Լևոն Արոնյանը դեմ է փոփոխությանը

Հարցազրույց, ՍՊՈՐՏ | | June 5, 2010 17:30

Հայաստանի շախմատիստների համար վերջին շրջանն այնքան էլ հարուստ չէ հաջողություններով: Մերոնք ձախողվում են տարբեր մրցաշարերում: Այս առումով բացառություն չէ նաև մեր երկրի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Դժվար է հիշել, թե  նա վերջին անգամ երբ է  ուրախացրել  իր երկրպագուներին: Թերևս այդ էր պատճառը, որ Գերմանիայի Բեռլին քաղաքում վերջին տարիներին բնակվող Լևոնը մեկ ամսից ավելի Հայաստանում էր, սակայն ասես փորձում էր աննկատ մնալ: Նա նույնիսկ բջջային հեռախոս չէր պահում: Այդուհանդերձ, մեկնելուց առաջ զրուցեցինք  Արոնյանի հետ: Նախ  փորձեցինք տեղեկանալ Հայաստան կատարած այցի նպատակի մասին:

-Միայն պարապելը,- ասաց նա,- այդ է պատճառը, որ հիմնականում եղել եմ Ծաղկաձորում, որտեղ մաքուր օդ է, հաճելի բնություն: Միայն վերջին օրերին հյուրընկալվել էի ընկերոջս` գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանենց տանը: Մարզվել եմ  հանրածանոթ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի հետ: Նա ներկայումս բնակվում է Պրահայում և հանդես է գալիս Սլովակիայի շախմատի հավաքականում: Նախապատրաստվել եմ անհատական ծրագրով:

– Հավանաբար, դա արվել է աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարին կազմուպատրաստ ներկայանալու համար:

– Հավակնորդների մրցաշարի մասին դեռ չեմ էլ մտածել, պարզապես, ցանկանում էի կենտրոնանալ և պատրաստվել առաջիկա մրցաշարերին:

– Իսկ որո՞նք են լինելու դրանք:

– Առայժմ դժվարանում եմ որևէ բան ասել: Միայն Բեռլին վերադառնալուց հետո ամեն ինչ կհստակեցվի: Ամենայն հավանականությամբ, որևէ գերմրցաշարում չեմ խաղա: Առաջիկայում արագ շախմատի մրցաշար է կազմակերպվելու Իսպանիայի Լեոն քաղաքում: Օգոստոսին էլ կմասնակցեմ Գերմանիայի Մայնց քաղաքում ավանդաբար կազմակերպվող շախմատի միջազգային փառատոնին, ապա կվերադառնամ Հայաստան, որպեսզի այստեղ մեր երկրի հավաքականի ներկայացուցիչների հետ նախատրաստվեմ սեպտեմբերին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

– Տևական ժամանակ Հայաստանում էր մեր երկրի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Նա Հունգարիայից եկել էր, որպեսզի պարապմունքներ անցկացնի իր թիմի խաղացողների հետ: Դու չմասնակցեցի՞ր մարզումներին:

– Մեր շախմատիստները տարբեր խնդիրներ ունեն. նախապատրաստվում են միջազգային մրցաշարերի, մասնակցում դրանց: Այնպես որ, առայժմ խմբերով  են պարապմունքներ ընթանում և ամբողջական կազմով հավաքվել այս անգամ չստացվեց:

– Իսկ Մովսիսյանի հետ նախապե՞ս  էիք պայմանավորվել համատեղ պարապելու համար:

– Առաջին անգամ չէ, որ նրա հետ միասին էինք մարզվում: Լինարեսում կայացած վերջին գերմրցաշարից առաջ կրկին համատեղ էինք պարապել: Միասին կատարվող աշխատանքն օգտակար է երկուսիս համար էլ:

– Հնարավո՞ր է, որ Մովսիսյանը տեղափոխվի Հայաստանի շախմատի հավաքական:

– Դա լավ կլինի: Մեր թիմը նրա կարիքն ունի: Բայց եթե շախմատիստը  մի երկրի շախմատի ֆեդերացիայից մեկ այլ երկրի շախմատի ֆեդերացիա է տեղափոխվում, ապա  առնվազն 10 ամիս չպետք է խաղացած լինի հավաքականում: Միայն այդ ժամկետը լրանալուց հետո նա կարող է տեղափոխվել այլ հավաքական: Այնպես որ, նա առաջիկա օլիմպիադայում չի կարող խաղալ մեր թիմի կազմում: Իսկ այդ հարցը պետք է Սերգեյն ինքը որոշի:

– Շախմատի Հայաստանի հավաքականի համար դժվա՞ր կլինի Խանտի Մանսիյսկում:

– Նույնը, ինչ նախորդ երկու օլիմպիադաներում, որոնցում դարձել ենք չեմպիոն: Կարևոր է, որ մեր թիմի անդամներից հատկապես լավ խաղան նորեկները` գրոսմայստերներ Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Եթե նրանք վստահորեն հանդես գան, հավաքականի արդյունքն էլ լավը կլինի: Ցավոք, Կարեն Ասրյանի անժամանակ մահվանից հետո մեր թիմի 4-րդ խաղատախտակի շախմատիստի խնդիր ունենք: Կարենին արժանի փոխարինող գտնելու հարցը լուծված չէ:

– Քո մտերիմ ընկերոջ` Գաբրիելի մասին ոչինչ չասացիր:

– Օլիմպիադաներում Գաբրիելը միշտ էլ լավ է խաղում: Նրան է վստահվում երրորդ խաղատախտակը, փաստորեն` միավորներ վաստակելու բարդ աշխատանքը: Իսկ առանձին երկու խաղատախտակների առջև նստում ենք ես և Վլադիմիր Հակոբյանը, ու մեր հիմնական խնդիրն է` տանուլ չտալ պարտիաներն ուժեղագույն հավաքականների առաջատար խաղացողների հետ մրցամարտերում:

– Այդուհանդերձ, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չարդարացրեց սպասելիքները Եվրոպայի, աշխարհի վերջին առաջնություններում: Ի՞նչն էր ձեռնունայն մնալու պատճառը:

– Ուղղակի լավ չխաղացինք: Մեր թիմի շախմատիստներից ոչ բոլորի խաղն էր ստացվում: Ես ու Վովան հնարավորն արեցինք, որ փրկենք դրությունը, սակայն չստացվեց:

– Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր վարկանիշով զիջում է շուրջ մեկ տասնյակ երկրների թիմերի: Դա չի՞ խանգարի օլիմպիադայում լավ մրցակցություն ցույց տալու համար:

– Վարկանիշի համեմատաբար ցածր լինելու խնդիր մենք միշտ էլ ունեցել ենք: Սակայն, Հայաստանի հավաքականի ուժը միասնականության մեջ է: Այնպես որ, փորձը ցույց է տվել, որ դա չի կարող լուրջ խոչընդոտ լինել:

– Ե՞րբ պարզ կդառնա, թե որտեղ ես հավակնորդների մրցաշարի մասնակցելու, և կճշտվի՞ դրա կազմակերպման ժամկետը:

– Դժվարանում եմ  որևէ բան ասել: Վերջերս Սոֆիայում ավարտվեց բուլղարացի Վեսելին Տոպալովի և  Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի միջև շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը: Այնպես որ, արդեն այդ հարցը պետք է կարգավորվի: Առաժմ հայտնի է, որ մի խումբ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներ մրցելու են Բաքվում, իսկ մյուս խմբի մրցատեղին նոր պետք է որոշվի:

– Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյուժինովը վերջերս սենսացիոն հայտարարություն է արել, թե չի բացառվում, որ Լևոն Արոնյանը հանդես գա Ադրբեջանում կայանալիք այդ ստուգատեսում: Դրա համար նա ի՞նչ հիմք է ունեցել:

– Հավանաբար, նա ինչ-որ բան շփոթել է, կամ մեկ ուրիշն է սխալ տեղեկություն տվել: Համենայն դեպս, իմ հայտարարությունից հետո, որ դա բացառվում է, այդ մասին այլևս ոչ մի խոսակցություն չի եղել:

– Քանի որ խոսվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի մասին, հետաքրքիր է` քո կարծիքով օրինաչա՞փ էր Անանդի հաղթանակը:

– Միանգամայն, նա վստահ խաղաց, չնայած թվում էր, թե հոգեբանական առավելությունը սեփական հարկի տակ հանդես եկած Տոպալովի կողմն է: Հնդիկ գրոսմայստերը վստահ անցկացրեց մրցամարտը և ոչ մի կասկած չթողեց, որ հակառակորդից ուժեղ է:

– Շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին Խանտի Մանսիյսկում կայանալու են ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններ: Ի՞նչ կարծիքի ես այդ պաշտոնին հավակնող երկու թեկնածուների մասին:

– Երկուսի հետ էլ անձնական մտերմություն չունեմ: Սակայն շախմատային աշխարհը ներկայումս երկփեղկված է: Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի կողմնակիցները հիմնականում  հանրածանոթ շախմատիստներն են: Նրանք դժգոհ են ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովի վարած քաղաքականությունից: Բանն այն է, որ հաճախակի են փոխվում աշխարհի չեմպիոնին որոշելու համար մրցակարգերը: Ընդ որում, շախմատային կարևոր հարցերը վճռվում են առանց ուժեղագույն շախմատիստների: Այսինքն` որոշումներ կայացնողները լինում են ոչ շախմատի մարդիկ: Եվ ոմանք այն կարծիքին են, որ եթե Կարպովը դառնա կազմակերպության նախագահ, դրական տեղաշարժեր կլինեն: Այդուհանդերձ, ինքս այն կարծիքին եմ, որ եթե ՖԻԴԵ-ն իր ներկայիս կազմը պահպանի, ավելի դրական կլինի:

Դիտվել է 2387 անգամ:
Print Friendly

Leave a Reply