«Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգում է Արծնիի համայնքային կենտրոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 3, 2010 14:00

Այս տարվա փետրվարին «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկեց Արծնիի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը: Ձեռնարկը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը:

Հիմնադրամի  կողմից Համայնքում իրականացվող երկրորդ  ծրագիրը դպրոցի հիմնանորոգումն է` Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ:

Համայնքայի երկհարկանի կենտրոնը 40 տարվա կառույց է եւ նորոգման խիստ կարիք ուներ: Վերանորոգումից հետո այնտեղ տեղակայված գյուղապետարանը կծառայի համայնքին, իսկ հանդիսությունների սրահն ու բուժկետը կսպասարկեն նաեւ հարեւան Ապավեն գյուղի բնակիչներին:Արդեն տեղադրվել են դռներն եւ լուսամուտները, միջանցքի հատակն ու աստիճանները երեսապատվել են մամլված գրանիտե սալիկներով: Ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները:

«Գյուղի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ երկու շենք է բարեկարգվում, շուրջ մեկ տասնյակ գյուղացի էլ աշխատանք է գտել` թեկուզ ժամանակավոր: Հուսով եմ` իրենց տները լքած գյուղացիները կվերադառնան»,- մեզ հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը, ապա մեզ փոխանցեց համագյուղացիների խոսքը,- «Գազն էլ որ լիներ, մեր կյանքը կհեշտանար»:

Գյուղի 350 բնակիչների մեծ մասը Գետաշենից  եկած փախստականներ են: Նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: 1991թ-ին համայնքը վերանվանվեց Արծնի:

«Գյուղում խնդիրներ շատ կան, բայց հույս ունեմ, որ մեր աշխատանքների արդյունքում գյուղը կսկսի նոր կյանքով ապրել, եւ գյուղացին կնախընտրի մնալ ու աշխատել հայրենի գյուղում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Լոռու մարզում ներկայումս իրականացվող երրորդ ծրագիրը Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցի մարզադահլիճի կառուցումն է, որը պատրաստ կլինի այս տարվա հունիսին :

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply