Ֆինանսական հաշվետվությունները կդառնան առավել արժանահավատ և թափանցիկ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 2, 2010 13:00

Այսօր   ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ  փոքր և միջին կազմակերպությունների (ՓՄԿ) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի թարգմանության հանձնման պաշտոնական արարողությունը: ՓՄԿ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը թարգմանվել և խմբագրվել է USAID–ի ֆինանսավորմամբ Հայաստանում ֆինանսական համակարգի կայունացման փորձնական ծրագրի շրջանակում:

Հայաստանյան կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի կիրառումը, որն ապահովում է միջազգայնորեն ընդունված ժամանակակից հաշվապահական չափանիշներ, կբարձրացնի այդ կազմակերպությունների` մասնավորապես ՓՄԿ-ների ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը և կապահովի դրանց թափանցիկությունը:

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան  ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության  (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Ջատինդեր Չիման, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների և միջազգային այլ կազմակեպությունների ներկայացուցիչներ:

ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը իր խոսքում կարևորեց ՓՄԿ-ների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի նշանակությունը հայաստանյան ընկերությունների նկատմամբ վստահության բարձրացման, կապիտալի միջազգային շուկաների հասանելիության և, որպես հետևանք, Հայաստանում ներդրումների խթանման գործում: Իր հերթին USAID հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Չիման նկատեց, որ նշված ստանդարտի ներդրումը և կիրառումը Հայաստանում երաշխիք կհանդիսանա, որպեսզի տեղական և օտարերկրյա ներդրողներն իրենց ներդրումային որոշումները կայացնեն` կազմակերպությունների թափանցիկ և իրատեսական ֆինանսական տեղեկատվության հիման վրա:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply