Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ …
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2010 16:25
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նիստի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկել և սպառնացել Իսրայելին` Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերի ուղևորների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի համար:
Zaman օրաթերթի փոխանցմամբ` իր երկարաշունչ ճառի ընթացքում Թուրքիայի վարչապետը խոսել է նաև օրեր առաջ Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցելության մասին` իր կուսակիցներին հիշեցնելով արգենտինյան այցելությունը չեղյալ հայտարարելու պատճառները:
«Ինչպես որ մենք ենք կարևորում յուրաքանչյուր երկրի արժեքները և հանդուրժողաբար մոտենում դրանց, յուրաքանչյուր երկիր էլ պետք է նույն կերպ մոտենա մեր արժեքներին: Բնականաբար, օգտակար եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել սա` հայկական Սփյուռքի նման գործողությունները, հստակ ասում եմ, որևէ օգուտ չեն կարող բերել ոչ Հայաստանին, ոչ հայ ժողովրդին, ոչ էլ երրորդ երկրներին: Ընդհակառակը` վնաս են բերում: Սփյուռքի գործողություններն ինչքան որ դժվարին կացության մեջ են դնում Հայաստանին, այնքան էլ անպատասխանատու ձևով դժվարին վիճակի մեջ են դնում երրորդ երկրներին, ինչպես եղավ Արգենտինայի դեպքում: Բոլոր նրանք, ովքեր հանուն ներքաղաքական շահերի անձնատուր են լինում հայկական Սփյուռքին և դառնում նրա գերին, հուսով եմ՝ շուտով կտեսնեն՝ ինչքան վնաս են տալիս և՛ Հայաստանին, և՛ իրենց երկրներին»,- հայտարարել է Թայիփ Էրդողանը:
Հիշեցնեք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լատինաամերիկյան շրջագայության շրջանակում չեղյալ էր հայտարարել մայիսի 30-31-ն Արգենտինա նախատեսված այցելությունը: Այցը չեղյալ էր հայտարարվել այն պատճառով, որ արգենտինահայ համայնքի ջանքերով Բուենոս Այրեսի իշխանությունները հրաժարվել էին քաղաքում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:






Facebook
Tweet This
Email This Post
