Եթե չենթարկվեի` կենթարկեցնեին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 7, 2010 10:03

Պապարացցի բառը   շրջանառության մեջ է մտել 1960 թ. Ֆելլինիի «Քաղցր կյանք» ֆիլմից հետո,  որի գլխավոր հերոսին  (դերակատար Մարչելլո Մաստրոյանի) անընդհատ հետապնդում է երիտասարդ  լուսանկարիչ Պապարացցին:  Կարծիք կա, որ այդ անունը  ռեժիսորը փոխ էր առել իր շատախոս դպրոցական ընկերոջից:  Կա մեկ այլ վարկած, համաձայն  որի, Ֆելլինին նկարահանումներից առաջ կարդացել  է անգլիացի գրողներից մեկի, Պապարացցի անունով  ռեստորանատիրոջ մասին ստեղծագործությունը:  Առաջին պապարացցիներից կարելի է նշել վաշինգտոնյան լուսանկարիչ Թոմ Հովարդսին,  որը 1928 թ. գաղտնի նկարահանել  է սեփական ամուսնուն սպանած Ռութ Սնայթերի մահապատիժը:  Քանի որ նման նկարահանումներն արգելվում էին,  Թոմը տեսախցիկը ամրացրել  էր ոտքին և նկարահանել  շալվարի փողքը բարձրացնելով:

1958 թ. օգոստոսի 15-ին  Եգիպտոսի թագավոր Ֆառուխը  Հռոմի թաղամասերից մեկում` Վիա Վենետոյում,  շրջում էր երկու գեղեցկուհիների ընկերակցությամբ:  Թագավորը սիրում էր շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ,  չէր հրաժարվում հարաբերություններն ավելի  մտերիմ դարձնելուց,  բայց երբեք չէր  ընդունում փլեյբոյական իրավիճակները,  որոնց մեջ փորձում էին մեղադրել նրան  նրա քաղաքական հակառակորդները:  Այդ իսկ պատճառով, թագավորն աշխատում էր հնարավորինս ստվերում մնալ:  Եվ  ինչպես նա  կարող էր ենթադրել,  որ հենց այդ նույն ժամանակ «որսի» դուրս կգա ֆոտոռեպորտաժի ժանրի հիմնադիրներից մեկը…  Պապարացցիի նախատիպը հանդիսացել է Տացիո Սեկյարոլին:  Հետագայում նա հիշում էր, թե ինչպես գնաց Վիա Վենետո` խիստ կաթոլիկ Հռոմի այն միակ փողոցը, որտեղ եռում էր գիշերային աշխույժ կյանքը և ուր բնակվում էին եկվոր դերասանները:  Այնտեղ կարելի էր նկարել,  օրինակ,  միլիոնատեր Մայքլ Թոդին` Էլիզաբեթ Թեյլորի հետ գրկախառնված…

Մի խոսքով,  պապարացցիի հիմնական խնդիրն աղմկահարույց կադրեր հայթայթելն է,   ճշմարիտ պապարացցին գիտի` որտեղ հայտնվի,  երբ և ինչու…

Հայաստանում առաջին աստղային պապարացցի լուսանկարիչը,  սկանդալներ փնտրող,  անկանխատեսելի իրավիճակներում հայտնվող Արթուր Վարդանյանն է… Մի քանի տարի է,  ինչ Արթուրը www.paparazzi.am  կայքում տեղադրում է սկանդալային լուսանկարներ և համագործակցում Հայաստանում հրատարակվող մեկ-երկու պարբերականների հետ:  Նրա հետ փորձում են ընկերանալ,  նրան խնդրում են,  սպառնում ջնջել լուսանկարները…

– Ծնունդով Անգլիայից ես,  մեծացել ես Պարսկաստանում,  բարձրագույն կրթություն ստացել Հայաստանում:  Ինչպե՞ս ես հարմարվել  մտածելակերպի տարբերությանը:

– Ծնվել եմ Անգլիայի Մանչեսթր քաղաքում: Քանի որ մեր բոլոր բարեկամները Պարսկաստանում էին,  մենք ընտանիքով տեղափոխվեցինք այնտեղ: Դպրոցական տարիներս անց  եմ կացրել  Պարսկաստանում: Հետո որոշեցի ուսումս շարունակել այստեղ: Ավարտել եմ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի բժշկական սարքավորումների բաժինը:

Սկզբում դժվար էր Հայաստանի կենցաղին ու մենթալիտետին հարմարվելը,  քանի որ մի քանի տարի պետք է ապրեի այստեղ,  սկսեցի շփվել,  մոտիկից ծանոթանալ, մաշկիս վրա զգալ իմ նոր կյանքի դժվարություններն ու հետաքրքրությունները:

– Ավարտել ես ճարտարագիտական համալսարանը: Անցումը մասնագիտությունիցդ դեպի լուսանկարչություն ինչպե՞ս եղավ:

– Ուսումնառությանս տարիներին չկարողացա հարմարվել մասնագիտությանս,  որն այնքան էլ իմ ցանկությամբ չէի ընտրել: Փոքրուց սիրում էի շոու-բիզնեսը,  մոդելներին,  աստղային կյանքը: Որոշ ժամանակ, ուսմանս զուգահեռ, զբաղվում էի մոդելային գործով,  հաճախել եմ նաև պարի,  բայց ի վերջո զգացի, որ իմ կոչումը լուսանկարիչ լինելն է: «Էլ սթայլ» խմբի հետ առաջին փորձերս արեցի. ինձ օգնեց լուսանկարիչ Կամո Թովմասյանը, ու այդպես հետզհետե հասկացա,  որ լուսանկարչությունն է իմ տարերքը:

– Paparazzi.am-ում շատերն են տեսնում իրենց լուսանկարները. վերաբերմունքն  ինչպիսի՞ն է, նեղացողները շա՞տ են:

– Հայաստանում շատ դժվար է այն առումով,  որ մեկը մյուսին բարեկամ-ծանոթ-խնամի են, ես նաև լուսանկարներին համապատասխան մեկնաբանություններ եմ գրում, ու գրում եմ այն,  ինչ որ կա: Զանգում,  խնդրում  են հանել լուսանկարները: Օրինակ` Լիլիթն ու Վահրամը սովորական ընկերներ չեն, երբ գրեցի այդ մասին,  Լիլիթը շատ նեղացավ. «Մենք ուզում ենք, որ մարդիկ չիմանան, որ հետաքրքրվեն իմ ոճով, կլիպով, ոչ թե անձնականով»: Երբ Լիլիթին ասացի, բայց դա իր համար PR է, խնդրեց իր PR-ով չզբաղվել: Նեղանում են, սպառնում, ծանոթների միջոցով բարեխոսում, չգիտեմ, դժվար է… Եթե ինչ-որ բան բոլորը իմանան, ու ես որոշեմ դա կայքում տեղադրել,  էլի նեղացողները շատ կլինեն:

– Հաճա՞խ ես կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվում:

– Քաղաքական գործիչների հետ կոնֆլիկտներ եղել են: Ասել են` ջնջեմ լուսանկարը, չեմ ենթարկվել, վերջում պարզվել է, որ պաշտոնյաներից մեկի հետ շատ սերտ հարաբերություններ ունի տվյալ անձնավորությունը, ու եթե չենթարկվեի, կենթարկեցնեին: Բավական է մի քանի րոպե էլ համառեի, և երևի թե կենդանի չմնայի… Ցավալի է, իհարկե: Սպառնալիքները շատ են: Օրինակ` Լուսինե Թովմասյանը ամենաագրեսիվներից  է,  և ընկերը շատ բացասական վերաբերմունք ունի, երբ փորձում ես  նրանց համբուրվելիս կամ պարզապես սրճարանում նստած լուսանկարել: Եթե մեկին վատ վիճակում նկարում ես,  զանգում է շատ մոտ մարդ ու խնդրում է իր դվայորդնի ախպոր ընկերոջ մորքուրի տղու եսիմինչի նկարը հանել կայքից… Մի օր անկանխատեսելի իրավիճակներում հայտնված շոու-բզինեսի և շատ այլ հայտնիների լուսանկարների ցուցահանդես կբացեմ  ու կգնամ էս երկրից` ընդմիշտ…(ծիծաղում է):

– Շոու- բիզնեսի ներկայացուցիչներից շատերի հետ մտերիմ ես: Գործիդ չի՞ խանգարում այդ մտերմությունը:

– Խանգարում է, օրինակ` կայքում նկար եմ տեղադրում,  Հասմիկ Կարապետյանը զանգում, ասում է` էդ նկարում շորս բաց է, ուրիշ նկար դիր, կամ Սոֆի Մխեյանը`  նկարում չաղ եմ դուրս եկել, նկարը փոխիր: Նման խնդրանքներին ընդառաջ գնում եմ: Հիմա պապարացցի հասկացությունը համեմատաբար ավելի լավ է ընկալվում ու ավելի ազատ են իրենց զգում իմ ներկայությամբ: «32 ատամի» Վաչեն քիթն է փորում, ու երբ նկարում եմ` նկատում է, դրանից վատ չի զգում, Հասմիկ Կարապետյանը նարգիլե է ծխում և դեռ մի բան էլ ծուխը փչում ապարատիս վրա:

– Հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ Անգլիայում են իրական աստղերը և այնտեղ կարող ես լինել իրական պապարացցի: Փաստորեն,Հայաստանում քեզ իրական պապարացցի չե՞ս զգում:

–  Հայ լինելն ու պապարացցիությունը ինչ-որ չեն համատեղվում: Ուրիշ երկրում 2000- դոլարանոց ապարատը վնասելու դեպքում փոխհատուցում են 1 միլիոն դոլար և դեռ ավելին. հաշվի են առնում հոգեկան ապրումները: Իսկ այստեղ սպառնում են: Ասում են` գլուխդ կջարդենք: Ես իրավաբան ունեմ, որ աշխատում է արդարադատության նախարարությունում: Միասին գնում ենք, օրենքի տեսանկյունից այդ մարդուն բացատրում, որ չի կարող գլուխս ջարդել: Իմ նման մարդու համար իրավաբանն անհրաժեշտություն է, թե չէ` ոչ միայն ապարատս,  գլուխս էլ կջարդեն:

Հարցազրույցը`

Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply