«Պատրաստ ենք դիմել օրենքով սահմանված ցանկացած միջոցի` տապալելու ազգադավ ու անհեթեթ նախագիծը»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2010 21:57
Այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդրանիկ համաժողովը: Որոշվեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու ՀՀ կառավարության նախագիծն անընդունելի է, քանի որ այն մեծագույն հարված է Հայաստանի անկախությանն ու հայոց ինքնությանը:
Նախաձեռնության անդամների հայտարարություն-ուղերձում ասվում է, որ Կառավարությունից պետք է անհապաղ ետ վերցվի “Լեզվի մասին” և “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը, իսկ Ազգային ժողովը ոչ մի դեպքում չընդգրկի այն նիստերի օրակարգ:
«Համարում ենք, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել` կրթության որակը բարելավելու ուղղությամբ` ներառյալ օտար լեզուների դասավանդումը: Պատրաստ ենք դիմել օրենքով սահմանված ցանկացած միջոցի` տապալելու ազգադավ ու անհեթեթ նախագիծը»,-նշված է հայտարարության մեջ:
Համաժողովին ներկա քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային ոլորտի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտեցին օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում հնչող ելույթներն ուղեկցվում էին բուռն ծափահարություններով ու մեկնաբանություններով:
Ի դեպ, ներկաներն անթաքույց հպարտություն էին զգում, որ կրկին հասարակության սերուցքը միավորվել է և զինվել մինչև վերջ պայքարելու հաստատակամությամբ:
Համաժողովի վերաբերյալ մանրամասներ կներկայացվեն վաղվա “Անկախ”շաբաթաթերթում`առանձին հոդվածով:
Անի Գասպարյան






Facebook
Tweet This
Email This Post
