Սերենադ` սրտեր միավորող երաժշտություն` «գիտությունով չալողների» մտահղացմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Էդգար Ամիրխանյան | June 7, 2010 10:10Կանչում է Սևանը,
Ծով ալիքների մեջ,
Ժպտում է Սևանը:
Եթե հանկարծ մի օր ձեր պատուհանի տակ լսեք այս երաժշտությունը և տեսնեք մեքսիկական հանդերձանքով երաժիշտների, մի զարմացեք: Այն, ինչ հիմնականում ֆիլմերում եք տեսել, այսօր կարող է իրականում պատահել: Պատվիրատուներն անգամ հասցրել են սերենադ երգող երիտասարդ տղաներին «սիրո շտապօգնություն» անվանել: Եթե նրանք հայտնվեն ձեր բակում, ուրեմն ձեզ համար էլ ինչ-որ մեկն է կանչ գրել:
Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար:
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, դավաճանեցիր:
Սերենադ պատվիրելը մեր իրականության համար նորություն է, զարմանալի և սերը խոստովանելու յուրօրինակ հնարավորություն: «Գիտությունով կչալե» կազմակերպությունը, որ ստեղծվել է անցյալ տարվա օգոստոսին, աշխույժ գործունեությունը սկսել է վերջին մի քանի ամիսներին: Կազմակերպության նախագահը` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Տարոն Գասպարյանը, խմբի անվանումն ընտրել է հանկարծակի, հայտնի «Եռանկյունի» ֆիլմից. հերոսներից մեկը խնդրում է երեխային մի բան նվագել, երեխան պատասխանում է, որ միայն նոտաներով է նվագում, և հերոսը մեկնաբանում է, թե` «ան գիտությունով կչալե»:
«Ես սիրահարվել էի և ցանկանում էի իմ սիրած էակին մի շատ յուրօրինակ նվեր մատուցել: Իմ երաժիշտ ընկերների հետ որոշեցի սերենադ «կազմակերպել» նրանց բակում, աղջիկը շատ լավ ընդունեց, և մտածեցի, որ Երևանում ինձ պես շատ տղաներ կլինեն, ովքեր կցանկանան սիրելիի համար սերենադ պատվիրել կամ երգել»,-պատմում է Տարոն Գասպարյանը և խոստովանում, որ իրենց նպատակն է` տարածել դասական, ջազ, անաղարտ ժողովրդական երաժշտություն, բայց ոչ ռաբիս:
«Մենք ունենք երգացանկ, պատվիրատուն ընտրություն է կատարում, նշում, թե որ երգն է ուզում: Մենք երբեք ռաբիս կատարելու պատվեր չենք ընդունում, եղել են դեպքեր, որ մեծ գումարներ են առաջարկել, սակայն մեր սկզբունքներին դա դեմ է, և գումարն այս դեպքում դեր չի խաղում: Մեր երգացանկը մեծ է, կատարում ենք նաև իտալական դասական գործեր: Տղաներն իսկապես պրոֆեսիոնալ երաժիշտներ են, հնչեցնում ենք նաև քաղաքային ֆոլկլոր, իսկ սերենադը տևում է ընդամենը տասը րոպե»,-բացատրում է երաժիշտ ուսանողը:
Կոնսերվատորիայի դասախոսներն էլ ողջունում են սաների համարձակ քայլն ու սերենադը բնորոշում որպես երաժշտական սպեղանի, այն ավելի ռոմանտիկ է դարձնում հարաբերությունները: «Սա մաքուր դաշտային ծաղկի նման մի բան է, որը անպայման պետք է շատ տարածվի ժողովրդի մեջ, մեզանից յուրաքանչյուրը երաժշտություն սիրում է, բայց մաքուր երաժշտություն տարածելը պետք է լինի մեր պարտքն ու պարտականությունը»,-ասում է կոնսերվատորիայի դոցենտ Վալենտին Թովմասյանը:
Խմբի փորձը ցույց է տալիս, որ մեզանում սերենադներ հիմնականում պատվիրում են տղաները` սիրած աղջիկների համար: Սակայն լինում են նաև հատուկենտ դեպքեր, երբ աղջիկներն են սերենադ պատվիրում կամ սկեսուրը` հարսի համար, թոռները` տատիկ -պապիկի ոսկե հարսանիքի…
«Ցավոք, այսօր բարձրաճաշակ երաժշտություն կարելի է լսել միայն որոշ մշակութային օջախներում, իսկ դրանցից դուրս` շատ հազվադեպ: Մեր նպատակը հենց այն է, որ սերենադի միջոցով փողոցում հնչեցնենք դասական երաժշտություն»,-պարզաբանում է կազմակերպության նախագահը:
Կարոն, որ խմբի մեներգիչն է, իր օպերետային ձայնով հասցրել է անգամ ծննդատան բակում իրարանցում ստեղծել: Նա հետևում է իր ձայնին, հրաժարվել է մսեղենից, ալկոհոլից, կծու-թթու ուտեստներից: «Եղել է, որ հենց երգել ենք «ծաղիկներ, ծաղիկներ, անթառամ ծաղիկներ», աղջիկն ինքն է ծաղկեփունջ ուղարկել մեզ, նման դեպք չէր եղել»,- պատմում է Կարոն, իսկ ընկերներն ավելացնում են, որ իրենք կոմերցիոն նպատակներ չունեն, եթե պետք է, անգամ անվճար են երգում, միայն թե իրենց օգնությամբ սիրող սրտերը միավորվեն:
Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ, որ սեր ունես պահած ինձ համար:
Գինին ձեռքիս, անուշ խաղով քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում:
Ո՞ր երևանցի աղջկա սիրտը չի թրթռա այս երգի հնչյունները լսելիս: Եվ հրճվանքից առավել զարմանք կապրի, երբ պատուհանի տակ տեսնի հայ «մեքսիկացիների»: Եթե, իհարկե, «գիտությունով չալողների» համբավն այնքան չտարածվի, նրանց գործն այնքան չհաջողի, որ սերենադ պատվիրելը մտնի մեր սովորական կենցաղի մեջ:







Facebook
Tweet This
Email This Post
