Մանկապղծության համար…երկու տարվա ազատազրկում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 25, 2010 16:05

ձախից՝ Լևոն Ավագյանը և իր փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը

Շուրջ մեկ ամիս տևած դատաքննությունից հետո Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Արտուշ Գաբրիելյան) վճիռ  կայացրեց` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանին դատապարտելով 2 տարվա ազատազրկման:  Մանկապղծության մեջ մեղադրվող ուսուցչի դատավարությունը  սկսվել է ապրիլի 26-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով` անառակաբարո գործողությունների կատարում 16 տարին չլրացած անձանց նկատմամբ` բռնության գործադրմամբ: Քրեական օրենսգիրքը անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության համար նախատեսում է առավելագույնը 2 տարի ազատազրկում, իսկ նույն գործողությունների կատարումը բռնության կիրառմամբ պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ, ընդհանուր առմամբ ստացվում է 5 տարվա ազատազրկում:

Դատարանի հրապարակած վճռում նշվում է, որ «2006-2008 թթ. Ավագյանն իր սեռական կրքերին հագուրդ տալու համար ակնհայտ 16 տարին չլրացած աշակերտների նկատմամբ բռնության գործադրմամբ և նաև առանց բռնության կատարել է անառակաբարո գործողություններ»:

Գործում ներգրավված էր  5 տուժող, ում նկատմամբ Ավագյանը սեռական ոտնձգություններ է կատարել, երբ նրանք եղել են 12-15 տարեկան: Ավագյանը նրանց հետ  պարբերաբար տարբեր պատրվակներով մենակ է մնացել և կատարել անառակաբարո գործողություններ: Դատաքննության ընթացքում ի հայտ են եկել նաև ավելի վաղ տեղի ունեցած դեպքեր, որոնք ապացուցում են, որ Ավագյանն առնվազն 23 տարի սեռական ոտնձգություններ է կատարել իր աշակերտների նկատմամբ, նրանց ծեծել ու խոշտանգել է, սակայն դատարանն այդ դեպքերի համար հետապնդում չի իրականացրել՝ համարելով, որ դրանց վաղեմության ժամկետն անցել է:

Տուժողների իրավապաշտպան Ավագ Լալայանն ասում է, որ  Ավագյանին պետք է մեղադրանք առաջադրվեր թե՛ ծեծի,  թե՛ խոշտանգումների մասով (անչափահասների խոշտանգումների համար քրեական օրենսգիրքը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում): «Եթե մեր փաստարկները ներկայացնեինք, ավելի խիստ պատիժ կստանար: Ավագյանն իր  մեղքն ընդունել է, քանի որ այդպես ավելի մեղմ պատիժ ստանալու հնարավորություն կար»,- ասում է Լալայանը:

Դատավարությունից դժգոհ էին նաև տուժողները: Նրանցից  Հ.Ս.-ն   նշում է, որ  2 տարին շատ քիչ է որպես պատիժ. «Հույս ունեի, որ գոնե 3-4 տարի կազատազրկեն, որ հասցնի իր սխալը հասկանալ»:

Դատավարության ժամանակ, երբ Ավագյանը միջնորդեց կիրառել արագացված դատաքննություն, տուժողների իրավապաշտպանները դատարանին տեղեկացրին, որ փաստեր ունեն, որոնք ներկայացնելու դեպքում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը կխստացվի: Տուժողներին ձայնի իրավունքից զրկելով խախտվում է արդարադատության բուն սկզբունքը:  Դատարանը, սակայն, մերժեց տուժող կողմի միջնորդությունը և որոշեց կիրառել արագացված դատաքննություն: Այս դեպքում չեն լսում գործով վկաներին, չեն քննվում առկա փաստերը, իսկ ամբաստանյալի պատիժը չի կարող գերազանցել օրենքով նախատեսված առավելագույն պատժի 2/3-ը:

Չնայած դատախազ Կարեն Բատիկյանը նախնական մեղադրական եզրակացությունում դեմ էր արտահայտվել  արագացված դատաքննությանը, սակայն դատավարության ժամանակ փոխեց իր կարծիքը:

Արդեն արագացված դատաքննությունում դատավորն ու դատախազը ամբաստանյալի հանցանքը ծանրացնող փաստ համարեցին այն, որ նա հանցագործություն է կատարել անօգնական վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Իսկ նրա պատիժը մեղմացնող հանգամանքներ համարեցին 30-ամյա մանկավարժական գործունեության ընթացքում ստացած բազմաթիվ գովասանագրերն ու նախկին աշխատավայրի և նրան ճանաչող այլ անձանց բնութագրերը, ինչպես նաև նախկինում  դատված չլինելը:

Դատախազ Բատիկյանը վերջնական խոսքում  զարմանք հայտնեց, թե ինչպես մանկավարժը կարող է լինել այդքան դաժան. «Անհասկանալի է, թե ինչու են նրան տվել այդքան գովասանագրեր: Երևի  դաժանության շնորհիվ է կարողացել այդքան ժամանակ գաղտնի պահել իր անառակաբարո գործողություններն աշակերտների նկատմամբ»:

Դատաքննությամբ պարզվել է, որ  երբ դպրոցի նախկին աշակերտ Մ.Գ.-ն տեղեկացել է, թե ինչպես է վարվել Ավագյանն իր ընկերուհիների հետ, սպառնացել է, որ ամեն ինչ կպատմի տնօրենին: Ի պատասխան՝ Ավագյանը սպառնացել է աշակերտուհուն և նրան տեղափոխել գիշերամիզություն ունեցող  երեխաների սենյակ:  Մ.Գ-ն  Ավագյանի արարքների մասին տեղեկացրել է դաստիարակներին, սակայն նրանք չեն հավատացել: Իսկ դպրոցի աշխատակից Աշոտ Ղադյանը սպառնացել է Մ.Գ-ին. «Աղմուկ  չհանես, թե չէ գլուխդ կջարդեմ»: Մ.Գ.-ն, վախենալով սպառնալիքներից  և չդիմանալով Ավագյանի պատիժներին,  փախել է դպրոցից: Պարզվել է նաև, որ  Ավագյանը 2006-ին պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել տուժող Հ.Ս-ի և մյուս մյուս տուժածների նկատմամբ: 1988-ի Ավագյանը  բոլորի ներկայությամբ դաժանորեն ծեծել է Մ.Ժ-ին իր գործողությունների մասին ուսուցիչներից մեկին հայտնելու համար: Նա նաև ստիպել է աշակերտներին, որ միմյանց հետ կռվեն մինչև կռվողներից մեկի արյունլվա դառնալը, իսկ ինքը նստել և դիտել է կռիվը:

Դատախազն  Ավագյանի գործողությունները որակեց որպես մանկապղծություն, ապա տեղեկացրեց, թե աշխարհում ինչ պատիժներ են սահմանված մանկապղծության համար` մահապատիժ, ամորձատում, ցմահ բանտարկություն:

Այնուհետև առաջարկեց Ավագյանին ազատազրկել 1,5 տարի ժամկետով: Իսկ  Ավագյանի փաստաբան Վիկտորիա Կիրակոսյանը, որ ողջ դատավարության ընթացքում իր ռեպլիկներով միջամտում էր  տուժողների իրավապաշտպանների խոսքին, դատարանին կոչ արեց իր պաշտպանյալի համար կիրառել ազատազրկման հետ կապ չունեցաղ պատիժ: «Եթե կա մեկը, որ մեղք չի գործել, թող առաջինը քար նետի»:

Դատավարության վերջին երկու նիստերին նախորդեցին դատարանի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները. հավաքվածները բողոքում էին, որ տարիներ շարունակ իր աշակերտներին խոշտանգած ու բռնաբարած ուսուցչին ուզում են ընդամենը 1,5 տարի ազատազրկել: Ցուցարարները Ավագյանին «ամոթ» վանկարկումներով ուղեկցում էին մինչև դատարան, ապա  նաև մինչև մեքենա:

Ցուցարարներից Մարիամ Սուխուդյանն ասում է, որ ըստ դպրոցի նախկին սաների` նրանք բազմիցս դիմել են ուսուցիչներին, պատմել եղելությունը, սակայն վերջիններս որևէ քայլ չեն ձեռնարկել:  Դպրոցում երեխաների նկատմամբ բռնություններ են գործադրել նաև անձնակազմի անդամները: Դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը դեռևս շարունակում է ղեկավարել կրթական հաստատությունը, մինչդեռ, ըստ Սուխուդյանի, պարզվել է, որ նա աշակերտներին դաժանաբար ծեծել  ու խոշտանգել է, նրանց  ներգրավել հարկադիր աշխատանքի մեջ, նաև առողջ երեխաներին կեղծ փաստաթղթերով մտավոր խնդիրներ ունեցողների դպրոց է ընդունել: «Անգամ  ԿԳ նախարար Աշոտյանը հայտարարեց, որ  դպրոցից 4 առողջ երեխայի տեղափոխել են  այլ  դպրոց: Ինչո՞ւ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել»,- հարց է բարձրացնում Սուխուդյանը:

Դիտվել է 2328 անգամ:
Print Friendly

Leave a Reply