Էրդողանի Արգենտինա այցից հրաժարվելն այն գինն է, որը Թուրքիան վճարում է Ցեղասպանության համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 2, 2010 13:50

Չբավարարվելով տարածաշրջանը տիրապետելու իր նոր օսմանյան քաղաքականությամբ, Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցության ծիրը շատ ավելի հեռուներում` երկրագնդի չորս կողմերում:

Սակայն, երբ Թուրքիան պաղեստինցիների տառապանքների նկատմամբ ձևական կարեկցանք ցուցաբերեց իսլամական աշխարհը սիրաշահելու համար, նա շրջվեց իր վաղեմի քաղաքական և ռազմավարական գործընկեր Իսրայելից և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից:

Վերջերս Բրազիլիայի նախագահի հետ Իրան կատարած և լայնորեն լուսաբանված իր այցից քաջալերված, ինչպես նաև Հարավային Ամերիկայի երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարաճուն ճանաչմանը հակազդելու մղումով տոգորված, վարչապետ Էրդողանն անցյալ շաբաթ ձեռնամուխ եղավ իր առաջին ուղևորությանը Արգենտինա, Բրազիլիա և Չիլի:

Արգենտինայում Թուրքիայի դեսպանն այս այցը նախապատրաստելիս եռանդուն աշխատանքներ էր տարել տեղական իշխանությունների հետ, որպեսզի թույլատրեն Էրդողանին, յոթ նախարարների և 300 գործարարների ուղեկցությամբ, հանդիսավորությամբ բացել Քեմալ Աթաթուրքի կիսանդրին Բուենոս Այրեսի խոշոր զբոսայգիներից մեկում:

Ի պատասխան թուրք դեսպանի լոբբիստական ջանքերի, տեղի հայկական համայնքը անցավ հակահարվածների՝ վճարովի հայտարարություններ տեղադրելով երկու խոշոր թերթերում և Բուենոս Այրեսի քաղաքապետարանից պահանջելով չմեծարել Աթաթուրքին, վերջինիս մեղադրելով Երիտթուրքերի վարչակարգի նախաձեռնած Ցեղասպանությունը շարունակելու մեջ: Հայերն իրենց բողոքն արտահայտեցին նաև Էրդողանի այցի դեմ՝ մեղադրելով նրան Ցեղասպանության ժխտողական կառավարություն գլխավորելու համար:

Բուենոս Այրեսի իշխանությունները դրականորեն արձագանքեցին հայերի մտահոգություններին` շնորհիվ տեղի հայ համայնքի հետ ունեցած վաղեմի ջերմ կապերի: Ավելին, վերջին տարիներին քաղաքային իշխանությունները երկու դասագիրք են հրատարակել Հայոց ցեղասպանության մասին, որոնցով դասավանդում են քաղաքի դպրոցներում: Կարևոր է, որ այդ դասագրքերում լուսաբանված է Աթաթուրքի ունեցած դերն իր նախորդների ցեղասպան գործունեությունը շարունակելու գործում:

Թուրքական պլանները վերջիվերջո ձախողվեցին, երբ բացահայտվեց, որ Թուրքիայի դեսպանը փորձել էր խաբել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին: Նա կեղծորեն պնդել էր, թե պարզապես թույտվություն է հայցում Աթաթուրքի՝ մի քանի տարի առաջ իբր թե կորած կիսանդրին փոխարինելու համար: Դեսպանը քաղաքային իշխանություններից խնդրել էր շտապ որոշում կայացնել, որպեսզի Աթաթուրքի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունենա Թուրքիայի վարչապետի՝ մայիսի 31-ին Արգենտինա կատարելիք այցի ժամանակ:

Թուրքիայի դեսպանի պահանջները քննարկելիս, Բուենոս Այրեսի իշխանությունները հայտնաբերեցին, որ Աթաթուրքի կիսանդրին այդ զբոսայգում երբեք չի եղել: Իրականում այդ տեղում եղել է մարդու իրավունքների եգիպտացի նշանավոր պաշտպանի կիսանդրին: Արգենտինայի խոշոր արաբական համայնքը չափազանց վրդովվել էր, իմանալով, որ թուրք դեսպանը կեղծ փաստարկներ բերելով, փորձել էր իրենց սիրելի հերոսի կորած կիսանդրին փոխարինել Աթաթուրքի կիսանդրով:

Թուրքիայի դեսպանը միտումնավոր կեղծել էր փաստերը` շատ լավ գիտակցելով, որ քաղաքային իշխանությունները չեն համաձայնի օրենք ընդունել, որով կթույլատրվի Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը: Դեսպանը փորձել էր խաբել նրանց` խնդրելով թույլ տալ պարզապես փոխարինել «կորած» կիսանդրին:

Երբ Էրդողանն իմացավ, որ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը չի կայանալու, նա Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներից պահանջեց վերանայել քաղաքային իշխանությունների որոշումը: Սակայն, Կիրշները բացատրեց, որ նա այդպիսի քայլ անելու իրավասություն չունի, քանզի Բուենոս Այրեսը ինքնուրույն ղեկավարություն ունի, և տեղական հարցերին միջամտելու ցանկացած փորձ Արգենտինայի ժողովրդավարական սահմանադրության խախտում կլինի:

Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Աթաթուրքի երկրպագուն չէ, այլ` իսլամիստ, սակայն նա ստիպված էր պաշտպանել Թուրքիայի հարգված հիմնադիր և ազգային հերոս Աթաթուրքի «պատիվը»: Հակառակ դեպքում, տուն վերադառնալով վարչապետը լուրջ հարձակումների թիրախ կդառնար թուրք ազգայնականների և հզոր բանակի կողմից: Վերջին հարցախույզերի համաձայն նրա կուսակցությունը (AKP) իշխանության գալուց հետո առաջին անգամ մի փոքր զիջում է ընդդիմադիր Քեմալիստական կուսակցությանը (CHP), որը կարող է լուրջ անհանգստության պատճառ դառնալ վարչապետի համար հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս իրավիճակում, Էրդողանը ստիպված էր չեղյալ հայտարարել իր չափից ավելի գովաբանված ուղևորությունը Արգենտինա` Բրազիլիա այցելելուց հետո: Զարմանալի չէ, որ Թուրքիայի ԱԳՆ-ը զայրույթով մեղադրեց Արգենտինայի հայ համայնքին` վարչապետի վճռորոշ այցը ձախողելու համար:

Առաջին անգամ է, որ Թուրքիայի մի վարչապետ ստիպված է ընդհատել իր արտասահմանյան այցը՝ հայ համայնքի աչալրջության շնորհիվ: Պետք է արժանին մատուցել արգենտինահայերին իրենց արդյունավետ գործունեության համար: Աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հետևեն նրանց օրինակին` իրականացնելով օրենքի շրջանակներում թույլատրելի բոլոր միջոցները թուրք պաշտոնյաների այցերը, ռազմական և առևտրային պայմանագրերը չեղյալ հայտարարելու, ինչպես նաև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ուղղությամբ, ընդհուպ մինչև դեսպանների հետկանչը:

Թուրքիայի ղեկավարներին պետք է մշտապես հիշեցնել իրենց նախնիների գործած զանգվածային ոճրագործությունների մասին: Քանի դեռ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում չի կատարել, ապա ստիպված է քաղաքական ու տնտեսական շատ թանկ գին վճարել տարիներ շարունակ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դիտվել է 1616 անգամ:
Print Friendly

Leave a Reply