Մինսկում տեղի է ունեցել տոնական համերգ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 2, 2010 17:48

Ս.թ. հունիսի 1-ին Մինսկի Երկաթուղայինների մշակույթի տանը բելառուսահայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ կայացավ տոնական համերգ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին, Շուշիի ազատագրմանը, մայիսի 28-ի Հանրապետության տոնին եւ Երեխաների միջազգային օրվան: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան բելառուսահայ համայնքի մշակութային խմբերը եւ անհատները, Բելառուսի երաժշտական ակադեմիայի ուսանողները, կիրակնօրյա դպրոցի սաները, հայ համայնքի բարեկամները։ Համերգի ընթացքում կայացավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» թեմատիկ խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանի եւ ԲՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ռազմական պատմության եւ միջպետական հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Լիտվինի «Խորհրդային Միության հերոս հայերը Բելառուսի համար կռիվներում (1941-1944թթ.)» գրքույկի շնորհանդեսը: Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով մայիսյան հաղթական լուսավոր տոների խորհրդին, նշեց, որ դրանք օտար լծի դեմ հայ ժողովրդի դարավոր պայքարի խոսուն վկայությունն են, նրա ոգու ամրության եւ ազատ ապրելու անկոտրում կամքի մարմնացումը: Հայաստանի դեսպանը, բելառուսահայ համայնքի ղեկավարությանը հանձնեց Մինսկի քաղաքային հայկական մշակութալուսավորչական ՀԱՅԱՍՏԱՆ միության 20-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը եւ շնորհակալություն հայտնեց բելառուսահայ համայնքի բոլոր այն նվիրյալներին, ում գործուն ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ «Խորհրդային Միության հերոս հայերը Բելառուսի համար կռիվներում (1941-1944թթ.)» գրքույկի հրապարակումը:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply