Ի՞նչ ես փնտրում հեռավոր ափերում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 4, 2010 10:44

Հայաստանի միջին վիճակագրական ինտերնետսպառողը նման է այլ երկրների միջին վիճակագրական սպառողին: Մարդիկ ցանցում ամենից շատ զվարճություններ, ծանոթություններ ու շփումներ են փնտրում, հազվադեպ` լուրջ տեղեկություններ ու  գրքեր: Վաղուց ի վեր հայտնի է` մարդկանց մեծ մասին բարձր արժեքները չեն հետաքրքրում: Այդ երևույթը եղել է և՛ մինչ ինտերնետը, և՛ կլինի համատարած ինտերնետացման հետագա շրջանում:

Միաժամանակ, թեպետ  հայ սպառողը նման է, ասենք, Եվրոպայում կամ Աֆրիկայում ապրող  իր եղբայրակցին, այնուամենայնիվ, որոշակի  ազգային առանձնահատկություններ ունի, որոնք հանգեցնում են Արմնետի`  համաշխարհային սարդոստայնի հայկական սեգմենտի ուրույն նկարագրի ձևավորմանը:

Որպեսզի ինչ-որ չափով  պատկերացում կազմենք հայ միջին վիճակագրական սպառողի կերպարի մասին, օգտվենք Google որոնողական գործիքից. այն ոչ միայն օգնում է մեզ կողմնորոշվելու ինտերնետում, այլև իր  սպառողների մասին տվյալներ է կուտակում: Քանի որ Google-ը շարունակում է պահպանել աշխարհում ամենատարածված որոնողական գործիքի դիրքերը, կարելի է համարել, որ  դրա տվյալները քիչ թե շատ մոտ են իրականությանը:

Եվ այսպես,  օգտվենք Google-ի  հատուկ ծառայությունից`  Google Trends-ից, որը հնարավորություն է ընձեռում դիտարկելու  թե՛ առանձին երկրների, թե՛ առհասարակ աշխարհի ամենատարածված որոնողական հարցումների վիճակագրությունը:  Ահա, ըստ Google Trends-ի` 2004-ից մինչև հիմա ամենից շատ հարցված բառերն են` скачать, armenia, mp3, nokia, video, games, google, lyrics, windows, yerevan: Ինչպես տեսնում ենք, մեծ մասը ցանկանում է ինտերնետից անվճար ինչ-որ բան քաշել կամ խաղեր խաղալ: Մի խոսքով,  սովորական հետաքրքրություններ են, ինչպես ամբողջ աշխարհում: Օրինակ` Ադրբեջանի վիճակագրությունն այս տեսանկյունից գրեթե մեզնից չի տարբերվում: Իսկ եթե դիտարկենք ոչ թե 6 տարվա վիճակագրական տվյալները, այլ  սոսկ վերջին տարվանը, ապա կտեսնենք, որ հայ սպառողի հետաքրքրությունները գրեթե չեն փոխվել: Եթե, իհարկե, չհաշվենք բոլորիս կողմից սիրված одноклассники.ru  կայքը, առանց որի այլևս մեր կյանքը չենք պատկերացնում. այսպես, скачать, armenia, mp3, nokia, games, google, odnoklassniki.ru, foto, yerevan:

Ինչ վերաբերում է նորագույն ժամանակների միտումներին, ապա Google-ի համաձայն` վերջին  ամիսներին մեծացել է հետաքրքրությունը  ներկայիս առավել արդիական թեմաների նկատմամբ` այն ամենի, ինչ կապված է ապրիլի 24-ի ու Հայոց ցեղասպանության, ինչպես նաև` գալիք Եվրատեսիլի, Եվա Ռիվասի ու apricot stone երգի հետ:

Եթե ավելի  լայն` աշխարհի համատեքստում նայենք, ապա  Հայաստան կամ  Armenia բառերն ամենից հաճախ ինքներս ենք որոնում:  Այնպես որ, նկատի ունենանք, որ առայժմ մենք ամենից շատ մեզ ենք  հետաքրքրում: Այս փաստը, կարծում եմ, կհետաքրքրի Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու ցանկություն ունեցողներին: Մինչդեռ Ղարաբաղ բառն ավելի հաճախ  որոնում են Ռուսաստանում ու Ադրբեջանում, և հասկանալի է` ոչ զբոսաշրջության նկատառումներով:

Բայց շատ ավելի հետաքրքիր է, թե հայերը որ հարցումներով են առաջատար դիրքերում: Այդ   առումով ահա Google Trends-ը  միջին ինտերնետսպառողի նկարագիրը բացում է միանգամայն անսպասելի կողմից: Պարզվում է, որ ռուսատառ порно  բառի որոնմամբ մենք  մտնում ենք «լավագույն» տասնյակի մեջ` զբաղեցնելով պատվավոր 9-րդ հորիզոնականը: Համանման բազմաթիվ այլ հարցումների դեպքում նույնպես Հայաստանն առաջին տասնյակում է: Այս առնչությամբ, իհարկե, կարելի է առարկել, թե  ռուսալեզու երկրներն այնքան էլ շատ չեն, ուստի աշխարհի մասշտաբով բնավ դժվար չէ «մտահոգ» երևալ, եթե առանձնապես մրցակիցներ չկան: Բայց ի՞նչ ասես, եթե արդեն 6 տարի, այն օրվանից, ինչ Google-ում սկսեցին վիճակագրություն անցկացնել, porno  բառի որոնմամբ մենք անընդմեջ առաջին տեղում ենք:  Տվյալ «մրցապայքարում», օրինակ, մեզանից բավական հետ է մնացել հարևան Թուրքիան (այս կապակցությամբ նույնպես կարելի է առարկել,  թե անգլերենով հարկ է փնտրել ոչ թե  porno, այլ porn, միևնույն է, անգլոսաքսոնական աշխարհից դուրս մենք  բոլորից առաջ ենք անցել, ընդ որում` շատ առաջ:

Ինտերնետի թավուտներում «ծիտիկների» հետևից ընկած հայ սպառողի այսքան միակողմանի հետաքրքրությունները  բացատրվում են Արմնետի զարգացման որոշ առանձնահատկություններով: Միշտ էլ բավական տարօրինակ է թվացել այն հանգամանքը, որ Հայաստանում ամենատարածված լրատվական կայքերն այցելում է առավելագույնը 5-6 հազար մարդ, իսկ սոցիալական կայքերում  առանց կտրվելու նստած  են տասնյակ և հարյուրհազարավոր մարդիկ: Լավ, հասկանալի է` շփվում են, գտնում դասընկերներին ու  բարեկամներին: Բայց երբ դիմում ես Google-ի վիճակագրությանը, հասկանում ես, թե ամենից շատ ինչ է հետաքրքրում շարքային առողջ հայ տղամարդուն (և հավանաբար նաև կնոջը, այլապես հազիվ թե ցանցում պոռնոգրաֆիայի որոնման նման ցուցանիշներ ունենայինք, եթե միայն հայ տղամարդիկ ջանքեր գործադրեին): Իսկ նման հետաքրքրությունները մարդկանց տանում են դեպի սոցիալական կայքեր, որոնք աղջիկ «կպցնելու», վիրտուալ սեքսով զբաղվելու ու ոչնչի մասին չմտածելու հիանալի տեղ են,իհարկե, նաև ձրի երաժշտություն քաշելու, նոր բջջային հեռախոսներ փնտրելու և Եվրատեսիլում Հայաստանի համար ցավելու: Իսկ լրատվական կայքերը թող նստեն ու սպասեն, թե երբ, վերջապես,  հազարավոր այցելուներ կունենան…

Դիտվել է 8272 անգամ:
Print Friendly

Leave a Reply