Երեխայի աշխարհայացքը չպետք է բանտում ձևավորվի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 13, 2010 10:41

-Դա մի դեպք էր, երբ մարդ ու կնոջ դատել էին էն բանի համար, որ  մայրը իր 2 տարեկան  երեխային  մարդու հետ գցել էին փեջի վրա ու խորովել, 5 տարեկան երեխային էլ կարգադրել, թե փեջը փետ գցի վրա, որ լավ վառվի:

Սա մերօրյա իրականությունում արձանագրված փաստ է, որի մասին «Անկախին» պատմում է ՀՀ  ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Թեմիկ Խալափյանը:

«Այդ դեպքն ինձ զարմացրեց իր դաժանությամբ,- ասում է Խալափյանը,-  և ոչ միայն դա: Ինձ զարմացրեց այն, որ հանցագործությունների պատմություններ լսեցի, որոնք  միայն գրականությունից են  հայտնի  ու երբեք չեմ էլ պատկերացրել, որ մեր իրականությունում  կարող է այդպիսի բան լինել:  Մտածել եմ, որ  դա հորինված ա եղել»:

Խալափյանն իր պրակտիկայում հանդիպել է ամենատարբեր մոտիվացիաներով դատվածների:  «Լենինականի գաղութից մեկը կար, որ ինքը փոքրուց միշտ գողություն  էր անում,- ասում  է Խալափյանը,- ասում էր, որ բռնվել եմ` տղամարդ եմ, վիզ եմ առել ու սուսուփուս իմ պատիժը կրում եմ: Նա չէր էլ մտածում, որ դա վատ  կամ պարսավելի բան է: Ասում էր. պրեզիդենտից բռնած գողություն են անում, ես իմ բաժինը ինչի՞ չտանեմ. գողությունով մարդկանց չեմ վնասում, իմ հալալ աշխատանքն եմ ուտում»:

Թեմիկ Խալափյանը մասնագիտությամբ դիզայներ է, սակայն Ղարաբաղյան պատերազմում մասնակից լինելուց  հետո զբաղվում է անչափահաս ու կին դատապարտյալների  համար մշակութային ծրագրերի իրականացմամբ:

Նա ծնունդով ղարաբաղցի է` Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղից  և մանուկ հասակում չի ընկալել ադրբեջանցի ու հայ տարանջատումը: «Ես ատելություն չեմ  ունեցել ադրբեջանցիների նկատմամբ, ես չգիտեի, որ դա ադրբեջանցի է,-  պատմում է նա,-   Երբ ես փոքր էի, թուրքերը ամառները գալիս էին մեր աղբյուրներից ջուր  էին խմում, մեզ մոտ չէին թողնում մեր աղբյուրներին: Հետո երբ մեծացա հասկացա դրա քաղաքական աստառը ու 5-րդ դասարանից պայքարում եմ թուրքերի դեմ»:

Հետո նա մասնակցել է պատերազմին. «Ես բազմաթիվ ադրբեջանցիներ եմ սպանել ու դրա համար չեմ փոշմանել»:

Ջոկատում, ուր կռվել է Խալափյանը, եղել են բազմաթիվ մարդիկ, ովքեր հանցագործ անցյալ են ունեցել: «Բայց դա կապ չուներ,- ասում է Խալափյանը,- Իրենք շատ հայրենասեր էին: Եկան կռվեցին ու զոհվեցին` իրենց կյանքը տալով հայրենիքին»:

Նա ասում է, որ իր գործունեությունն  իրականացնում է  Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհված տղաների հիշատակի համար:

Խալափյանը ստեղծում է «Տրտու» մշակութային հ/կ-ն, որի 10-ամյակը շուտով կլրանա: Այն կրթամշակութային ծրագիր է իրականացնում Աբովյան ՔԿՀ-ում` անչափահասներին արվեստների և ավանդական արհեստների ուսուցմամբ: Եղել է թատրոնի, ազգագրական երգի պարի, խեցեգործության, գեղանկարչության խմբակներ: Բեմադրվել են Թումանյանի հեքիաթներից, դատապարտյալները մասնակցել են «Նռան հատիկ» մանկապատնեկան փառատոնին: «Տրտուն»  հետխորհրդային պետություններում նման ծրագիր իրականցնող միակ կազմակերպությունն է:  Թեմիկ Խալափյանին 2008թ. շնորհվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Փոքր ակադեմիայի իսկական անդամի կոչում:

Խալափյանն ասում է, անչափահասների նկատմամբ մի սկզբունք ունի. նրան դատել այն դեպքում, երբ արդարացնել հնարավոր չէ:

«Եթե դու երեխային դատում ես, դու դրանով արդեն նրա կենսագրությունը  կեղտոտում ես ու լուրջ խնդիրներ է առաջանում հասարակությանը ինտեգրվելու առումով. ամուսնության, գործատուների հետ  և այլն»,- ասում է նա:

Նա պատմում է, որ պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ 3 կգ մալուխի համար երեխան  հսկայական վնաս է տվել. «բայց  երեխա կա, որ 3-5 կգ  վառված մալուխի համար, որ տարել ա հիվանդ ծախելու ու հիվանդ տատի ահմար տեղ առնելու,  բռնել ու 2 տարի տվել են»:

Մի ուրիշ դեպք էլ եղել է նեղ ու մութ տարիներին, երբ երեխայի հայրը մահացած է եղել, նա կոտրել է կրպակի լուսամուտը: «Այնտեղ է եղել է փող և շոկոլադ, բայց ինքը վերցրել է պրյանիկ, որովհետև սոված էր, դրա համար դատել են,- ասում է Խալափյանը,- օրինակները բազմաթիվ են: Էրեխա կա, որ մի քանի կիլո կարտոֆիլ գողանալու համար են դատել»:

Խալափյանն ասում է, որ Քրեական  օրենսգիրքն  ընդամենը սահմանում է պատիժներ, բայց մարդուն չի փոխում : «Իսկ դատվածին պետք է վերափոխել, ինտեգրել հասարակությանը, աշխարհայացք ձևավորել, թույլ չտալ, որ այդ աշխարհայացքը ձևավորվի բանտի ներսում.,- ասում է նա,-  դա իմ գերխնդիրն է: Երեխան ինչ- որ տեղ իրավունք ունի սխալվելու, ուղղակի չպետք է թույլ տալ, որ այն դառնա ապրելակերպ: Պետք է օգնել, որ այդ երեխան ինքն իրեն ճանաչի»:

Ինչու՞  են երեխաները կատարում այս կամ այն հանցանքը:  Խալափյանը կարծում է, որ հիմքում ընկած է սոցիալական վիճակը կամ արկածախնդրությունը:  «Փող ունենանալու,  հարստանալու միտումը, պատճառները բազմազան են, ու տարբեր,- ասում է նա,- Օրինակ երեխաներ կան, որ նման բան են անում, որ գաղութ ընկնեն, բայց բանակ չգնան: Իմ խնդրն էլ հենց այն է, որ նրանց գիտակցությանը հասցնեմ, որ էս երկիրը ձեզ էլ է սիրում. սա ձեր հայրենքին է: Երեխա կա, որ նույնսիկ չգիտի էլ ինչի համար է արել»:

«Տրտուի» երկարատև աշխատանքի շարունակությունը եղավ 2005թ. ստեղծված «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։  Սա այն դեպքն է, որ երբ ՀՀ կառավարությունը պետական մոտեցում ցուցաբերեց և կարևորելով հկ-ի աշխատանքը, նրան տվեց պետական կարգավիճակ:

Կենտրոնը գործում է  2009թ. հունիսից`  «Աբովյան» ՔԿՀ տարածքում գտնվող նախկին կաթսայատանը: Խալափյանն ասում է, որ շենքային պայմանները չեն բավարարում, ֆինանսներ էլ գրեթե չկան. «Աշխատում ենք համարյա մեր միջոցներով»:

Խալափյանն ասում է, որ ծրագրերին մասնակցելուց հետո անչափահասները հիմնականում գտնում են իրենց տեղը կյանքում, և մի քանի հոգին են, որ դուրս գալով` կրկին հանցանք են գործում ու հետ վերադառնում:

Ըստ Արդարադատության կայքի` 2010թ. ապրիլի 1- դրությամբ, ՀՀ 12 ՔԿՀ-երում գտնվում է  4585 մարդ, որից 1306 –ը` կալանավոր:

«Աբովյան» ՔԿՀ  գտնվում են կալանավորված անձանց պահելու վայրում պահվում են 174 կին և 46  դատապարտված ու կալանվորված անչափահասներ:

2009թ. հունիսի 19-ի համաներմամբ ՔԿՀ-երից ազատ է արձակվել  329 մարդ:


Դիտվել է 3105 անգամ:
Print Friendly

Leave a Reply