Կգնա՞ն մեր ըմբիշները Մոսկվա

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 8, 2010 10:17

Հայաստանի ըմբիշները հայտնվել են անցանկալի իրավիճակում: Վտանգ կա, որ նրանց չթույլատրեն մասնակցել ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերի 5-13-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մերոնք բաց էին թողել ապրիլի 13-18-ը Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքվում կազմակերպված Եվրոպայի առաջնությունն այն պատճառաբանությամբ, որ ցանկանում են ավելի լավ  նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, ապա կատարվածը զավեշտական կարելի է համարել: Հիմա է, որ Հայաստանի ներկայացուցիչները ճշմարտությունն են հայտնում. հին աշխարհամասի առաջնությունը բաց են թողել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ լարվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: Կասկած են ունեցել, որ իրենց անկաշկանդ և անվտանգ չեն զգա սահմանակից երկրում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը տեղեկացրեց, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) կարող է Հայաստանի ներկայացուցիչներին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելուց: Այժմ գործը հանձնվել է արբիտրաժ դատարան: ՖԻԼԱ-ն գրություն է ուղարկել, որ, Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու համար, մեր ըմբիշներին արգելում են մասնակցել աշխարհի առաջնությանը: Մերոնք, պատասխան քայլ կատարելով,  դիմել են ՖԻԼԱ-ին, որ  մեղմ մոտենան: Միայն պատասխան ստանալուց հետո կպարզվի, թե ինչպիսի իրավիճակ է և ինչ է հնարավոր անել: Ենոքյանն ասաց, որ հույս ունի, որ խիստ պատժամիջոցներ չեն կիրառվի ըմբշամարտի մեր երկրի ներկայացուցիչների նկատմամբ: Չի բացառվում, որ բանը վերջանա տուգանքով: Ընդհանրապես տարբեր խախտումների համար ՖԻԼԱ-ն նախատեսում է տարբեր տուգանքներ: Եվ առայժմ  պարզ չէ, թե մերոնք իրենց գործած մեղքը քավելու համար ինչպիսի գումարներ ստիպված կլինեն մուծել միջազգային կազմակերպության գանձարկղը:

Ի դեպ, փետրվարին Երևանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանն Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչները չէին մասնակցել դարձյալ նույն պատճառաբանությամբ, որ ցանկանում են ավելի լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Եվ խոսակցություններ կան, որ դրա համար ՖԻԼԱ-ն սահմանափակվել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիային  3000  եվրո տուգանելով: Ի դեպ, լուրեր են շրջում նաև, որ տուգանքը հասնում է 150 հազար դոլարի: Ընդ որում, Ադրբեջանը ՖԻԼԱ-ի գլխավոր հովանավորն է և տարեկան հատկացնում է 5 մլն դոլար: Այնպես որ, ադրբեջանցիները ներքին կարգով շատ հարցեր կարող են կարգավորել, և մերոնք նրանց հետ այդ առումով մրցել չեն կարող:

Ինչևէ, այժմ Հայաստանի ներկայացուցիչների խնդիրն է անպայման լուծել ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մեր երկրի հավաքականի մասնակցության հարցը: Հակառակ պարագայում այնպես կստացվի, որ 2010-ի մրցաշրջանը Հայաստանի ըմբիշների համար աննպատակ է անցել, քանի որ նրանք չեն մասնակցել տարվա  գլխավոր երկու ստուգատեսներին` Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահին հարցրինք, թե մեր երկրի ներկայացուցիչների համար կարո՞ղ են մեղմացուցիչ հանգամանքներ լինել, որ  նրանք չեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Այդ առումով հետաքրքիր է, թե  Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նախապես տեղյա՞կ էր պահել, որ չպետք է պատվիրակներ ուղարկի Բաքու: Ենոքյանը հայտնեց, որ այդ մասին նախապես ոչ մի հայտարարություն չի արվել: Բանն այն է, որ Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվել էին, որ պետք է ուղևորվեն Բաքու և մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, բայց, իրավիճակի թելադրանքով` վերջին պահին նպատակահարմար  են  գտել չգնալ մրցավայր: Եվ ինքնին հարց առաջացավ, թե Եվրոպայի առաջնությունում խաղից դուրս մնալու հանգամանքը չի՞ խանգարի, որ աշխարհի առաջնությունում մերոնք լավ հանդես գան: «Ինչպե՞ս կարող է չխանգարել: Դա միջազգային մրցաշար չէր, և ի հայտ է բերել 2010-ի Եվրոպայի նոր չեմպիոնների: Մենք արդեն հետ ենք մնացել: Հայաստանն ունի միայն 2009-ի Եվրոպայի չեմպիոններ: Համեմատության կարգով նշեմ, որ 2009-ի աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբիշներից միայն 55 կգ քաշային Ռոման Ամոյանն էր դարձել արծաթե մեդալակիր, մյուսները մնացել էին առանց մեդալի: Իսկ առաջիկա մոսկովյան աշխարհի առաջնությանը, կարծում եմ, կմասնակցենք, և դրանից հետո պարզ կդառնա, թե 2012-ի օլիմպիական խաղերին ինչ հավակնություններով կարող ենք նախապատրաստվել»,- ասաց Ենոքյանը:

Դիտվել է 3166 անգամ:
Print Friendly

Leave a Reply