ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հուսով Է, որ Ադրբեջանը գազը կարտահանի Արեւմուտք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2010 15:42
Եվրասիական Էներգետիկական հարցերի գծով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մոռնինգսթարը երեքշաբթի օրը լրագրողներին ասել Է, թե հուսով Է, որ Ադրբեջանի գազի պաշարները կարտահանվեն արեւմտյան ուղղությամբ:
«Բնավ չեմ կասկածում, որ Հարավային միջանցքը կդառնա լիովին հաջող նախագիծ, դրան վերաբերվում եմ շատ դրականորեն, եւ հուսով եմ, որ Ադրբեջանի գազի պաշարները կուղղորդվեն հենց արեւմտյան ուղղությամբ»,- ասել Է նա՝ նշելով, որ, «ինչի (հատկապես որ նախագծի) միջոցով դա կիրագործվի, վերաբերում Է զուտ կատարողական հարցերին, եւ այս ուղղությամբ ընթանում են շատ դրական աշխատանքներ»: Հարավային Էներգետիկական միջանցքի շուրջը հռչակագիրն ստորագրվել Է 2009 թվականի մայիսին Պրահայում Եվրամիության գագաթնաժողում:
Հարավային Էներգամիջանցքը ներառում Է «Նաբուկո», TGI (Թուրքիա – Հունաստան – Իտալիա) եւ TAP (Անդրադրիատիկական գազատար) գազատարների նախագծերը: «Նաբուկո» նախագիծը ենթադրում Է Կասպիական տարածաշրջանից բնական գազի փոխադրումը Եվրոպայի երկրներ Ռուսաստանի շրջանցմամբ՝ Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Հունգարիայով, Ռումինիայով եւ Ավստրիայով: Այն նախատեսված Է տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր գազի փոխադրման համար, ինչը կկազմի 2020 թվականին Եվրամիության գազի կարիքների 5 տոկոսից ոչ ավելին:
Շուրջ 800 կիլոմետր երկարությամբ TGI գազատարը պլանավորում Է կասպիական գազի փոխադրումը Թուրքիա – Հունաստան – Իտալիա ուղեգծով: Գազատարի կարողությունը ենթադրվում Է 8 – 10 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում: Պլանավորվում Է գործարկել 2012 թվականին: Գազատարի բաժնետերերն են Հունաստանի Depa գազի ընկերությունը եւ Իտալիայի Edisson-ը: 520 կիլոմետր երկարությամբ TAP գազատարով պլանավորվում Է Հարավ – արեւելյան Իտալիային գազ մատակարարել Հունաստանի եւ Ալբանիայի տարածքով: Գազատարը ներառում Է 115-կիլոմետրանոց ստորջրյա հատվածն Ալբանիայից մինչեւ Իտալիա:
Գազատարի շահագործումը նախատեսված Է 2011 թվականին: Դրա սկզբնական թողունակությունը կկազմի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ այն հասցվելով մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետրի: Մոռնինգսթարն ըստ որում նշել Է, որ ԱՄՆ-ը կրկին իր պաշտպանությունն Է հայտնում Հարավային միջանցքի նախագծերին, ներառյալ «Նաբուկո»-ին: «Ինչ վերաբերում Է այն բանին, թե կոնկրետ որ նախագծին, խողովակաշարին Է տրվում առաջնահերթությունը, դրանցից որը կիրագործվի, կախված կլինի առեւտրային որոշումից:
Մենք հուսով ենք, որ, այն դեպքում, եթե պաշարներ գտնվեն դրա իրագործման համար, Եվրոպայի շուկաներին Ադրբեջանի գազի մատակարարումները կիրականացվեն հենց «Նաբուկո» նախագծի միջոցով»,- ասել Է նա: Մոռնինգսթարի խոսքով, ԱՄՆ-ը հավատում Է, «որ «Նաբուկո»-ն կարեւոր նշանակություն ունի ինչպես քաղաքական, այնպես Էլ ռազմավարական տեսակետից, սակայն հենց առեւտրային տեսակետից ընդունվող որոշումը կվճռի, թե որ նախագիծը կիրագործվի»:






Facebook
Tweet This
Email This Post
