Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է երկրի կառավարության ներկայացուցիչների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 2, 2010 23:44

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) Սինգապուր կատարած իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար (միաժամանակ Սինգապուրի տրանսպորտի նախարար) պրն. Ռեյմոնդ Լիմի (Raymond Lim) հետ: Քննարկվեցին Հայաստանի և Սինգապուրի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խթանման, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցության ակտիվացման հարցեր: Երկուստեք շեշտվեց 2009թ. սեպտեմբերին Սինգապուրի Ավագ նախարար Լի Կուան Յուի Հայաստան կատարած այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Պրն. Լիմը տեղեկացրեց, որ փորձի փոխանակման առումով Սինգապուրը պատրաստ է Հայաստանին տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպել հատուկ կրթական ծրագրեր և դասընթացներ տնտեսության տարբեր բնագավառներում աշխատող ՀՀ քաղծառայողների համար: Ողջունելով բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն աշխուժացնելու հայկական կողմի առաջարկությունը` ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհակալությամբ ընդունեց Հայաստան այցելելու հրավերը և Սինգապուրի արտաքին գործերի նախարարի անունից պաշտոնապես հրավիրեց ՀՀ ԱԳ նախարարին այցելել Սինգապուր:

Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարար պրն. Լիմ Հընգ Կիանգի (Lim Hng Kiang) կայացած հանդիպման ընթացքում հիմնականում խոսվեց երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և գործարար շրջանակների միջև կապեր հաստատելու անհրաժեշտության մասին: Դեսպան Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես` բնական հյութեր, արդեն իսկ տեղ են գտել Սինգապուրի շուկայում, ինչպես նաև ներկայացված են այս օրերին ընթացող «Սինգապուրի սննդի էքսպո-2010» ցուցահանդեսում: Շեշտելով Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու սինգապուրյան կողմի պատրաստակամությունը` նախարար Կիանգը հակիրճ տեղեկատվություն տրամադրեց օտարերկրյա գործարարների միջև անմիջական կապեր հաստատելու նպատակով ստեղծված «Սինգապուր Միջազգային Ձեռնարկատիրություն» (IES – International Enterprise Singapore) և «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» (Singapore Business Federation) կազմակերպությունների մասին և խոստացավ նախարարության ամենայն աջակցությունը հայկական կողմի ապագա բոլոր նախաձեռնություններին:

Քննարկումների ընթացքում դեսպան Սարգսյանն անդրադարձավ նաև Սինգապուրում շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընաթացների կազմակերպմանն առնչվող հարցերին: Նախարար Կիանգը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սինգապուրյան կողմը Պետական ծառայության քոլեջի օժանդակությամբ Հայաստանի համար արդեն մշակել է հատուկ ծրագրեր և մոտ ապագայում կարող է ընդունել հայ մասնագետներին:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply