Նախագահ Սարգսյանն այցելել է Դոնի Ռոստովի հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 2, 2010 13:38

Աշխատանքային այցով Դոնի Ռոստովում գտնվող Նախագահ Սարգսյանն այցելել է տեղի հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի, պատմա-ազգագրական թանգարան, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին:

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի Նախագահն ասել է. ՙԴոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին եւ քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի Նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով£ Նկատի ունեմ, որ իմ թիկունքին են մեծանուն նորնախիջեւանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը եւ շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար: Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում եւ աշխատում են այստեղ, եւ կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները:Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու է: Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է եւ բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի`Ռուսաստանի եւ պատմական հայրենիքի`Հայաստանի միջեւ: Ավելին` կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար՚:

Խոսելով Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. ՙԴուք իհարկե տեղյակ եք, որ մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղ`Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ՚:

Հայաստանի ղեկավարը խոսել է նաեւ երկրի ներքին կյանքի, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման եւ տնտեսության վերականգնման մասին:

Ավարտելով խոսքը` Նախագահ Սարգսյանն ասել է. ՙՄենք մեր պատմությունն ենք կերտում: Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին: Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով: Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը:Աշխատենք ձեռք ձեռքի տված`Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply