ԱՄՆ-ը մինչև տարեվերջ կլուծի Կիպրոսի խնդիրը
Օրվա լուր | ankakh | June 30, 2009 14:51
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև տարեվերջ կլուծի Կիպրոսի խնդիրը:
Նիկոսիայում գտնվող Բրայզան երեկ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորգո Յակովուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ը չի մասնակցում Կիպրոսի վերամիավորման հարցով երկու ժողովուրդների առաջնորդների միջև ընթացող բանակցություններին, սակայն հետաքրքրված է կղզում երկու հասարակություններից, երկու մասերից կազմված դաշնության հիմքով վերամիավորվելու հարցով:
Բրայզան ողջունել է կղզու կողմերի միջև ևս մեկ սահմանադռան` Յեշիլըրմաքի բացման վերաբերյալ կիպրոսցի առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնությունը: «Դա շատ օգտավետ կլինի տարածաշրջանի երկու ժողովուրդների համար էլ, -ասել է Բրայզան,- ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է օգնելու կողմերին` կղզու խնդրի լուծման հարցում, և առանց կողմերի համաձայնության` Վաշինգտոնը տրամադրված չէ որևէ ծրագիր և ձեռնարկում ներկայացնել»:
Բրայզան մտադիր է Նիկոսիայում հանդիպել Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հետ:
Իսկ Հունաստանի Կորֆու կղզում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավուդօղլուի և Դորա Բակոյանիսի միջև համաձայնություն է ձեռք բերվել` թուրք-հունական գործընթացում երկխոսությունը մեծացնելու ուղղությամբ:
Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարները որոշել են համագործակցել փախստականների, փոքրամասնությունների, Էգեյան ծովի հարցերում, ինչպես նաև Կիպրոսի խնդրի լուծման գործում:






Facebook
Tweet This
Email This Post
