Գազար. լավ տեսողության և առողջության գրավական

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 9, 2010 9:00

Մենք բոլորս փոքր տարիքից լսում ենք, որ պետք է շատ գազար ուտել, քանի որ այն լավ է տեսողության համար: Շատերս միշտ մտածում էինք, թե ինչու է գազարն այդքան օգտակար և գազարի ինչն է աչքերի համար այդքան լավ: Պատասխանը` բետա-կարոտինը: Հենց դրանից է առաջացել գազարի անունը (beta-carotene – անգլ. carrot) և նարնջագույն երանգը: Մարմնի ներսում բետա-կարոտինը վերածվում է A վիտամինի, որն էլ հենց նպաստում է տեսողությանը: A վիտամինը նաև ձևավորում է ռոդոպսին պիգմենտը, որն անհրաժեշտ է աչքերին մթության մեջ լավ տեսնելու համար: Ռոդոպսինի պակասը կարող է հանգեցնել հավկուրության:

Բետա-կարոտինը նաև ուժեղ հակաօքսիդանտ է, պայքարում և ոչնչացնում է ազատ ռադիկալները, որոնք կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ` խոցը, սիրտանոթային խնդիրները, մկանային դեգեներացիաները և այլն: Ամերիկյան Տեխաս և Չիկագո նահանգներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են գազար ուտում և ավելի շատ են բետա-կարոտին և C վիտամին ստանում, 37%-ով նվազեցնում են օնկոլոգիական հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: Բետա-կարոտինը նաև  մեծ դեր ունի առողջ բջիջների բաժանման և աճի գործում և ուժեղ իմունային համակարգ է ապահովում:

Գազարը պարունակում է ևս մեկ հակաօքսիդանտ` ալֆա-կարոտին, որը, համաձայն հետազոտությունների, լավ է թոքերի առողջության համար և քչացնում է թոքերի խոցի առաջացման հավանականությունը: Գազարը օգտակար է նաև հազի ժամանակ. եթե ուժեղ հազ ունեք, որը երկար ժամանակ չի անցնում, մասնագետները խորհուրդ են տալիս 200 գրամ թարմ գազար և 13 հատ խուրման մոտ 30 րոպե եփել ջրով կաթսայի մեջ, թույլ կրակի վրա: Խմել օրական կես կամ մեկ բաժակ:

Գազարը շատ օգտակար է կերակրող մայրերի համար, քանի որ այն լավացնում է կաթի որակը: Ուստի նրանց միշտ խորհուրդ են տալիս գազարի հյութ խմել կամ հում գազար ուտել:

Գազարը շատ կարևոր է նաև նորածին երեխաների համար, քանի որ ապահովում է նրանց անհրաժեշտ A վիտամինի քանակությունը: Մասնագետներն ասում են, որ գազարի հյութը կարելի է խառնել կաթի հետ և կերակրել երեխային, քանի որ կաթը օգնում է կարոտինի արագ յուրացմանը: Բայց այն մասին, թե ինչ քանակությամբ գազար կարելի է տալ փոքր երեխային, ավելի լավ է հարցնել ձեր բժշկին:

Եթե ամեն օր գազար ուտեք կամ գազարի հյութ խմեք, արյան մեջ կիջնի խոլեստերինի մակարդակը և բարձր ճնշումը: Մասնագետները բարձր ճնշում ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս օրական երկու անգամ կես բաժակ թարմ քամած գազարի հյութ խմել. մոտ մեկ ամսվա ընթացքում այն կկարգավորի ճնշումը:

Գազարը շաքար է պարունակում, և չափից ավելի շատ օգտագործման դեպքում կարող է արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնել: Բայց գազարի չափավոր օգտագործումը ոչ մի վնաս չի հասցնի նույնիսկ շաքարային դիաբետ ունեցողներին: Եթե դիաբետ ունեք, գազար կերեք կամ գազարի հյութ խմեք մի քանի օրը մեկ:

Հին Չինաստանում գազարն օգտագործվում էր որպես դեղամիջոց. չինացիները պնդում էին, որ գազարը լավ է տղամարդկանց առողջության համար, քանի որ այն կարող է վերացնել պոտենցիայի հետ կապված խնդիրները:

Գազարը նաև լավ է աղիների, երիկամների և միզասեռական ուղիների առողջության համար, կարող է  նպաստել մարսողությանը, վերացնել ճարպակալման և թունավորման պատճառով առաջացած խնդիրները: Գազարի հաճախակի օգտագործումը լավացնում է մաշկի, մազերի և եղունգների որակը:

Օրգանիզմին  անհրաժեշտ քանակությամբ բետա-կարոտին ստանալու համար բավական է օրական մեկ-երկու գազար ուտել կամ կես կամ մեկ բաժակ գազարի հյութ խմել, որը նույնիսկ ավելի լավ է մարսվում և յուրացվում: Կարելի է նաև գազար ավելացնել այլ հյութերի մեջ, ինչը նույնպես կնպաստի գազարի ավելի լավ յուրացմանը:

Հետաքրքիր է, որ եփած գազարը նույնպես օգտակար է առողջության համար. օրգանիզմի համար ավելի հեշտ է յուրացնել թեթևակի եփած գազարի  օգտակար նյութերը:

Շատ կարևոր է հիշել, որ գազարը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել գինու, գարեջրի կամ որևէ այլ ալկոհոլային խմիչքի հետ: Բանն այն է, որ կարոտինը և ալկոհոլը միասին կարող են թունավոր նյութեր առաջացնել լյարդի մեջ, որն էլ կարող է լյարդի մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:

Խորհուրդ չի տրվում նաև գազարն օգտագործել սնկերի և ամեն տեսակ ծովային կերակուրների հետ, քանի որ այդպիսի համադրությունը կարող է թունավորման պատճառ դառնալ: Գազարը չի կարելի նաև նարնջի հետ ուտել, քանի որ այդ համադրությունը կարող է խպիպի (զոբ) պաճառ դառնալ:

Գազար գնելիս ընտրեք միայն առողջ, վառ գազարագույնները, քանի որ հենց դրանք են ամենից շատ հարուստ բետա-կարոտինով: Բաց գույնի գազարների մեջ օգտակար նյութերն  ավելի քիչ են: Եվս մեկ օգտակար խորհուրդ: Միշտ կտրեք գազարի «պոչերը», քանի որ դրանք կլանում են գազարի օգտակար վիտամինները:

Դիտվել է 10330 անգամ:
Print Friendly

Leave a Reply