Փոթորիկ մի բաժակ ջրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 7, 2010 10:35

Թվում է, թե գազավորված ջուրն այնքան էլ անհրաժեշտ բան չէ. ծարավը կարելի է հագեցնել սովորական ջրով:  Այդուհանդերձ, ժամանակակից քաղաքակրթությունն առանց գազավորված ջրի անհնար է պատկերացնել: Մինչդեռ դժվար է հավատալ, որ երկուսուկես դար առաջ ջուրը գազավորել չգիտեին: Ուրիշ է հանքային ջուրը: Այն ոչ միայն խմում էին, այլև  գիտեին դրա առողջարար հատկությունների մասին:

Ժամանակին Հիպոկրատը հանքային ջրերի մասին մի ամբողջ աշխատություն է  գրել. նա հիվանդներին խորհուրդ էր տալիս ոչ միայն  խմել, այլև լոգանք ընդունել դրանցով: XVIII դարից սկսած` հանքային ջուրն ակունքներից շշալցնում ու տարածում էին աշխարհով մեկ: Այն թանկ էր և շուտ էր կորցնում իր հատկությունները: Ջուրը կրկին «լիցքավորելու» բոլոր փորձերն ապարդյուն էին:

Առաջին անգամ ջուրը գազավորել հաջողվեց անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլիին: Նա 1767-ին արդեն հռչակվել էր թթվածնի, ծծմբային գազի ու  ամոնիակի հայտնագործմամբ: Պրիստլին որոշեց ջուրը հագեցնել մի գազով, որն անջատվում էր գարեջրի հասունացման ժամանակ. ջրի մեջ պղպջակներ էին առաջանում, ու  այն ձեռք էր բերում հաճելի թարմ համ: Բայց, ինչպես հաճախ է լինում, այս դեպքում էլ հասարակությունն ըստ արժանվույն չգնահատեց հանճարի վաստակը: Ու երբ Պրիստլին հրապարակավ պաշտպանեց ֆրանսիական հեղափոխականներին, անմիջապես էլ հետևեց գիտնականի տան ու լաբորատորիայի ավերումը,  ինչի հետևանքով նա ստիպված էր փախչել ու ապաստան  գտնել Ամերիկայում: Պրիստլիի գործը շարունակեց շվեդ Թորբեռն Բերգմանը:

1770-ին նա ստեղծեց ստատուրատորը (լատիներեն` «հագեցնող»), մի սարք, որը ջրում ճնշման տակ լուծում էր ածխաթթու գազը: Սակայն գիտնականի գյուտն այդպես էլ  գործնական կիրառություն չգտավ: Դա արեց ժնևացի ոսկերիչ, ինքնուս քիմիկոս Յակոբ Շվեպպը: Ոգելից խմիչքի երդվյալ թշնամին պատանեկան տարիներից երազում էր ոչ ալկոհոլային շամպայն ստեղծելու մասին, որը կբարձրացներ մարդկանց տրամադրությունը, սակայն չէր հարբեցնի: Ստատուրատորը նրա երազանքի սարքն էր: 1783-ին Շվեպպը կատարելագործեց  և արտադրական տեսքի բերեց այն` գազավորված ջուր ստանալու համար: Եվ չնայած Շվեյցարիայում նրա «շամպայնը» չգնահատվեց, Անգլիան  այն ուրախությամբ ընդունեց: Սկսվեց մի նոր դարաշրջան ըմպելիքների աշխարհում,  երբ թունդ խմիչքները գազավորված ջրով նոսրացվում էին:

XIX դարում Շվեպպը սկսեց արդյունաբերության մեջ կիրառել կերակրի սոդան և ստացավ հայտնի գազավորված սոդայաջուրը: Նորույթն իսկույն տարածվեց ողջ Անգլիայում : Իսկ Շվեպպը դարձավ մինչ օրս գործող  Schweppe &Co ընկերության հիմնադիրը: Նրա մահից հետո ընկերությունն ընդլայնեց տեսականին. սկսեց արտադրել մրգային ու հատապտղային օշարակներով համեմված գազավորված ջրեր:

Եվ քանի որ բնական օշարակները թանկ արժեին, քիմիայի առաջընթացի շնորհիվ հնարավոր եղավ դրանք փոխարինել համապատասխան թթուներով ու խտանյութերով: Այդ շարքում առաջինը կիտրոնաթթուն էր, իսկ 1833-ին ստեղծված լիմոնադն էլ մրգային համով ոչ ալկոհոլային խմիչքներից առաջինն էր: Այն վաճառվում էր դեղատներում, նշանակվում էր իբրև մարսողությունը լավացնող միջոց: Այդպիսով, դեղատները մի նոր գործառույթ ձեռք բերեցին` խմիչքների ասպարեզում դառնալով նորաձևության օրենսդիր:

1884-ին  Կոլամբուս Ջոն Պեմբերտոնը (Ջորջիա նահանգից)  կոկի ու կոլայի ընկույզներից պատրաստված խտանյութերը սոդայաջրով բացում  ու դրանով գլխացավ էր բուժում: Այն հրաշալի էր տոնուսը բարձրացնելու համար: Տարիներ անց  դեղամիջոցի բաղադրիչները փոխարինվեցին  քիմիական փոխարինիչներով,  իսկ ըմպելիքը  հասավ մինչ մեր օրերը, հայտնի ապրանքանիշի`  «Կոկա-կոլայի»  անունով:

Այս դեպքերից մեկ տարի անց, մեկ ուրիշ ամերիկացի դեղագործ` տեխասցի Ուեյդ Մորիսոնը, բալի  խտանյութով մի ըմպելիք պատրաստեց  մրսածության դեմ , որը կոչվեց «Դոկտոր Պեպպեր»: Ըստ ավանդության` Պեպպերը տեղացի դատավորի ազգանունն է, ում աղջկա հետ ուզում էր ամուսնանալ հիշյալ դեղագործը: Դատավորը չգնահատեց երիտասարդի արժանավայել քայլը, մերժեց նրան, ինչի համար  հավանաբար շատ զղջաց, քանի որ  դեղագործը տարիներ անց դարձավ միլիոնատեր: Ոչ ալկոհոլային խմիչքների շրջանը համալրեց 1898-ին արված մեկ ուրիշ դեղատնային հայտնագործություն. ամերիկացի  Քալեբ Բրեդհեմը  աղիքային ցավերի ամոքման միջոց էր փնտրում: Այդ նպատակով նա կոլայի ընկույզների թուրմը խառնեց վանիլինի հետ և բուրումնավետ յուղեր ավելացրեց: Նոր ըմպելիքը կոչվեց «Պեպսի-կոլա», և այսպիսով  սկիզբ դրվեց «պեպսի-կոկա» հավերժական պայքարին:

Ամերիկան դարձավ գազավորված ջրերի նորաձևության  օրենսդիր: Իհարկե, այլ երկրներում էլ էին գազավորված ջուր օգտագործում, սակայն խմում էին ոչ թե շշերից, այլ սիֆոններից, որոնք տեղակայվում էին սրճարաններում ու բարերում: Ռուսաստանում այն համարվում էր «պարոնների» ըմպելիք:

Այն անվանում էին  «զելտերյան» կամ «սելտերյան» ջուր, գերմանական Նիդերզելտերյան աղբյուրի անունով: Ռեստորանատեր  Իվան Իզլերը սովորական  ջրի մեջ ավելացրել էր նատրիումական աղ, կալցիում և մագնեզիում, քիմիական տարրեր, որոնք առկա են բնության մեջ: Համով այն նիդերզելտերյան հանքային ջրերից չէր տարբերվում, սակայն բուժիչ հատկություն չուներ, ինչով հայտնի էր բնօրինակը:

Պատերազմի ժամանակ, երբ շաքարը ռազմավարական  նշանակության մթերք էր, շատ երկրներում քաղցր փրփրող ըմպելիքները մոռացության մատնվեցին, բացի ԱՄՆ-ից: Պարզվեց, որ յանկիներն այնքան են սովորել գազավորված ջրերին, որ, առանց դրա յոլա չեն գնում: Կոկա-կոլան զինվորի օրապահիկի մասն էր կազմում:«Չոր օրենքի» շրջանում գազավորված ջուրն ավելի լայն կիրառություն ստացավ. դրանով փոխարինում կամ էլ քողարկում էին ալկոհոլային խմիչքները:  Օրենքը փոխվեց և  դարձյալ հօգուտ գազավորված ջրերի: Դրանք այժմ կիրառվում էին նաև կոկտեյլների  մեջ: 1930-ին գազավորված ջրերի շուրջ ծավալված աղմուկը հանգեցրեց  «Կոկա կոլայի» և «Պեպսի կոլայի» երկարամյա պատերազմի:

Սնանկացման վտանգի առջև կանգնած «Պեպսին» իջեցրեց գները` 5 ցենտ վերցնելով ոչ թե մեկ, այլ երկու շշի դիմաց: Այդ ճարահատյալ քայլը նրան առաջ մղեց, իսկ «Կոկան» կրնկակոխ հետևեց ախոյանին` ընդլայնելով տեսականին ու «Պեպսիին» ստիպելով նույնն անել: Գազավորված ջուրն Ամերիկայի միջով մի անտեսանելի սահմանագիծ քաշեց. հանրապետականները խմում էին կոկա, դեմոկրատները` պեպսի: «Մակդոնալդում» առաջարկում էին կոկա, Պիցցա Հաթում` պեպսի: «Կոկան» իր ավանդույթներն էր գովազդում, «Պեպսին» «նոր սերունդն ընտրում է պեպսի» կարգախոսով էր առաջ գնում: Մրցակիցներն  ի վերջո պայքարին չդիմացան ու միմյանց դեմ գործ հարուցեցին` մեղադրելով մենիշխանության ու գողության մեջ:

1980-ականներին «Պեպսին» գործի դրեց իր գաղտնի զենքը` շոու բիզնեսի աստղերին. Մայքլ Ջեքսոն, Կլաուդիա Շիֆֆեր, Սինդի Քրոուֆորդ , Բրիթնի Սփիրս: Վերջինիս հետ կնքված պայմանագիրը , իհարկե, չեղյալ հայտարարվեց այն օրից, երբ երգչուհու գլխին հարվածեցին «կոլայի» տարայով: Հայտնի է նաև, որ երկու կողմերի աշխատակիցներն էլ իրավունք չունեին մրցակիցների արտադրանքը օգտագործել, հակառակ դեպքում անմիջապես ազատվում էին աշխատանքից

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ  «կոլան» զինվորների ուսապարկերով տարածվեց աշխարհի տարբեր անկյուններում : Իսկ ամերիկացիները, որպես ավար, վերցրին գերմանական «ֆանտան»(fantastisch բառից), որը 1941-ին էր ստեղծվել ու սկզբում պատրաստվում էր խնձորի մզվածքից: Եվ միայն պատերազմից հետո «Կոկա-կոլան» սկսեց այն արտադրել նարնջի, կիտրոնի, խնձորի, արքայախնձորի, կիվիի ու այլ համերով:

Հիշեցնենք, որ ամերիկյան գլխավոր ըմպելիքի բաղադրատոմսը հայտնի է միայն մի քանի թոփ-մենեջերի: Ընկերությունն այն շատ խնամքով է պահպանում, ինչը համեմատելի է ռազմական գաղտնիքների պահպանման հետ: Եվ իզուր չէ, որ ԱՄՆ-ի ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ զբաղված է 200 հազար մարդ: Երկրում տարեկան արտադրվում է 300 մլրդ  արժողությամբ ոչ ալկոհոլային րտադրանք: Այս ծավալի 73%-ը գազավորված ջրերն են կազմում, 14%-ը`  հյութերն ու մյուս ջրերը և 13%-ը` սովորական ջուրը:

Սակայն, այս առատության մեջ էլ գազավորված ջուրն այն եզակի արտադրատեսակն է, որ պահպանում է պատրաստման տեխնոլոգիան ու գրեթե ստեղծման օրվանից մինչ  օրս չի փոխվել: Գազավորված ջրի գլխավոր բաղադրիչը որակյալ ջուրն է,ուստի  ցանկացած արտադրության մեջ կարևորվում է հիմնական ` ջրի  բազմաստիճան մաքրման փուլը:  Իսկ օշարակների ընտրության հարցում լիակատար ազատություն է, օրինակ` վերջերս Ճապոնիայում հայտնվեց «Pepsi Ise Cucumber»-ը, որը նշանակում է`«սառը վարունգ»: Իսկ Չինաստանում արտադրում են մարդարմատով (ժենշեն) բուժիչ լիմոնադ: Բոլոր դեպքերում ըմպելիքը պետք է քաղցր լինի: Գազավորված ջուրն իր թշշոցով ու պղպջակներով գիտակցության մեջ նույնանում է տոնի, ուրախության, մի խոսքով` քաղցր կյանքի հետ:

“Биография”

օգոստոս, 2009 թ.

Դիտվել է 1893 անգամ:
Print Friendly

Leave a Reply