում կտրվածքներ չի կարելի կատարել կամ այրել կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը:

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply